HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան վերադարձրել է «Բոյկոյի աշտարակները»

Ուկրաինան վերադարձրել է Սև ծովում գազի և նավթարդյունահանման հարթակները, որոնք հայտնի են որպես «Բոյկոյի աշտարակներ»։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական հետախուզության մամուլի ծառայությունը։ 

Ըստ ուկրաինական կողմի՝ գլխավոր ռազմական հետախուզության ստորաբաժանումների գործողության ընթացքում Ուկրաինային հաջողվել է վերադարձնել Ռուսաստանի վերահսկողության տակ անցած «Պետր Գոդովալեց» և «Ուկրաինա» հորատման հարթակները, ինչպես նաև՝ «Տավրիդա» և «Սիվաշ» ինքնամբարձիչ լողացող հորատման կայանքները:

Ուկրաինական հետախուզությունը նշում է, որ գործողության փուլերից մեկի ժամանակ հատուկ նշանակության ջոկատայինները մոտորանավակներով մարտի են բռնվել ռուսական Սու-30 կործանիչի հետ։ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը պնդում է, որ ռուսական ինքնաթիռը վնասվել է և ստիպված եղել նահանջել։

Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ հատուկ ջոկատայիններին հաջողվել է գրավել ավիացիոն չկառավարվող հրթիռների պաշար և «Նևա» ռադիոտեղորոշման կայանը, որը կարող է Սև ծովում հետևել նավերի տեղաշարժին:

Ռուսական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել ուկրաինական հետախուզության հաղորդագրությունը:

Ռուսաստանը «Բոյկոյի աշտարակները» գրավել էր դեռ 2014 թվականին։ 2023 թվականի օգոստոսի երկրորդ կեսից ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել էր Սև ծովում ուկրաինական արագընթաց մոտորանավակների ոչնչացման մասին, որոնցում գտնվում էին Ուկրաինայի զինված ուժերի դեսանտային խմբերը։ Այդ ժամանակ էլ բրիտանական հետախուզությունը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մարտեր են մղում «Բոյկոյի աշտարակների» համար։ Այս հարթակները, ըստ բրիտանական ռազմական գերատեսչության, ռազմավարական արժեք ունեն, քանի որ կարող են օգտագործվել որպես ուղղաթիռների վայրէջքի հարթակներ, որպես առաջատար բազաներ։ Դրանց վրա կարող են տեղակայվել նաեւ հրթիռային համակարգեր:

Լուսանկարը՝ Wikimedia Commons/vivali

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter