HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

VR դասընթացներ ռիսկային գոտում աշխատող լրագրողների համար՝ լրագրողների կողմից

Լրագրող Քեյթը  և օպերատոր Օլիվիեն 2011թ․-ին լուսաբանում էին Լիբիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմը։ Ռեպորտաժներից մեկի պատրաստման ժամանակ  հրթիռային հարվածից օպերատորը ստանում է լուրջ վիրավորում։ Լրագրող Քեյթ Փարքինսոնը, ով  ուներ առաջին օգնություն ցուցաբերելու գիտելիքներ, սառչում է տեղում, չի կողմնորոշվում՝ ինչ անել, վիրավորի կյանքը հաջողվում է փրկել ապստամբ ուժերի բժիշկների շնորհիվ։ Հետագայում այդ դեպքը հանգիստ չի տալիս Քեյթին, նա ով անցել էր  վերապատրաստման դասեր, հասկանում է, որ այդ դասընթացներից ոչ մեկը չէր նախապատրաստել իրեն այդպիսի սթրեսային իրավիճակի, նման տրավմատիկ իրադարձության:

Այս դեպքն առիթ է հանդիսանում՝ տարիներ հետո լրագրողներ Քեյթ Փարքինսոնի և իր գործընկեր Աելա Քալանի համար ստեղծելու  Head Set կազմակերպությունը։ Այն VR-ի (վիրտուալ իրականություն) միջոցով կազմակերպում է դասընթացներ կրիտիկական իրավիճակներում աշխատող լրագրողների համար։ Դասընթացներն անցնում են հույզերի կառավարման, առաջին բժշկական օգնության և ճկունության զարգացման համար մշակված SMART ծրագրով։

«Մենք ստեղծում ենք վիրտուալ աշխարհ՝ վտանգավոր իրավիճակներում աշխատող լրագրողների փորձառություններից հավաքված կրիտիկական սցենարներով։ Մտնելով այդ աշխարհի մեջ՝ դասընթացի մասնակիցները սովորում են կառավարել իրենց հույզերը, ճիշտ կողմնորոշվել բարդ իրավիճակներում»,- պատմում է կազմակերպության համահիմնադիր, վտանգավոր գոտիներում աշխատելու 20 տարուց ավելի փորձ ունեցող լրագրող Աելա Քալանը։

Աելան պատմում է, որ իրենք միտք չեն ունեցել մտնել տեխնոլոգիական ոլորտ, դա ստացվել է հանգամանքների բերումով։ 2018թ․-ին Աելան և Քեյթը Google-ից ստացել էին դրամաշնորհ, որի շրջանակում պետք է մշակեին ծրագիր՝ նորությունները VR տեխնոլոգիաների միջոցով փոխանցելու համար։ Ծանոթանալով նոր տեխնոլոգիաների հետ՝ նրանք հասկանում են, որ այն լավագույնս կարելի է օգտագործել լրագրողներին սիմուլյացիայի միջոցով կրիտիկական իրավիճակներին պատրաստելու համար։ Ստանալով բրիտանական «Innovate UK» նախագծային հիմնադրամի կողմից դրամաշնորհ՝ լրագրողները սկսում են իրենց նախագիծը:

«Աշխարհում շատ լրագրողներ վտանգավոր առաջադրանքներ են կատարում՝ քիչ կամ առանց վերապատրաստման: Մենք ուզում ենք փոխել դա։ Երբ ես լրագրող էի, այս տեսակ թրեյնինգներ չկային, որը հիմա մենք ենք կազմակերպում։ Ես ինքս կուզեի ժամանակին ստանալ այդ դասերը։ Մեր տեսլականն այն է, որ աշխարհի բոլոր խմագրություններին հասանելի լինի սա, բոլոր լրագրողները հնարավորություն ունենան մասնակցելու այս դասընթացներին»,-  ասում է Head Set կազմակերպության համահիմանդիր Աելա Քալանը, ով 2023թ․-ի սեպտեմբերի 6-8 Հայաստանում էր։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում «Լրագրողների անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» ծրագրի շրջանակում Աելա Քալանն անցկացրեց եռօրյա դասընթաց լրագրողների անվտանգության դասընթացների վերապատրաստող-հրահանգիչների համար։

Դասընթացը իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» ծրագրի շրջանակում՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։

Գլխավոր լուսանկարում՝ Աելա Քալան և Քեյթ Փարքինսոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter