HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Տնտեսվարողները պահանջում են փակել «Վայլդբերիզը». բողոքի ակցիա Կառավարության դիմաց

Արման Թումասյանը հագուստի և կոշիկի օնլայն վաճառքով էր զբաղվում։ Արդեն 4 ամիս է՝ փակել է իր օնլայն խանութները։ Պատճառը, ըստ Արմանի, «Վայլդբերիզի» մրցակցությունն էր։

«Stop Wildberries Armenia» նախաձեռնության անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով փակել «Վայլդբերիզը»։

«Ապրանքը բերում ենք, 13 դոլարով մաքսազերծում։ Այժմ պահանջում ենք, որ փակեն «Վայլդբերիզը», միաժամանակ՝ «Օզոն»-ը։ Մենք մի անգամ խաբվել ենք «Յանդեքս» տաքսու դեպքում։ Այ, որ մենք՝ տնտեսվարողներս փակվենք, «Վայլդբերիզ»-ը 4000 դրամանոց կոշիկը վաճառելու է 12 000 դրամով»,- ասում է Արմանը։

«Վայլդբերիզ» էլեկտրոնային առեւտրի հարթակում ներկայացված ապրանքների արժեքները էականորեն ցածր են Հայաստանում տեղական տնտեսվարողների կողմից վաճառվող ապրանքների արժեքներից։ Օգտատերերի գնած ապրանքները որպես կանոն չեն մաքսազերծվում։ 

Նման պայմաններում տեղական գործարարները հայտնվում են անբարենպաստ պայմաններում, քանի որ ներկրված ապրանքի արժեքին գումարվում են մաքսատուրքերի, հարկերի, այլ տուրքերի ու վճարների, տեղափոխման, հավատարմագրման և այլ ծախսերը։ Օնլայն առևտուր իրականացնող անձնինք, ինչպես նաև հենց տվյալ օնլայն առևտրի հարթակը որևէ հարկ (ավելացված արժեքի, շրջանառության հարկ, շահութահարկ և այլն) չեն վճարում ՀՀ պետական բյուջե, քանի որ նրանք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչի արդյունքում Հայաստանի պետական բյուջեն զրկվում է զգալի չափերով մուտքերից։

Մեկ այլ տնտեսվարողի խոսքով՝ կամ «Վայլդբերիզ»-ը պետք է փակվի, կամ մաքսազերծման գներն այնքան իջեցնեն, որ կարողանան հավասար մրցակցություն ապահովել։

««Վայլդբերիզ»-ի գումարը մտնում է Ռուսաստան, իսկ մեր բոլոր վճարումները Հայաստանն են պահում, մեր պետությունը, մեր բանակն են պահում, բոլորը մենք ենք պահում։ Մեր պետությունը պետք է անհապաղ էս հարցը լուծի։ 90 000 անհատ ձեռներեցներ ունենք, եթե 50 000-ն էլ դուրս գա, ի՞նչ է մտնելու մեր բյուջե։

Սա ոչ թե մեր գրպանին է խփում, այլ խփում է մեր պետության գրպանին, ինչո՞ւ է պետությունն ուզում վնասել իրեն»,- նշում է մեկ այլ անհատ ձեռներեց՝ Նունեն։

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ընդհանրապես առևտուր չեն կարողանում անել։

«Սա «Յանդեքս» է դարձել, իրենք մտնում են կոպեկներով վաճառում, մնացածին մեջտեղից կհանեն, եռակի կբարձրացնեն գները»,- ասում է Նունեն։

Տնտեսվարողներն ակնկալում են, որ Կառավարությունը կլուծի այս հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter