
Իջևանի փողոցներում, կասկածելի պատճառաբանությամբ, ամիսներով գծանշում չէին իրականացնում
Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքի փողոցներում նախորդ շաբաթ վերջապես գծանշման աշխատանքներ են կատարվել։ Թեև գծանշումն անելու համար մրցույթ էր անցկացվել, հաղթող ընկերություն կար, և կնքվել էր պայմանագիր, սակայն գծանշում այդպես էլ չէր իրականացվում։
«Հետքը»-ը տեղեկություն էր ստացել, որ տարեսկզբին անցկացված մրցույթում հաղթած ընկերությունը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, իսկ Իջևանի համայնքապետարանը որևէ վերահսկողություն չի իրականացնում։
2023 թ․-ի ապրիլին Իջևանի համայնքապետարանը հայտարարում է գծանշան և ճանապարհային նշանների տեղադրման մրցույթ։ Ըստ մրցույթի հայտարարության՝ 2023 թ․-ի մայիս ամսին պետք է կատարվեր հետևյալ աշխատանքները․ «1270 քառակուսի մետր հետիոտնային անցումների և շրջանաձև երթևեկությունը կարգավորող ճանապարհների նշագծում, դեղին գույնի ներկով, լուսաանդրադարձող ապակե գնդիկների օգտագործումով»։ Բացի այդ պետք է հաղթող ընկերությունը տեղադրեր «կանգառն արգելող» 8 հատ նշան, «շրջադարձն արգելող» և «հետիոտնի անցման» 2-ական նշան (ընդհանուր 4), «կայանելն արգելող» և «զիջել ճանապարհը» 1-ական նշան։ Մրցույթին դիմել է 4 ընկերություն, որից հաղթող է ճանաչվել «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն և պարտավորվում է գծանշումը և ճանապարհային նշանների տեղադրումն իրականացնել 1 միլիոն 988 հազար դրամով (ԱԱՀ-ով՝ 2 միլիոն 385 հազար դրամ)։
Իջևանի համայնքապետարանը «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի հետ կնքում է պայմանագիր։ Այս ամենից հետո ենթադրվում էր, որ աշխատանքները պետք է հունիս ամսին արդեն իրականացված լիներ, սակայն «Հետքը» օգոստոսին տեղեկանում է, որ Իջևանում որևէ գծանշում չի իրականացվել։
Մենք 2023 թ․-ի օգոստոսի 18-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանին և խնդրեցինք տրամադրել վերը նշված գնման պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտը։ Մինչ մեր հարցման պատասխանը կստանայինք, օգոստոսի 23-ին Իջևանի համայնքապատարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրվեց, ըստ որի՝ համայնքում գծանշում է իրականացվել։
«Իջևան քաղաքում և գյուղական բնակավայրերում կատարվել են հետիոտնային անցումների գծանշումներ։ Հաշվի առնելով քաղաքացիների խնդրանքը` հետիոտնի համար նոր գծանշում է կատարվել Իջևան քաղաքի Անկախության փողոցում (դեպի թիվ 1 մանկապարտեզ տանող աստիճանների ճանապարհահատված): Տեղադրվելու են նաև ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորող նշաններ, որի մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- նշված է համայնքապետարանի հայտարարության մեջ։
Այս հայտարարությունից մեկ օր անց՝ օգոստոսի 24-ին, ստացանք Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի ստորագրությամբ պատասխան, որին կից ներկայացված էր գնման պայմանագիրը և համաձայնագիր։ «Տեղեկացնում ենք, որ աշխատանքներն ընթացքի մեջ են այդ իսկ պատճառով հանձնման-ընդունման ակտը կապալառուի կողմից չի ներկայացվել»,- գրել է համայնքի ղեկավարն իր պատասխանում։ Ծանոթանալով պայմանագրին և համաձայնագրին՝ պարզում ենք, որ մեզ է ներկայացվել մի համաձայնագիր, որը թվագրված է մայիսի 29-ի ամսաթվով։ Ըստ համաձայնագրի՝ պայմանագրի կողմերը գծանշման աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգում են և սահմանում օգոստոսի 20-ից օգոստոսի 31-ը։ Աշխատանքների կատարման ժամկետի երկարաձգումը պատճառաբանվել է եղանակային պայմանների ոչ բարենսպաստ լինելով։ Այս պատճառաբանությունը իրական կթվար, եթե հնարավոր չլիներ պարզել, որ ոչ միայն մայիսին, այլև հունիսին, հուլիսին և օգոստոսին Իջևան քաղաքում եղանակային պայմանները անբարենպաստ չեն եղել։
Եղանակային կանխատեսումների weather.com կայքի տվյալներով՝ 2023 թ․-ի մայիս ամսվա մեջ 8 օր է եղել անձրևային օր, իսկ հունիսին 3 օր, հուլիս ամսվա մեջ անձրևային օր չի եղել։ Օգոստոսին անձրևային օր նշված է միայն վերջին շաբաթը, որի ժամանակ էլ իրականացվել է գծանշումը։
Մեկնաբանել