HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան պաշտոնապես հայտարարել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի փոփոխության մասին

Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։ Այդ մասին նշվում է Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմի սեպտեմբերի 4-ի տեղեկագրում։

Նշվում է, որ անձնակազմի հրամանատարությունը Կուլակովի վրա դրվել է սեպտեմբերի 3-ից։  

2017 թվականի մարտից Կիրիլ Կուլակովն զբաղեցնում էր Կազանի բարձրագույն ռազմահրամանատարական ուսումնարանի պետի պաշտոնը։ Նա խաղաղապահ անձնակազմի հրամանատարի պաշտոնում փոխարինել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին, որը նշանակվել էր 2023 թվականի ապրիլին։ Թե կոնկրետ որն է այս փոփոխության պատճառը, ռուսական կողմը չի նշում։ 

Վերջին շրջանում հայկական կողմը բացահայտ դժգոհում է Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմի անգործությունից։ Իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր գործողություններով կամ անգործությամբ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից։ 

Նրա խոսքով՝ Հայաստանն Արցախի հետ կապող Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, սակայն գործնականում դա այդպես չէ։ 

Դրանից հետո Մոսկվան, ռուսական TACC գործակալության միջոցով, իր վրդովմունքն էր հայտնել Փաշինյանի տոնայնությունից։ «Մոսկվայում խիստ դժգոհ են Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի արտահայտություններից ու Հայաստանի ԱԳՆ օգոստոսի 31-ի մեկնաբանությունից։ Մոսկվայում դրանք գնահատում են որպես տոնայնությամբ ու բովանդակությամբ անընդունելի՝ սեփական սխալ հաշվարկների ու սխալների համար պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու նպատակով»,- նշել էր ռուսական գործակալության դիվանագիտական աղբյուրը։

Աղբյուրը նաև «անհիմն» էր անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ժամանակ Ռուսաստանի բացարձակ անտարբերության վերաբերյալ պնդումները։ Ըստ նրա՝ երկու երկրների ԱԳՆ-ների ու ՊՆ-ների միջև խորհրդակցություններ են եղել, ինչպես նաև տարածաշրջան են այցելել ՀԱՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչները։ 

Լուսանկարը՝ Максим Богодвид / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter