HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Մենք ենք մեր սարերը»․ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի 100-ամյակն է

«Նրանք հենց ժողովուրդն են, նրանք հենց հողն են, նրանք մենք ենք, մեր լեռները։ Այս մարդիկ այստեղ են ծնվել, այստեղ են նրանց հազարամյա արմատները, նրանք են իսկական տերը այս հողի ու բնության»,- այսպես է բնութագրել քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն իր մոնումենտալ աշխատանքը՝ Արցախի խորհրդանիշը դարձած «Մենք ենք մեր սարերը» կոթողը։ Այն գտնվում է Ստեփանակերտի հարակից բլրի վրա, կարծես լեռներից ծնունդ առնող, լեռներում արմատները տարածած տարեց զույգը ծնունդով Արցախից քանդակագործի տատի և պապի կերպարներով է քանդակված։ Խորհրդային շրջանում՝ 1967թ․-ին, տեղադրված այս աշխատանքը մեծ իրարանցում էր առաջացրել։ Բաքվի կենտկոմից հատուկ հանձնաժողով էր ժամանել Ստեփանակերտ՝ պարզելու, թե «Մենք ենք մեր սարերը» կոթողում, որ «մենքի» մասին է խոսքը և ինչ «մեր սարերի»։ Հայկական կողմի դիվանագիտական համառության և ջանքերի շնորհիվ է միայն հաջողվում փրկել կոթողը ապամոնտաժումից։

Սարգիս Բաղդասարյանը ծնվել է 1923թ․-ին Արցախի Հադրութի շրջանի Բանաձոր գյուղում։ Իր խոսքերով՝ քանդակագործության առաջին ուսուցիչները եղել են քարտաշ հայրը և պապը։ 1941թ․-ին սկսվում է Հայրենական պատերազմը։ 18-ամյա Սարգիս Բաղդասարյանը զորակոչվում է և պատերազմի ողջ ընթացքում լինում ռազմաճակատի թեժ կետերում։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1946թ․-ին ընդունվում է Երևանի նորաստեղծ գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը։ Ուսանելու հենց առաջին տարիներից սկսում է տարվել մոնումենտալ գործերով։

Աշխատել է տարբեր նյութերով՝ մարմար, բազալտ, գրանիտ, բրոնզ, տուֆ, հրակավ։ Սարգիս Բաղդասարյանի յուրաքանչյուր աշխատանք նրա ձեռագրի կնիքն է կրում՝  առանձնանալով իր տեսակով, ձևով, որը կարծես չունի սահմանային գծեր, օդեղեն է։ Քանդակագործի շատ աշխատանքներ դարձել են Հայաստանի դիմագիծը․ Կապանի Դավիթ Բեկի արձանը՝ Սյունյաց արքան իր մարտական ձիով։ Երևանում գտնվող Ավետիք Իսահակյանի արձանը, որը տեսնելով՝ Մարտիրոս Սարյանը ասել է․ «Այնքան բնական, կենդանի է, որ կարծես քայլի ժողովրդի հետ»։ Եվ իհարկե Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» կամ ինչպես հեղինակն էր անվանում և սիրում կրկնել «Ղարաբաղցիներ» կոթողը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 5-ին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան օրը, Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայրենական մեծ պատերազմի վետերան, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են քանդակագործի տարբեր տարիներին կերտած քանդակներ, մոնումենտալ արձանների լուսանկարներ, որոնք տեղադրված են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Ցուցահանդեսում կլինեն ինչպես հեղինակի ընտանիքին պատկանող, այնպես էլ մասնավոր հավաքածուներից նմուշներ: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է անդրադառնալ հայ անվանի քանդակագործի թողած մեծ ժառանգությանը և արվեստասեր հասարակությանը ևս մեկ անգամ ներկայացնել նրա ստեղծագործությունները: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 15-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter