HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի և 175 հայ զինվորական

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին, որոնք կկայանան սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում, կմասնակցի 85 ամերիկացի և 175 հայ զինվորական։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին։ 

Վերջինիս փոխանցմամբ՝ ամերիկյան զինուժը կներկայացնի Կանզասի ազգային գվարդիան, որը վերջին 20 տարիներին սերտ համագործակցում է ՀՀ զինված ուժերի հետ։ Ամերիկյան կողմը նշում է, որ զորավարժությունների ընթացքում ծանր տեխնիկա չի կիրառվի։ «Զինվորականները զինված կլինեն զեռքի զինատեսակներով»,- Reuters գործակալության փոխանցմամբ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

«Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Հայ-ամերիկյան զորավարժություններին անդրադարձել է նաև Կրեմլը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումն  զգոնություն է առաջացնում, և Մոսկվան խորապես կուսումնասիրի այդ իրավիճակն ու կհետևի դրա զարգացումներին։

«Զորավարժությունների մասով, անխոս, նման նորությունները, հատկապես ներկայիս իրավիճակում, զգուշավորություն են առաջացնում։ Այդ իսկ պատճառով խորապես կվերլուծենք այդ նորությունները և կհետևենք իրավիճակին»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Լուսանկարում՝ Կանզասի ազգային գվարդիայի սակրավորները/Պենտագոնի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter