Ինչ անել, երբ ձեզ կամ ձեր աղբյուրներին հետևում են
Թեև լրագրողների նկատմամբ թվային լրտեսությունը շատ ավելի տարածված է, ֆիզիկապես հետևելը կամ այս երկուսի համակցությունը կարող է վկայել լրագրողների կամ նրանց աղբյուրների անվտանգության ավելի լուրջ սպառնալիքի մասին:
Փորձագետների կարծիքով, լրագրողներին ֆիզիկապես հետևելու հատուկենտ դեպքերը սովորաբար միտված են աղբյուրները բացահայտելուն, լրատվամիջոցներին վարկաբեկելուն, հետապնդելուն կամ վախեցնելուն, պատմությունը «սպանելուն» կամ, վատագույն դեպքերում, սպանություններ պլանավորելուն: Լրտեսողները կարող են լինել մասնավոր խուզարկուներ, գաղափարախոսությամբ առաջնորդվող անձինք, կազմակերպված հանցավորության ներկայացուցիչներ, ներկա կամ նախկին պետական գործակալներ կամ նույնիսկ մասնավոր հետախուզական գործակալությունների կողմից վարձված նախկին լրագրողներ:
2021 թվականի նոյեմբերին առցանց ձևաչափով կայացած Հետաքննական լրագրության գլոբալ համաժողովում (անգլ.՝ Global Investigative Journalism Conference, GIJC21) OCCRP-ի (անգլ.՝ Organized Crime and Corruption Reporting Project, հայ.՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանաման նախագիծ) համահիմնադիր Դրյու Սալիվանը նշեց, որ սպանված մի քանի հետաքննող լրագրողներ (այդ թվում՝ սլովակ Յան Կուցիակը և ռուս Աննա Պոլիտկովսկայան), նախքան հարձակման ենթարկվելը, կասկած էին հայտնել, որ իրենց հետևում են:
2022 թվականին աշխարհի տարբեր ծայրերից (Հունաստանից մինչև Նիգերիա) որոշ լրագրողներ (հատկապես նրանք, որոնք հետաքննում էին կառավարությունների՝ թվային լրտեսող ծրագրերի ձեռքբերումը) նույնպես կասկած հայտնեցին, որ իրենց «պոչին նստած» մարդիկ կան, կամ որ հետևում են՝ պարզելու իրենց գտնվելու վայրերը:
Ընդհանուր առմամբ, փորձագետների կարծիքները համընկնում են, որ եթե լրագրողը գիտակցում է, որ իրեն հետապնդում են (մասնավորապես` պետական գործակալները), ապա միակ անվտանգ պատասխան գործողությունն այդ երկրից հեռանալն է: Գոյություն ունեն նաև լրտեսվելուց խուսափելու կամ դրան խոչընդոտելու մարտավարություններ, որոնք ներկայացված են ստորև: Օրինակ՝ դուք երբեմն կարող եք գիշերել ընկերների տանը՝ այդպիսով կտրուկ բարձրացնելով ձեզ լրտեսելու և հերթափոխների «գինը»:
Այնուամենայնիվ, Սալիվանը համարում է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ կառավարությունների մատը խառը չէ, հատուկ ուսուցում չանցած լրագրողները պետք է խուսափեն «մուկ ու կատու» խաղալուց և մտածեն «այնտեղից պարզապես հեռանալու մասին. վիճակը երբեք չի լավանալու, ուստի փոխեք քաղաքը, փոխեք ամեն ինչ»։
Ըստ փորձագետների՝ առավել կարեւոր հմտությունների թվում են հետաքննությունը սկսելուց առաջ անվտանգության պլանի մշակումը և ռիսկերի գնահատումը, ինչպես նաև՝ ֆիզիկական հսկողության հայտնաբերումը. վերջինի դեպքում իդեալական տարբերակն այն է, որ ձեզ լրտեսողը գլխի չընկնի, որ իրեն գաղտնազերծել են: Փորձագետների կարծիքով՝ լավագույն մոտեցումն այն է, որ զգայուն թեմաներով հետաքննություններ վարող լրագրողներն աշխատանքային ժամից դուրս նույնպես լինեն զգոն և կասկածամիտ:
Լրագրողներին լրտեսելու ամենահայտնի դեպքերից մեկը նկարագրել է New Yorker-ի լրագրող Ռոնան Ֆերոուն իր «Catch and Kill» («Բռնիր և սպանիր») փոդքասթում, որտեղ նա մանրամասն ներկայացրել է այն սխեման, որով հետևում էին իրեն, երբ ինքը հետաքննում էր սեռական ոտնձգությունների վերաբերյալ հայտարարությունները, որում մեղադրվում էր մի նշանավոր հոլիվուդյան պրոդյուսեր:
2021 թվականին տվյալների լրագրության NICAR համաժողովում ուկրաինացի մասնավոր խուզարկու և ազդարար Իգոր Օստրովսկին ներկայացրեց, թե ինչպես է խոստովանել Ֆերոուին, որ ինքը սեռական ոտնձգությունների մասին հայտարարությունները հետաքննող լրագրողներին լրտեսող թիմի մաս է կազմել: Նա բացահայտեց այնպիսի մարտավարություններ, որոնք կարող են օգնել լրագրողներին դիմակայելու ռիսկերին։
Կոնֆերանսի ընթացքում Օստրովսկին տվեց հետևյալ խորհուրդները.
Ինչպես բարդացնել լրտեսի աշխատանքը
- Խառնեք լրտեսների պլանները՝ ուժեղացնելով ձեր թվային հիգիենան: Որպեսզի ձեզ հետևողները չկարողնան նախօրոք պլանավորել լրտեսման վայրերը, գաղտնի պահեք ձեր ժամանակացույցը՝ օգտագործելով հաղորդակցության գաղտնագրվող հարթակներ, ինչպիսիք են Signal-ը և ProtonMail-ը, ինչպես նաև՝ գաղտնաբառերի հետ մեկտեղ գործածեք երկփուլային նույնականացման համակարգը: «Եթե դուք վերահսկում եք ձեր թվային անվտանգությունը, մենք տեղեկություններ չենք ունենա ձեր հաղորդակցության կամ ժամանակացույցի մասին, ուստի ստիպված կլինենք արձագանքել ձեր ֆիզիկական տեղաշարժերին»,— ասում է Օստրովսկին:
- Օգտվեք տարբեր տրանսպորտային միջոոցներից և միակողմանի փողոցներով քայլեք երթևեկությանը հակառակ: «Ստիպեք ինձ փոխել տեղաշարժվելուս եղանակները. հեծանիվ վարեք, ավտոբուս կամ գնացք նստեք, մի տրանսպորտային միջոցից մյուսը տեղափոխություն կատարեք»,— նշում է Օստրովսկին։ «Մենք պլան ունեինք, որ եթե Ռոնանը քայլի երթեւեկությանը հակառակ և տաքսի նստի, ապա հետիոտն լրտեսող օպերատիվ աշխատողը «անցորդի» մասնակցությամբ վթար կբեմադրի, որպեսզի որոշ ժամանակ պահի երթևեկությունը. այդկերպ լրտեսման մեքենայի վարորդը ժամանակ կունենար շրջանցելու թաղամասը: Ես բառացիորեն պատրաստ էի ցատկել մեքենայի կապոտին»։
- «Քամեք» լրտեսման համար նախատեսված նրանց բյուջեն: «Ձեր՝ այլ վայրում (օրինակ՝ ընկերոջ տանը) գիշերելու պատճառով ձեզ հետևողները ստիպված են ամբողջ գիշեր արթուն մնալ իրենց մեքենայում»,— նշում է նա: «Ի վերջո, թող ձեզ հետևելը թանկ արժենա. խփեք նրանց գրպանին»:
- Օգտագործեք այլ ելքեր, հատկապես առևտրի կենտրոններում: «Երբ պատրաստվում եք կարևոր հանդիպման գնալ, այնպես կազմեք հսկողությունից ազատվելու պլանը, որ նրանք չհասկանան, որ դա նախապես մտածված է արվել»,— ասում է Օստրովսկին: «Սրա համար կատարյալ տարբերակ են բազմաթիվ ելքերով մեծ շենքերը: Առևտրի կենտրոնից դուրս եկեք այլ դռնից և օգտվեք քարշերինգի (մեքենաների վարձույթ՝ հիմնականում ժամավճարով) ծառայություններից. իհարկե, օրվա վերջում նրանք ձեզ կրկին կգտնեն ձեր տանը, բայց դուք մի քանի ժամով ապահոված կլինեք ձեր գաղտնիությունը»:
- Հեռացրեք ձեր անձնական տվյալները սպառողների ցուցակներից և տվյալներ հավաքող կայքերից: «Եթե ես նմանօրինակ նյութերի վրա աշխատող լրագրող լինեի, ինքս ինձ կապահովագրեի դոքսինգից»,— ասում է նա: «Այնպես որ, [գնացեք] Google և Yandex և փնտրեք ձեր մասին առկա առցանց ողջ տեղեկությունները, ազատվեք այնտեղ հասանելի այն բոլոր նյութերից, որոնք ինձ թույլ են տալիս հեշտորեն գտնել ձեզ. քայլեր ձեռնարկեք նաև հեռացնելու ձեր մասին տվյալները բոլոր այն կայքերից, որոնք ձեր մասին անձնական տեղեկություններ են հավաքում: Լավ կայք է FamilyTreeNow-ն. սրա արդյունքները գրեթե նույնն են, ինչ վճարովի ծառայություններինը. պարզապես այն անվճար է և օգնում է ձեզ ջնջվել այդ բոլոր ցուցակներից»:
- Եղեք անկանխատեսելի: «Հախուռնություն մտցրեք ձեր առօրյայում. դա արեք ոչ թե հետապնդողներից խուսափելու համար, այլ պարզապես ձեզ հետևելը թանկ «հաճույք» դարձնելու համար՝ ստիպելով մեզ ավելի շատ ռեսուրսներ ծախսել»:
- Մի՛ հիշատակեք ձեր պլանները սոցիալական ցանցերում: «Ռոնանը զիլ դեմք էր, նա ծանր թիրախ էր»,— նշում է Օստրովսկին: «Ես նայում էի նրա սոցցանցային էջերը և Instagram-ը, և միայն արդեն իսկ կատարված իրադարձություններ տեսնում: Ոչ մի բան իր պլանների կամ գտնվելու վայրի մասին»:
- Եթե հսկողությունը տևական է, «կեղծ հետքեր» թողեք ձեր սոցցանցերում և բանկային հավելվածներում: «Շաբաթներով պահեք ձեր արձակուրդների նկարները, այնուհետև դրանք հրապարակեք սոցցանցերում, երբ արդեն բավական ժամանակ կլինի, ինչ վերադարձել եք՝ այդպիսով ստիպելով մարդկանց կարծել, թե դուք դեռ Փարիզում եք»,— առաջարկում է Օստրովսկին: «Շեղեք նրանց ձեր հետքից. առաքումների համար գրանցեք տարբեր հասցեներ: Yelp-ում կեղծ հասցեով բիզնես ավելացրեք: Ձեր հաջորդ տեղափոխությունից հետո որպես ձեր հասցե օգտագործեք փոստային արկղը»:
Ինչպես որոշել, որ ձեր «պոչին» նստած են
- Ուշադրություն դարձրեք, թե ով է նստում նույն հասարակական տրանսպորտը, ինչ դուք: «Բայց արեք դա դիպվածաբար»,— ավելացնում է Օստրովսկին:
- Հետևեք, թե ովքեր են հեռանում այն հերթերից, որտեղ կա անվտանգության ստուգում: Դրանց թվում են դատարանների և օդանավակայանների մետաղորսիչ սարքերի և անցակետերի առջեւ հերթերը:
- Ձևացրեք, թե կարդում եք ռեստորանների ցուցափեղկերին փակցված մենյուները՝ միևնույն ժամանակ մերթընդմերթ զննելով աչքի ընկնող մարդկանց, օրինակ՝ նրանց, ում նույնպես հետաքրքրել է մենյուն: «Քայլելու ընթացքում շրջադարձեր կատարեք. մի՛ շրջանցեք թաղամասը, այլ քայլեք զիգզագաձև և ուշադրություն դարձրեք ետևում գտնվողներին»,— շարունակում է նա:
- Ուշադրություն դարձրեք մարդկանց կոշիկներին։ «Աշխատանքի մեջ դժվար է փոխել կոշիկները. դրանք լավ ցուցիչ են այն բանի, թե ինչ է պատրաստվում անել մարդն այդ օրը. փնտրեք [իրավիճակին անհամապատասխան կոշիկներ]»,— ասում է նա։ «Հսկողություն իրականացնելիս ես նախընտրում եմ ամռանը հագնել սև սպորտային կոշիկներ՝ հարմարավետության համար, իսկ ձմռանը՝ սև արշավային կոշիկներ»:
- Խնդրեք ընկերոջը դիտարկել ձեր հետևից եկող մեքենաները՝ հատկապես խաչմերուկներին: «Երբեմն, քիչ ծախս անելու համար մենք աշխատում ենք մեկ մեքենայով այն տեղերում, որտեղ մի քանի մեքենա է անհրաժեշտ, ինչը ձեզ հնարավորություն է տալիս նկատելու մեզ»,— նշում է Օստրովսկին: «Դուք կամ ձեր ընկերը կարող եք փնտրել այդպիսի նշաններ. օրինակ՝ ինչպես ձեր հետևից ընթացող մեքենան ուղիղ գնաց, երբ դուք շրջադարձ կատարեցիք, բայց մեկ թաղամաս հետո նորից հայտնվեց ձեր հետևում: Եթե դա կրկնվի երկու անգամ, ապա ձեզ հետևում են»:
- Ստիպեք ձեզ հսկող թիմին մոտենալ ձեզ պիկ ժամին: «Եթե դուք մարդաշատ մետրոյի վագոնում եք, մենք պետք է լինենք ձեզնից մեկ ձեռքի հեռավորության վրա, որպեսզի ձեր հաջորդ քայլը հաղորդենք մեր թիմի մնացած անդամներին»,— ասում է նա: «Դուք կարող եք նկատել մեզ. մենք չենք կարող տեսնել ամբոխի միջով։
- Կարդացեք գրքեր լրտեսման և ձեր թվային հետքերը վերացնելու մասին: Դրանց թվում են Մայքլ Բազելի «Բաց աղբյուրներով հետախուզության հնարքները» (Open Source Intelligence Techniques) կամ նույն հեղինակի «Ծայրահեղ գաղտնիություն. անհրաժեշտ քայլեր Ամերիկայում անհետանալու համար»: (Extreme Privacy: What it Takes to Disappear in America): Օստրովսկու խոսքով՝ «Այնտեղ հիանալի խորհուրդներ կան»:
Ինչ անել, եթե նկատել եք, որ ձեզ հետևում են
- Զանգահարեք ոստիկանություն, եթե կարծում եք, որ ձեզ վտանգ է սպառնում: «Եթե զգում եք, որ վտանգի մեջ եք, դուք պետք է զգուշացնեք ձեր աղբյուրներին և ձեր խմբագիրներին»,— ասում է նա: «Եթե զգում եք, որ վտանգն անխուսափելի է, պետք է դիմեք ոստիկանություն։ Սակայն դիմելու դեպքում դուք պետք է նկարագրեք տարբեր բաներ՝ մեքենայի գույնը, մակնիշը և մոդելը կամ համարանիշը, ցանկացած տարբերակիչ հատկանիշ, որտեղ և երբ եք ֆիքսել օպերատիվ աշխատողներին»։
- Մի՛ մոտեցեք ձեզ հետևող մարդկանց և ցույց մի՛ տվեք, որ նկատել եք նրանց: «Մի՛ կատաղեցրեք ինձ նման մարդկանց»,— ասում է Օստրովսկին։ «Կարևոր է թույլ չտալ հսկողության թիմին գիտակցել, որ դուք տեղյակ եք նրանց մասին, քանզի դա կարող է վերաճել սպառնալիքների կամ բռնության: Երբեք ձեռքով մի՛ արեք ինձ և միջնամատ ցույց մի՛ տվեք»:
- Կազմակերպեք կարևոր հանդիպումները դաշնային դատարաններում կամ օդանավակայանների՝ անվտանգության գոտիներում: «Հանդիպեք դաշնային դատարանի ներսում, որտեղ հետապնդողների թիմը չի կարող էլեկտրոնային սարքեր անցկացնել՝ ստիպված լինելով անվտանգության ստուգում անցնել»,— նշում է նա:
- Եթե դուք գտնվում եք պետական գործակալների հսկողության տակ, խորհրդի համար դիմեք իրավաբաններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շահույթ չհետապնդող կազմակերպություններին: «Citizen Lab-ը և Electronic Frontier Foundation-ը լավ տարբերակներ են դիմելու համար, եթե կարծում եք, որ դուք պետական մարմինների թիրախում եք»,— ասում է նա: «Եթե օտար երկրում ձեզ հետևում է ոստիկանությունը, դուք իսկապես պետք է հեռանաք կամ դիմեք ձեր երկրի դեսպանատուն, այլապես կարող եք լրջորեն վտանգել ձեր առողջությունը»:
- Աղբյուրների հետ շփվեք գաղտնագրվող հարթակներով և հանդիպեք միայն մեկ անգամ, եթե պետք է հանդիպել: «Եթե անձամբ պետք է հանդիպեք ձեր աղբյուրին, փորձեք սկզբում ընդամենը մեկ հանդիպում ունենալ, որի ընթացքում կարող եք ներկայացնել հետապնդմանը դիմագրավելու ձեր պլանը»,— ասում է նա: «Պետք է նաև այնպես անեք, որ չվախեցնեք աղբյուրին: Դուք կարող եք հանդիպման համար այնպիսի վայրեր փնտրել, որտեղ անծանոթները դժվարությամբ կարող են մուտք գործել»:
- Հորինեք ամենահասարակ նշանաբառեր՝ աղբյուրներին լրտեսման սպառնալիքի մասին զգուշացնելու համար: «Տարածված հնարք է, եթե պայմանավորվեք միմյանց դիմել փոքր-ինչ այլ կերպ, օրինակ՝ անվան փոխարեն կարող եք տալ ազգանունը, և աղբյուրը կհասկանա, որ ինչ-որ բան այն չէ»,— ասում է Օստրովսկին: «Նրանք գլխի կընկնեն, որ չպետք է քննարկել այն, ինչ պատրաստվում էիք քննարկել»:
- Նկատի ունեցեք, որ օպերատիվ աշխատողները կարող են ներկայանալ իբրև լրագրողներ և նույնպես «հարցազրույց» վերցնել ձեր աղբյուրներից: «Գործակալությունները նախկին լրագրողների են վարձել, որպեսզի վերջինները ձևանան իբրև գործող լրագրողներ՝ հասկանալու, թե ինչ են հայտնել աղբյուրներն այլ լրագրողների. վարձված լրագրողները երբեմն նույնիսկ լրագրողների հետ աշխատանքի ընդունման կեղծ հարցազրույցներ են վարել»,— ասում է նա: «Ինձ խնդրել էին հավաքագրող վարձել՝ [լրագրողի համար] կեղծ հարցազրույց բեմադրելու նպատակով»:
Կարդա՛ նաև
- Երբ ձեզ կամ ձեր աղբյուրին հետեւում են, պատմում է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը
Գլխավոր լուսանկարը՝ graphicriver.net կայքից
Ռոուեն Ֆիլփը GIJN-ի լրագրող է, նախկինում եղել է Հարավային Աֆրիկայում Sunday Times-ի գլխավոր թղթակիցը: Որպես արտասահմանյան թղթակից՝ նա աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից լուրեր է հաղորդել և նյութեր է պատրաստել քաղաքականության, կոռուպցիայի և հակամարտությունների մասին: |
Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։
Մեկնաբանել