HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը ԼՂ-ի եւ Հայաստանի նկատմամբ նոր ռազմական սադրանքի մտադրություն ունի. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում հայտարարեց, որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին, իսկ Ադրբեջանն իր գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ 

Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է: Պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով: Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է:

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, որի հետևանքով զոհվեցին Պաշտպանության նախարարության երեք զինծառայողներ: Այս սադրանքին նախորդել և հաջորդել են Հայաստանի Զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումն Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր:

Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար: Միևնույն ժամանակ, ընդգծում եմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը:

Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում, և Լաչինի միջանցքի ապաարգելափակումը համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների՝ էական է:

Այս ամենի հենքի վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և ցանկանում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և մենք մեր հավատարմությունն ենք արտահայտում խաղաղության օրակարգին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter