
Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ․ Սամվել Շահրամանյան
Արցախի շուրջ բանակցությունների ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ։ Այս մասին Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցով հրավիրված հատուկ նիստում հայտարարել է Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը։ Տեղեկացնում է Արցախի ազգային ժողովը։
«Շահրամանյանը կարևորել է նախագահի ինստիտուտը առկա մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից ու երկրի ղեկավարի հատկանիշներից ընդգծել է իրականության սթափ գնահատումն ու պատրանքներից զերծ մնալը: Ծրագրային դրույթներից թեկնածուն առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը:
Սամվել Շահրամանյանն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին:
«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:
Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ», -ասել է նախագահի թեկնածուն:
Նա խոսել է պետականության հիմքերը խարխլող քայլերի դեմ անհաշտ պայքար մղելու, Արցախը հայկական պահելու գործում բոլոր ուժերը կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում Սամվել Շահրամանյանը 22 կողմ և 1 դեմ ձայնով ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ։
Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Շահրամանյանը նշանակվել էր Արցախի պետական նախարար:
Լուսանկարը՝ Արցախի Հանրապետության ԱԺ-ի
Մեկնաբանել