HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հաստատել է 2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ադրբեջանական զինուժի կուտակումներին և սադրանքներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Կառավարությունը հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները:

«Ըստ հիմնավորման՝ խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու և առաջիկա անելիքները կառավարելու նպատակով Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետների մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք աշխատանքային քննարկումներ։ Վերջին տարիներին խաղողի մթերման հետ կապված խնդիրները հիմնականում պայմանավորված էին աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայի ՌԴ ռուբլու փոխարժեքի կտրուկ արժեզրկումով։

1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է 100 ռուբլու սահմանագծին՝ տարեսկզբի նկատմամբ արձանագրելով ավելի քան 40, իսկ նախորդ տարվա այս ամիսների նկատմամբ՝ ավելի քան 50 տոկոս արժեզրկում։ Մյուս կողմից կտրուկ նվազել են կոնյակի սպիրտների արտահանման ծավալները և 2019 թ.-ին արտահանված 14.5 մլն բացարձակ լիտր կոնյակի սպիրտի ծավալները աստիճանաբար նվազելով 2022 թ.-ին հասել են 3.3 մլն բացարձակ լիտրի։ Նկատի ունենալով, որ մթերվող խաղողի ամբողջ ծավալի շուրջ 90 տոկոսն ուղղվում է կոնյակի սպիրտի արտադրությանը, իսկ 2020-2022 թթ. կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների մնացորդներն ավելացել են շուրջ 40 մլն բացարձակ լիտրով՝ կտրուկ նվազել է խաղողի նկատմամբ պահանջարկը։

Էկոնոմիկայի նախարարության մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ միայն Արմավիրի և Արարատի մարզերում մթերման ենթակա ավելցուկային խաղողի քանակը կազմում է շուրջ 45 հազար տոննա և այդ քանակության խաղողի մթերման հարցն անհրաժեշտ է լուծել աջակցության նոր գործիքակազմով։ Ընդ որում, կազմակերպությունների խնդիրները տարբեր են և աջակցության միասնական գործիքով դրանց լուծումն իրատեսական չէ։

Կառավարության որոշմամբ առաջարկվում է իրականացնել աջակցության մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը խաղող մթերող տնտեսավարողներին վարկերը տրամադրել հետևյալ պայմաններով՝ սուբսիդավորվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքի տարեկան 11 տոկոսային կետին համարժեք մասը, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի մայր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 60 ամիս մարման ժամկետ, վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 24 ամիս, մթերումների համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է խաղողի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը:

Խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում ՀՀ կառավարության կողմից 2023 թ. սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրել մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2022 թ.-ին արտահանված արտադրանքի արժեքը: 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 5000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 1000 տոննայի դիմաց տրամադրել 30 մլն դրամի չափով սուբսիդավորում: 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 10000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 5000 տոննայի դիմաց տրամադրել 250 մլն դրամի չափով սուբսիդավորում:

Կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողից ձեռք բերել մինչև 1․0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) առնվազն 5 տարի հնացված կոնյակի սպիրտ՝ պայմանով, որ ձեռքբերված կոնյակի սպիրտի գումարով, 1 կիլոգրամը նվազագույնը 110 դրամով, Արարատի և Արմավիրի մարզպետների կողմից հաստատված ցանկերով ներկայացված խաղողագործներից կատարվում են համարժեք քանակությամբ խաղողի մթերումներ։ Արդյունքում՝ հնարավոր կլինի լուծել 2023 թ. խաղողի բերքի ավելցուկային քանակի մթերման խնդիրը, կմեղմվեն ՀՀ դրամի արժևորման հետևանքով գինեգործական կազմակերպությունների պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը, խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, արձագանքելու պահանջարկի փոփոխվող պայմաններին, դիմակայելու արտաքին մարտահրավերներին և շարունակելու բնականոն գործունեությունը։

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, քննարկվել են միջոցառումները լավարկելու, արդյունավետությունը բարձրացնելու, վերահսկողություն իրականացնելու, տրամադրվող աջակցության հասցեականությունն ապահովելու վերաբերյալ հարցեր:

Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման հետ կապված ոլորտում առկա են մեծ խնդիրներ: «Արդյունավետության հետ կապված հարցերը պետք է կարողանանք լուծել, ուղղակի փող տալով չենք կարող լուծել: Քննարկումների ժամանակ, այդ թվում՝ մարզպետարանների աշխատակազմերի հաշվետվությունների, բոլորը շատ գոհ են, օրինակ՝ աշնանացան ցորենի ծրագրից, բայց երբ հարց եմ տալիս՝ ինչքա՞ն գումար ենք տվել և ինչքանի՞ ցորեն ենք ստացել, պարզվում է՝ ինչքան գումար տվել ենք, այնքանի էլ մոտավորապես ցորեն ենք ստացել: Զրոյական ՕԳԳ-ով գործողություն ենք անում: Այսինքն՝ ի՞նչ նոր գիտելիք ենք տալիս, ի՞նչ նոր մոտիվացիա ենք տալիս, ի՞նչ նոր արժեք ենք բերում երկրին: Դարձյալ ընկնում ենք նույն շրջափուլերի մեջ, սա խնդիր է»,-ասել է վարչապետը:

Գործադիրն ընդունել է նաև որոշում, որով առաջարկվում է 2023 թ. խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին բյուջետային վարկ տրամադրել և սահմանել գնման գործընթացի առանձնահատկությունները: Ըստ այդմ՝ ընկերությանը կտրամադրվի 2 մլրդ դրամ բյուջետային վարկ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով՝ հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից առնվազն 5 տարի հնացված մինչև 1.0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար։ Որոշմամբ hաստատվել է նաև հայկական կոնյակի սպիրտի գնման տեխնիկական բնութագիրը:

Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է 2023 թ.-ին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը: Ըստ այդմ, մասնավորապես, բյուջետային երաշխիքները տրամադրվում են ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար, իսկ տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2022 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը:

Բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների, խաղողի վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների համար բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչև քառասունհինգ ամիս մարման ժամկետով: Յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2022 թ.-ին տրամադրված և 2023 թ.-ին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը:

Հաստատվում է նաև բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը, ըստ որի՝ բյուջետային երաշխիքից կարող են օգտվել 2022 թ.-ին արտահանումներ իրականացրած այն շահառուները, որոնք ունեն դրական վարկային պատմություն և դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի)»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter