HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական հետապնդում Լեռնապատի նախկին ղեկավարի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Դատախազության Հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վանո Եղիազարյանի գործն ուղարկվել է դատարան։ Ըստ դատախազության՝ նա համայնքապատկան հողամասը տարեկան 912 դրամով տրամադրել է ինքն իրեն, ապա 480 հազար դրամով հանձնել վարձակալության։ Ստորեւ՝ դատախազության հաղորդագրությունը։

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորի կողմից բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրվելու և շահագործվելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Վ.Ե.-ն, իր կողմից գլխավորած մրցույթում, հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին, լիազորված անձանց միջոցով, ինքն իր հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 912 դրամ վարձավճարով:

Տես՝ Համայնքների ղեկավարները չեն ցանկանում լուծել բջջային կապի օպերատորների հետ կնքված պայմանագրերը

Պայմանագիրը կնքելուց հետո, Վ.Ե.-ն վերոնշյալ հողամասի 0,2 հա մակերեսով տարածքը տարեկան 480 հազար դրամ վարձավճարով հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը: Արդյունքում՝ 2007-2010 թվականներին, վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ:

Բացի այդ, Վ.Ե.-ն 2005 թվականի հունիսի 17-ին, «Քարաբերդ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 38.0219 հա մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով՝ տարեկան 467 հազար 970 դրամ վարձավճարով, տրամադրել է «Քարաբերդ» ընկերությանը: 2005 թվականի հուլիսի 7-ին «Քարաբերդ» ՍՊ ընկերությունն իրեն հանձնված նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը` տարեկան 600 հազար դրամ վարձավճարի դիմաց, ենթավարձակալությամբ հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը, այնուհետև՝ «Արմենթել» ՓԲ ընկերությանը: Արդյունքում՝ 2005-2012 թվականներին, վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ:

2023 թվականի հունվարի 24-ին Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին, որը հաստատվել է հսկող դատախազի կողմից:

2023 թվականի ապրիլի 14-ին Գլխավոր դատախազի տեղակալը վերացրել է Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և վարույթը կարճելու որոշումը:

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 12-ին Վ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ): 

Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 1-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter