HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին 

Մարդու իրավունքների պաշտպանի հանձարարությամբ` աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։

ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում հոսպիտալի բուժանձնակազմի հետ քննարկվել են վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր: Բժիշկների գնահատմամբ՝ այս պահին զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Առանձնազրույց է անցկացվել վիրավորում ստացած զինծառայողի, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամի հետ։

Զինծառայողը պատմել է, որ սեպտեմբերի 1-ին ծառայություն է իրականացրել գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում, երբ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսել են արձակել ինտենսիվ կրակոցներ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ։ Հենց այդ ժամանակ էլ՝ ՀՀ սահմանային բնակչության անվտանգությունն ապահովելիս, վիրավորում է ստացել։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները՝ միջազգային գործընկերներին և իրավասու այլ մարմիններին ներկայացնելու նպատակով։

Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունները ՀՀ բնակավայրերի ուղղությամբ կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ, խախտում են բնակչության անվտանգությունն ապահովող հայ զինծառայողների կյանքի և այլ հիմնարար իրավունքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter