HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արուսյակ Ալեքսանյանի գործով նիստը որոշվեց շարունակել դռնփակ ռեժիմով

Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 6-ին շարունակվեց նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի քննությունը: Նախագահող դատավորն էր Վահե Դոլմազյանը:

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Արուսյակ Ալեքսանյանն արդեն 10 ամիս է` կալանավորված է: Էրիկ Ալեքսանյանն ազատ է արձակվել կալանքից:

Այսօրվա դատական նիստին շարունակվեց գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը:

Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը ներկայացրեց փաստաբանների պալատի էջը զննելու մասին արձանագրությունը, Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին աշխատանքի ընդունելու մասին հրամանը, գործին վերաբերելի ԲԴԽ որոշումը: 

Այնուհետև հանրային մեղադրողը պատրաստվում էր ներկայացնել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կատարված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արձանագրությունը, սակայն Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը միջնորդեց, որ դատաքննության այդ հատվածը շարունակվի դռնփակ ռեժիմով, քանի որ ըստ նրա, «ներքին դիտման» արձանագրության ներկայացմամբ կհանրայնացվեն իր պաշտպանյալի անձնական կյանքին առնչվող դրվագներ: Դատավոր Վահե Դոլմազյանը բավարարեց միջնորդությունը:

Գլխավոր լուսանկարում` Արուսյակ Ալեքսանյանն ու Անդրանիկ Մանուկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter