HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Որևէ ապօրինի ծագում ունեցող գույք Վլադիմիր Գասպարյանը չունի». փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 9-ին, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, որդու, դստեր և զոքանչի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Պատասխանողների ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը շարունակեց իր հարցադրումները՝ հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ: Ասատրյանը հարցրեց դատախազ Համլետ Հարությունյանին, թե ուսումնասիրության սկզբի համար ընդունել են, որ Վլադիմիր Գասպարյանը ունեցել է պայմանական 0 դրա՞մ: Դատախազ Հարությունյանը դրական պատասխան տվեց:

Ասատրյանի հաջորդ հարցը տրանսպորտային միջոցներին էր վերաբերում: Նա հարցրեց, որ եթե մեքենայի արժեքը հնարավոր չի եղել որոշել, և փորձագետի եզրակացությունն են հինք ընդունել, ապա ինչու՞ է փորձագետը մեքենան գնահատել շուկայական արժեքի միջին թվաբանականով և չի վերցրել նվազագույն շեմը: Դատախազն ասաց, որ հաշվի են առել մեքենայի միջին վիճակը, չգիտեն` մեքենան ինչ վիճակում է, գուցե ավելի լավ կամ ավելի վատ վիճակում է, ուստի ելել են այն կանխավարկածից, որ ոչ հօգուտ անձի լինի, ոչ ի վնաս: 

Ասատրյանը հարցրեց նաև Գասպարյանի զոքանչ Հեղուշ Գալստյանի մասին: Ըստ Ասատրյանի` դատախազությունը նշել է, թե Հեղուշ Գալստյանը ունեցել է ԱՁ և տնտեսական գործունեություն է ծավալել, փաստաբանը հարցնում է՝ ինչպե՞ս կարող էր դատախազությունը ուսումնասիրության մեկնարկին համարեր, որ Գալստյանը ունեցել է 0 դրամ: «Ի վերջո, Հայաստանում մի ձև ապրել են, չէ՞»,- ասաց Ասատրյանը:

Դատախազն ասաց, որ տեղեկություն չեն ստացել, թե Հեղուշ Գալստյանը տնտեսական գործունեություն ծավալե՞լ է, թե՞ չէ, եկամուտ ստացե՞լ է, թե՞ չէ: Ըստ Համլետ Հարությունյանի` միայն տեղեկություն ստացել են այն մասին, որ Հեղուշ Գալստյանը գրանցված է որպես ԱՁ և ստացել են տեղեկություն նրա կողմից եկամուտ ստացած չլինելու մասին:

Ասատրյանն ասաց նաև, որ այս գործի շրջանակներում Վլադիմիր Գասպարյանը դիտվել է մի քանի ընկերությունների իրական շահառու և այդ ընկերություններում գոյացած հասույթը փոխկապակցվել է նախկին ոստիկանապետի հետ: Սակայն դատախազն ասաց, որ հայցադիմումի փաստական մասում նման բան չկա գրված եկամուտների մասին: Ասատրյանն ասաց՝ գուցե և չեն եղել եկամուտներ, իրեն հետաքրքիր է` այդ ընկերությունները դիտարկվում են Վլադիմիր Գասպարյանի՞նը, թե՞ ոչ:

Դատախազն ասաց, որ փոխկապակցվածության մասով նշել են, թե որ ընկերությունն ում է պատկանում: Ըստ նրա` մի ընկերությունը հիմնադրվել է նախկին կնոջ կողմից, մյուսը` զոքանչի և այդպես շարունակ: Հաշվի առնելով, որ դրանք պատկանել են Վլադիմիր Գասպարյանին փոխկապակցված ֆիզիկական անձանց, որոնց գույքային ձեռքբերումները հիմնականում վերագրվել են Վլադիմիր Գասպարյանին, դատախազն ասաց, որ հետևաբար Վլադիմիր Գասպարյանը կարող էր ազդեցություն ունենալ այդ ընկերությունների կառավարման գործընթացի վրա:

Դատախազի խոսքով՝ հնարավոր է բաժնեմասի պատկանելիության հարց չառաջանալ, սակայն նշված ընկերությունների միջոցով կարող է կատարված լինեն այլ գործարքներ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ: Նա օրինակ բերեց հայցադիմումում առակա մի փաստ` «Գալիլիա» ՍՊԸ-ի հետ կապված, որ Հեղուշ Գալստյանը` Գասպարյանի զոքանչը, այս ընկերությանը տրամադրել է փոխառություն, և այդ փոխանցման համար չի ունեցել բավարար դրամական միջոցներ և համարել են, որ դրա իրական շահառուն Վլադիմիր Գասպարյանն է:

Դատախազն ասաց, որ նաև նմանատիպ կապերը ցույց տալու համար է նշվել այդ ընկերությունների` Վլադիմիր Գասպրյանին փոխկապակցվածության մասին:

Ասատրյանը դատախազությունից խնդրել էր նաև իրականացրած հաշվարկների մասին հաշվետվություն: Դատախազը այս դատական նիստին տարեկան կտրվածքով բերել էր այդ հաշվետվությունը: Ի պատասխան Ասատրյանի հարցի` դատախազն ասաց, որ հաշվարկներն իրականացրել են ամսական կտրվածքով: Ասատրյանն էլ հարցրեց, թե այդ դեպքում ինչու՞ դա իրենց չի ներկայացվում, որ կարողանան առարկությունները ճիշտ կառուցեն:

Դատախազ Համլետ Հարությունյանի խոսքով՝ բոլոր տվյալները տրամադրել են պատասխանող կողմին, և եթե ուզենան իմանալ, թե Վլադիմիր Գասպարյանը, օրինակ, 2013 թվականի հունվարի 7-ին ինչքան եկամուտ է ստացել և ինչքան ծախս է կատարել, տրամադրված նյութերում դա կա` բանկային քաղվածքների և եկամուտների տեսքով:

Փաստաբան Վարազդատ Ասատրյանին գոհացնող չէին դատախազի պատասխանները: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ տրված պատասխաններն ընդհանրական էին և հստակ չէին: «Այն պատասխանները, որ ակնկալում էինք, որ պետք է մեզ ներկայացնեին մանրամասն հաշվարկների վերաբերյալ, չեն ներկայացվում մեզ համար անհասկանալի պատճառներով, ինչը խնդիր ենք համարում»,- ասաց նա:

Ասատրյանի համար անհասկանալի է նաև դատախազության իրականացրած հաշվարկների մեթոդաբանությունը: Նա կրկին նշեց այն փաստը, որ Վլադիմիր Գասպարյանի 1982-1994 թվականների աշխատավարձը դատախազությունը չի դիտարկել որպես ելակետ և ուսումնասիրությունը սկսելիս հաշվի է առել, որ Գասպարյանն ունեցել է 0 դրամ: Ասատրյանն ասում է` 1993 թվականին Վլադիմիր Գասպարյանն ունեցել է առնվազն 5000-6000 ռուբլի աշխատավարձ, ինչը չի հաշվարկվել դատախազության կողմից:

Ասատրյանի խոսքով՝ այս շրջանակներում պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել դատախազության դեմ և գուցե դադարեցվի դատական գործընթացը, հակառակ դեպքում` փաստաբանը հայտնեց, որ ինչ ապացուցման բեռ դրվի իրենց վրա, կհիմնավորեն: «Մենք բոլոր հիմքերն ունենք, և որևէ ապօրինի ծագում ունեցող գույք մեր կարծիքով ու պնդմամբ` իմ վստահորդը չունի և իրեն փոխկապակցված անձինք էլ չունեն»,- ասաց նա:

Այս նիստով ավարտվեց հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ հարցադրումների փուլը, հաջորդ նիստին պատասխանողների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց առարկությունները: Գործով հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 19-ին՝ 15:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter