Պետռեգիստրի գործակալությունը «հայտնաբերել» է 1 տոննա կոկաինի գործով անցնող ընկերության կալանավորված տնօրենին
Օգոստոսի 24-ին գրել էինք, որ Պետռեգիստրի գործակալությունը կասեցրել է 1 տոննա կոկաինի գործով անցնող, Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աթաջանյանի դեմ հարուցված վարչական վարույթը։
Վարույթը հարուցվել էր այն բանից հետո, երբ պարզել էինք, որ Միհրան Պողոսյանի հայտարարությունը և «Մրգենի» ՍՊԸ-ի ներկայացրած իրական շահառուների (ԻՇ) մասին հայտարարագիրը հակասում են իրար։ Այսպես, Միհրան Պողոսյանը տեսանյութում պնդել էր, որ ընկերության իրական շահառուն և սեփականատերը ինքն է։ Սակայն, ըստ ընկերության հայտարարագրի, «Մրգենի» ՍՊԸ-ի ԻՇ-ն Լևոն Աթաջանյանն էր։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցրել էինք՝ նախարարությունն այս հայտարարության վերաբերյալ որևէ վարույթ նախաձեռնե՞լ էր, որևէ ստուգում իրականացրե՞լ էր, թե՞ ոչ։ Մեր հարցման ի պատասխան Պետռեգիստրի գործակալությունից տեղեկացրին վարչական վարույթ հարուցելու մասին։
Վարույթի շրջանակներում գործակալությունը պետք է պարզեր՝ արդյոք «Մրգենի» ՍՊԸ-ն անզգուշությամբ էր սխալ ներկայացրել ԻՇ հայտարարագիրը, թե՞ կեղծ տվյալներ էր ներկայացրել։
Ինչպես արդեն նշել ենք, գործակալությունը վարույթը հարուցելուց մոտ մեկ ամիս անց այն կասեցրել էր, քանի որ չէր հայտնաբերել կալանավորված Լևոն Աթաջանյանին։
Գրել էինք, որ վարույթի կասեցման պատճառը առնվազն տարօրինակ էր, քանի որ Աթաջանյանը մայիսից մինչև հիմա կալանավորված էր։
«Հետքի» այս հրապարակումից օրեր անց՝ օգոստոսի 29-ին, Պետռեգիստրի գործակալությունից ստացանք գրություն։
«Պետական ռեգիստրի գործակալության կողմից արդեն գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը, որով Պետական ռեգիստրի գործակալությունը խնդրել է ապահովել վարչական իրավախախտման վարույթ հարուցելու մասին որոշման և վարչական իրավախախտման արձանագրության կազմման նպատակով ծանուցագրի հանձնումը Լևոն Աթաջանյանին։ Վերջինիս կողմից համապատասխան փաստաթղթերը պատշաճ ստանալու մասին փաստաթուղթը Պետական ռեգիստրի գործակալություն մուտքագրվելու օրվանից վարչական իրավախախտման վարույթը կվերսկսվի։»,-ասված է գրությունում։
Փաստորեն, գործակալությունը մտադիր է վերսկսել վարչական վարույթը, որը մեկ ամսվա ընթացքում հասցրել էր հարուցել այնուհետև կասեցնել։
Ի դեպ, Պետռեգիստրի գործակալությունը իրավասություն չունի ստուգելու ընկերությունների՝ ԻՇ մասին հայտարարագրերի իսկությունը մինչև դրանց հրապարակումը։
Չնայած ԻՇ մասին հայտարարագիր ներկայացնելը պարտադիր է, կան ընկերություններ, որոնք չեն պահպանում սահմանված ժամկետներն ու դեռևս չեն ներկայացրել հայտարարագրերը։
Մեկնաբանել