
Բաքուն սպառնացել է նախագահի ընտրության անցկացման դեպքում ուժի դիմել․ Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել՝ ԱՀ ազգային ժողովում նախագահի ընտրության կապակցությամբ։
«Հարգելի հայրենակիցնե´ր,
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Հանրապետության հինգերորդ նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը, ինչի կապակցությամբ իմ և իմ ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ և մաղթում, որ անշեղ հավատարմությամբ իրականացնեք Ձեզ առաջադրած քաղաքական ուժերի նախանշած «կարմիր գծերի» քաղաքականությունը:
Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ՝ ուշ երեկոյան, Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի:
Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն՝ կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»։
Համակողմանիորեն գնահատելով ներքին և արտաքին քաղաքական միջավայրը՝ հայտարարում եմ, որ Արցախի ճակատագիրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտրերկրա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը։
Հայրենակիցնե´ր,
«Միասնական հայրենիք» կուսակցությունը, որպես քաղաքական հակակշիռ, իմ ղեկավարությամբ շարունակելու է իրացնել իր ներկայացուցչական մանդատը։ Իսկ դեմքերի և դեպքերի օբյեկտիվ գնահատականը ժամանակն է տալու»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում Սամվել Շահրամանյանը 22 կողմ և 1 դեմ ձայնով ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ։ Նա միակ թեկնածուն էր։
Մեկնաբանել