HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Երբ ձեզ կամ ձեր աղբյուրին հետեւում են

Լրագրողները, որոնք վտանգավոր թեմաներ են հետաքննում, հաճախ հետապնդման կամ լրտեսության թիրախ են դառնում։ GIJN-ի մասնագետները բազմաթիվ խորհուրդներ են տալիս, թե ինչպես լրագրողները խույս տան իրենց լրտեսողներից, ինչ հակաքայլեր ձեռնարկեն։ Այս նյութում «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը պատմում է իրեն հետևելու փորձերի մասին։ 

2003-2004 թվականներին մի բանկի հետ կապված հետաքննություն էի անում (հետո փակվեց այդ բանկը)։ Դրա ղեկավարներից մեկը փախուստի մեջ էր և ուզում էր լրագրողների միջոցով բարձրաձայնել իր վրա գործադրվող ճնշումների մասին։ Ոստիկանությունը նրան փնտրում էր, բայց չէր կարողանում գտնել։ Ես այդ ընթացքում նյութեր էի հրապարակում, որոնցում ակնհայտ էր, որ ինֆորմացիայի աղբյուրն ինքն է, բաներ կային, որ միայն ինքը կարող էր ասել, և ես մի երկու անգամ խոսել եմ իր հետ։ Այդ ժամանակ Ոստիկանության մի պաշտոնյա ինձ հրավիրեց հանդիպման ընկերներիցս մեկի միջոցով, միջնորդ էր ընտրել, որ հանդիպումը հրապարակային չլինի, ուղղակի ուզում էր հետս զրուցել։ Ոստիկանության պաշտոնյան ասաց՝ մենք գիտենք, որ դու իր հետ հանդիպում ես, կարո՞ղ ես մեզ օգնել՝ գտնենք իրեն։ Ասացի՝ եթե գիտեք, որ հանդիպում եմ, հավանաբար ինձ հետևում եք։ Ժպտաց, ասացի՝ դե եթե հետևում եք, բայց չեք կարողացել բռնել, ուրեմն լավ չեք հետևում։ Կասկածում էի, որ ինձ հետևում էին, մի երկու անգամ նկատել էի, որ ինչ-որ մեքենա հետևում է ինձ քաղաքում։ Այդ ժամանակ մեքենաս ինչ-որ տեղ կանգնեցնում էի, մետրոյով էի տեղաշարժվում, և իսկապես հանդիպել էի երկու անգամ այդ բանկի ղեկավարին, հիմա այդ մարդը Հայաստանում չէ, փախուստի մեջ է, երկու տարի առաջ իմացա՝ որտեղ է։ Դա առաջին դեպքն էր, երբ ինձ մոտավորապես հասկացրին, որ ինձ հետևել են, բայց չեն կարողացել գտնել իմ աղբյուրին։

— Երբ ինֆորմացիայի աղբյուրի հետ պայմանավորվում եք հանդիպման համար, երկուստեք անվտանգության ինչ-որ միջոցառում մշակո՞ւմ եք։

— Այդ դեպքերում առաջինը մտածում եմ ոչ թե իմ, այլ իմ աղբյուրի անվտանգության մասին, որովհետև իբրեւ լրագրող դու պաշտպանվելու բազմաթիվ հնարավորություններ ունես, կարող ես միանգամից հայտարարել, որ քեզ վրա ճնշում են գործադրում, քեզ հետևում են, չնայած ես նման բան չեմ արել։ Առաջինը՝ պետք է իսկապես ամեն ինչ անես, որ ինֆորմացիայի քո աղբյուրը չբացահայտվի, որովհետև մեր երկրում եղել են ժամանակներ, երբ կարող էին հաշվեհարդար տեսնել՝  բռնության ենթարկել, հարազատների վրա ճնշումներ գործադրել, այդպիսի բազմաթիվ դեպքեր եղել են և այդ դեպքերն իրականում հիմա էլ շարունակվում են՝ հարազատներին գտնելը, քո և հարազատներիդ մասին մանրամասն ինֆորմացիա հավաքելը։ Իշխանությունը միշտ իր լծակներն օգտագործում է, և հիմա էլ ակնհայտ է, որ մեր լրագրողների վերաբերյալ տեղեկատվություն են հավաքում իրավապահ մարմինները, իշխող կուսակցության անդամները։

— Օֆշորի գործով Ձեր հանդիպումների մասին՝ դեռեւս հետաքննության փուլում, այլ լրատվամիջոցներ էին գրում, դա ցույց էր տալիս, որ Ձեզ հետևում են և այդ ինֆորմացիան տալիս են յուրային լրատվամիջոցներին։ Այդ պարագայում Դուք Ձեր հաջորդ հանդիպումների համար ձեռնարկու՞մ էիք անվտանգության միջոցառումներ։

— Այս օրինակում ամբողջ խնդիրն այն է, որ ընդհանրապես փակ հանդիպում չի եղել, ես արդեն հոդվածներ էի հրապարակում և սրճարաններից մեկում հանդիպել եմ, այսպես ասած, իմ «հերոսի» հետ և կարիք չկար ընդհանրապես նրա հետ փակ հանդիպում ունենալ, ուղղակի դա ցույց տվեց, որ մեզ հետևում են։ Ինձ հետևում էին, դա փաստ էր, որովհետև հրապարակեցին, որ ես սրճարանում հանդիպել եմ նրա հետ, ընդ որում՝ սրճարանում ես միայնակ չէի, մի քանի հոգով էինք, մեր խմբագրությունից երկու հոգի էինք կարծեմ, նույնիսկ ուրիշ թերթից մի ուրիշ լրագրող էլ կար։ Գուցե հատուկ էին գրել, որ իմանամ՝ հետևում են, չգիտեմ, այդպես էլ չհասկացա, թե ինչու էին գրել այդ հանդիպման մասին։

— Հետաքննությունների ժամանակ Դուք Ձեր թիմի անդամներից ոմանց տեղեկացնու՞մ եք՝ ում հետ եք հանդիպում, ինչ եք անում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որ եթե ինչ-որ բան պատահի, մարդիկ լինեն, որոնք իմանան՝ ուր եք գնացել, ում հետ եք հանդիպել, ինչի վրա եք աշխատում։ Կարևո՞ր է դա։

— Այո, կարևոր է. երբ գիտեմ, որ դրա մեջ ինչ-որ վտանգ կա, միշտ տեղեկացնում եմ գոնե մի երկու հոգու, թե ուր եմ գնում։ Եթե շատ վտանգավոր է լինում, նաև ասում եմ իմ ընկերներից մեկին, որ ես գնում եմ այսինչ մարդկանց, օրինակ՝ մի օլիգարխի թիկնապահների հետ հանդիպեմ։ Այդպիսի դեպք եղել է՝ օլիգարխներից մեկի թիկնապահների հետ էի հանդիպել, այդ ժամանակ զգուշացրել էի ընկերներիցս մեկին, որովհետև թիկնապահների այդ խումբը հայտնի էր բռնություններով, բայց սովորաբար ես մարդկանց հետ կարողանում եմ «լեզու գտնել»։

— 2008-ին Ձեզ վրա հարձակումից առաջ Դուք նկատե՞լ էիք, որ Ձեզ հետևում են։

— Այո, դրանից առաջ մի քանի անգամ նկատել էի, որ մեքենայիս մոտ ինչ-որ մարդիկ են կանգնած, բայց այդքան ուշադրություն չէի դարձրել, որովհետև խմբված մարդկանց ամեն տեղ կարող ես հանդիպել, մտածում էի՝ երևի կանգնած զրուցում են։ Հարձակումից հետո հիշեցի, որ նկատել էի մարդկանց։ Հարձակվողներին ես չեմ տեսել, մութ էր հարձակման օրը, չեմ կարող ասել՝ նույն մարդիկ էին, թե ոչ։

— Այդ դեպքից հետո ի՞նչ փոխվեց Ձեր գործելակերպում։

— Առանձնապես բան չփոխվեց, բացի նրանից, որ շատ երկար ժամանակ, երբ հետևիցս քայլեր էի լսում, անկախ ինձնից՝ շրջվում էի։ Առաջ նման բաներին ուշադրություն չէի դարձնում, հիմա ենթագիտակցորեն ինչ-որ բան ինձ ստիպում է հետևիցս եկող ոտնաձայներին ուշադրություն դարձնել։

— Ֆիզիկականից բացի, լրտեսելու կամ հետևելու այլ եղանակներ էլ կան։ Խոսենք թվային հետքերը թաքցնելու՝ թվային անվտանգության մասին։

— Երբ Հայաստանում «Պեգասուս» լրտեսական ծրագրի դեպքերը բացահայտվեցին, ում հեռախոսում որ ներդրել էին այդ ծրագիրը, երկուսի հետ կապ ունեի, մեկը քաղաքական գործիչ էր, մյուսը՝ պաշտոնյա։ Նրանց հետ ես շփվել էի, դա նշանակում է, որ անուղղակի դարձել էի «Պեգասուսի» զոհ, որովհետև մուտք էին գործել նրանց հեռախոսների մեջ, որտեղ ինձ հետ նամակագրություն կար, նշանակում է՝ ես իրենց թիրախում եմ հայտնվել։ Եղել են նաև իմ էլեկտրոնային փոստը կոտրելու բազմաթիվ փորձեր, Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ ֆեյսբուքյան էջիս վրա հարձակումներ։ Եթե որոշել են քեզ հետևել, քո հեռախոսը լսել, դու թիրախ ես, միևնույն է՝ իրենց տեխնիկան ավելի լավն է, և դու ինչքան էլ փորձես քեզ պաշտպանել, եթե դու թիրախում ես, մնալու ես թիրախում։ Եթե որոշել են քեզ բռնության ենթարկել, միևնույն է՝ ինչքան էլ անվտանգությունդ ապահովես, ինչ-որ պահի դա լինելու է։ Այնուամենայնիվ, ես պահպանում եմ թվային անվտանգության կանոնները. իմ բոլոր հաշիվների համար՝ էլեկտրոնային հասցե, սոցցանցերի էջեր, կիրառում եմ երկմակարդակ անվտանգություն, պարբերաբար փոխում եմ գաղտնաբառերս։

— Դուք Ձեր առօրյա հեռախոսում, ինչքան գիտեմ, չեք օգտագործում ինտերնետ, անհրաժեշտության դեպքում օգտվում եք «Սիգնալ» հավելվածից։

— Հեռախոսով սոցիալական ցանցերով շատ չեմ հաղորդակցվում՝ հենց անվտանգությունից ելնելով, որովհետև գուցե իմ հեռախոսն անվտանգ լինի, բայց ում հետ նամակագրության մեջ եմ, նրա հեռախոսով հետևեն։ Հիմա «Սիգնալ»-ով եմ շփվում, «Տելեգրամ»-ով, բայց ես վստահ եմ, որ դրանք էլ անվտանգ չեն, ուղղակի դեռ բացահայտումներ չեն եղել։ Ինչ-որ ծրագիր եթե կա, նշանակում է դա կոտրելու մեխանիզմն էլ կա, ուղղակի ինչ-որ մի փուլում է հայտնի դառնում, դրա համար ինչքան էլ դժվար լինի, միշտ պետք է աղբյուրների հետ անձնապես հանդիպել, չշփվել սոցիալական ցանցերով, հեռախոսով։

— Բայց ստացվում է՝ այդ հանդիպումներն էլ անվտանգ չեն, ի՞նչ խորհուրդ եք տալիս՝ ավելի շատ հանրային վայրերու՞մ հանդիպել աղբյուրների հետ, թե՞ փակ վայրում, որտեղ որ աղբյուրին ավելի հարմար կլինի։

-Մի դեպք պատմեմ. նախարարներից մեկի խորհրդականը պիտի ինձ հետ հանդիպեր, հանդիպման նախաձեռնությունն իրենն էր։ Հանդիպումը նշանակել էր մի շատ վատ համբավ ունեցող մոթելում։ Երբ մտա, առաջին բանը, որ տեսա, մի գրություն էր՝ ժամը 8000 դրամ։ Այսինքն՝ երբեմն ինֆորմացիայի աղբյուրներն են ընտրում հանդիպման վայրը, երբեմն դա կարող է լինել Կենտրոնի սրճարաններում, որ կասկածի տեղիք չտա։ Իրականում ամեն մի պատմություն այնքան յուրահատուկ է։ Մի անգամ առողջապահության ոլորտի հետաքննություն էինք անում։ Ինֆորմացիայի աղբյուրը միշտ տարբեր հեռախոսահամարներից էր զանգում ինձ, մի անգամ նույնիսկ եկել էր մեր տուն: Ես չգիտեի, թե որտեղից է իմացել իմ հասցեն, այդ ժամանակ դեռ ընտրողների ռեգիստրը չկար։ Ինչպես հետաքննությունները երբեք իրար նման չեն լինում, այնպես էլ ինֆորմացիայի աղբյուրը կարող է յուրահատուկ լինել։

— Հետաքննությունների ժամանակ հազարավոր փաստաթղթերի հետ գործ ունեք, էլեկտրոնային նամակների։ Այդ նյութերի պահպանության մասին ի՞նչ ձևով եք հոգ տանում, ի՞նչ քաղաքականություն ունեք։

— Նայած ինչ հետաքննություն է, որովհետև հետաքննություն կա, որ դու չես կարող բազաները տեղափոխել, քեզ մոտ պահել, այսինքն՝ միանգամից բազաներում ես աշխատում, այնտեղ մուտք գործելիս մի քանի անվտանգային շերտ կա։ Ընդհանրապես խորհուրդ ենք տալիս համակարգիչներում չպահել այդ տվյալները։ Եթե համակարգիչն ինտերնետին է միացված, դա արդեն վտանգավոր է, պետք է այլ կրիչների վրա պահել։ Մենք հիմա բազաներ ունենք, որտեղ այդ տեղեկությունները կան, ուղղակի մուտք ենք գործում այդտեղ, խոսքը միջազգային հետաքննությունների մասին է։ Տեղական պատմությունների ժամանակ ես ունեմ համակարգիչ, որը չեմ միացնում ինտերնետին, շատ հազվադեպ, միայն կարգավորումները թարմացնելու համար։ Երեք համակարգչի վրա ունեմ տվյալները, այդ համակարգիչներն էլ տարբեր տեղերում են։ Ես սիրում եմ գրառումներ անել, իրականում ամենավստահելին միշտ մնում են թղթի վրա արված գրառումները։ Իսկ ամենագլխավորը քո հիշողությունն է, որտեղ դու կարողանում ես պահել բաներ, որոնք ոչ մի տեղ չկան՝ ո՛չ համակարգչում, ոչ՛ թղթի վրա։ Բարեբախտաբար, ես լավ հիշողություն ունեմ, ես հիշում եմ «մանրուքներ», որոնք հետո հիշեցնում են ծավալուն պատկերը: Հիշողությունն էլ կարող ես դասակարգել այնպես, ինչպես համակարգչում ֆայլերն ես պահում: Ես միշտ ասում եմ՝ ամենաապահովն իմ գլուխն է։ Երբ ինձ վրա հարձակում էր եղել, գլուխս էին վնասել մի քանի տեղից, ընկերներիցս մեկը զանգել էր բժշկին և ասել՝ էդ տղայի գլուխը պետք է լավ նայեք, որովհետև հանրագիտարան է, հանկարծ բան չպատահի։ Ամենակարեւոր ինֆորմացիան միշտ պետք է գլխումդ պահես, որովհետև ոչ մեկին չես կարող վստահել։ Գրառումները կարևոր են, բայց դրանց մեծ մասին չես հասցնում անդրադառնալ։

Սովորաբար ասում են, որ եթե վտանգավոր տեղ եք գնում, մեքենայի վրա GPS դրեք, բայց դա արդեն քեզ թիրախ է դարձնում,  սկսում են քեզ հետևել, հատկապես ռազմական գործողությունների վայրերում։ Հեռախոսիս վրա լոկացիան երբեք չեմ ակտիվացնում։ 

— Եղե՞լ է դեպք, որ նկատեք՝ Ձեզ հետևում են ու արագ փոխեք պլանները, այսինքն՝ աղբյուրի հետ չհանդիպեք։

— Եղել է նման դեպք։ Օրինակ՝ իրավապահ համակարգից մարդ կար, որի հետ, ինչքան էլ տարօրինակ թվա, հանդիպում էի թատրոնի շենքում։ Առաջին հերթին կարևոր է ինֆորմացիայի աղբյուրի անվտանգությունը, հետո՝ լրագրողինը։ Միշտ էլ վտանգավոր թեմաներ կան, որովհետև իշխանություն ունեցողները միշտ իրենց լծակներն օգտագործում են՝ անկախ նրանից՝ ինչ իշխանություն է, ոնց են եկել իշխանության, որովհետև շատ կարճ ժամանակում նրանք իրենց համակարգն են ստեղծում, իշխանությունը պահելու բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով շրջապատում իրենց։ Ես միշտ ասում եմ՝ իշխանությունն իրականում չի փոխվում։

— Չե՞ք մտածում, որ եթե Ձեզ վրա հարձակման ժամանակ ավելի աչալուրջ լինեիք, կարող էիք խույս տալ այդ միջադեպից։

— Կարող է այդ անգամ այդտեղից խույս տայի, բայց մի ուրիշ տեղ լիներ հարձակումը։ Անընդհատ չես կարող սեւեռվել քո անվտանգության վրա, որոշ ժամանակ անց կթվա, թե քեզ ամենուր հետևում են։ Արտերկրի փորձագետները խորհուրդ են տալիս վտանգ զգալու դեպքում լքել երկիրը։ Բայց մեզ նման երկրներում դա այդքան էլ հեշտ չէ, պետք է վիզա ստանալ, նշես իրենց երկիր գնալու նապատակը, բնակության հասցեն, իսկ դրա մասին դու չես ուզում ասել, եւ ընդհանրապես վիզա ստանալը շատ երկարատև պրոցես է։ 

Այս նյութը պատրաստվել է իբրեւ Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի ուղեցույցի գործնական դեպքի ուսումնասիրություն՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter