
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ընտրանու հետ
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում։
Առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի տարածքային առավելությամբ, չնայած որ խաղային առումով մեր ընտրանու խաղացողները կարողանում էին անհանգստացնել մրցակցին: Վտանգավոր հարվածներով աչքի ընկան Հրանտ-Լեոն Ռանոսը և Վահան Բիչախչյանը: Առաջին դեպքում թուրքերին փրկեց դարպասապահը, իսկ երկրորդ դեպքում գնդակը մի փոքր շեղությամբ անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով: Չնայած թիմերի ջանքերին՝ առաջին կեսում գոլեր չեղան:
Երկրորդ խաղակեսը շատ հաջող մեկնարկեց Հայաստանի հավաքականի համար: 49-րդ րոպեին հարձակման ձախ եզրից ստացած փոխանցունը դիպուկ հարվածով եզրափակեց Արտակ Դաշյանը: Մի քանի րոպե անց Ռանոսը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն նպաստավոր դիրքից կատարած հարվածը փոքր-ինչ շեղ ընթացավ:
Թուրքիայի հավաքականի խաղացողներն ընդունած գոլից հետո մեծացրին ճնշումը: Հայաստանի հավաքականի խաղացողները շատ երկար ժամանակ հաջողությամբ պաշտպանվում էին, սակայն 88-րդ րոպեին գոլ բաց թողեցին, աչքի ընկավ Բելթուգ Յիլդիրիմը:
Հանդիպման հաշվում այլևս փոփոխություններ չեղան, և խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Չորս խաղից հետո վաստակած 7 միավորով Հայաստանի ազգային հավաքականը 2-3-րդ տեղերն է կիսում D խմբի մրցաշարային աղյուսակում: Նույնքան միավոր ունի նաև Խորվաթիան, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: Թուրքիան 5 խաղից հետո ունի 10 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի ազգային ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին և Երևանում կընդունի Խորվաթիայի հավաքականին:
Մեկնաբանել