
«Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ». Արեգ Բալայանի ֆոտոշարքը
2020թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո պաշտոնապես 195 անձ մինչ օրս համարվում է անհայտ կորած: Պատերազմի անմիջական և ուղղակի ազդեցությունը կրած անհայտ կորած անձանց ընտանիքները ապրում են անորոշության մեջ, շատ դեպքերում ունեն հոգեբանական, իրավական աջակցության կարիք:
Օգոստոսի 30-ին՝ անհայտ կորածների միջազգային օրը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Արմավիր քաղաքում կազմակերպել էին «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» ֆոտոցուցահանդեսը։
Արեգ Բալայանի լուսանկարները պատմում են 2020թ․ աշնանն իրենց հարազատի անհայտ կորելուց հետո հույսի և հուսահատության միջև ապրող ընտանիքների կյանքը։
Յուրաքանչյուր առարկա և վայր ունի հատուկ նշանակություն, յուրաքանչյուր պատկերված անկյուն ամփոփում է ընտանիքների անսահման սպասումը, չանհետացող հույսը։
Ներկայացնում ենք Արեգ Բալայանի «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» ֆոտոշարքից լուսանկարներ, անհայտ կորածների հարազատների ուղեկցող տեքստերով։
«Պատերազմ գնալու օրը որդիս հագից հանել է կոշիկները, հագել է իր զինվորական կոշիկները, ու այդ օրվանից մինչ օրս նրա կոշիկները մերի կողքին դրված սպասում են վերադարձին․․․»: Պետրոսյան Նվարդ, անհայտ կորածի մայր
«Սպասելով բանաստեղծ ենք դառնում, հեքիաթագիր ու պատմաբան։
Սպասելով ապրում ենք ու վերջում մահանում:
Աշխարհն անզոր է սիրո հավերժը կտրելու համար…»: Նահապետյան Մարգարիտա, անհայտ կորածի քույր։
«Մեքենայի նստատեղին դրված այս զինվորական համազգեստը որդուս ձեռքով է դրված, ինչը մեզ հուշում է սպասել առանց մտորումների։
Ճիշտ է՝ գալու է, բայց հարց է՝ հագնելո՞ւ է իր համազգեստը, թե` ոչ։ Համազգեստին նայելով՝ զգում ենք, որ մեր որդին ֆիզիկապես է բացակա, բայց հոգեպես ընդմիշտ մեզ հետ է։ Սպասում ենք, որ նորից վերցնելու է համազգեստը, և կյանքը շարունակվելու է, և մեր սպասումներն էլ արդարացվեն»: Կոստանյան Լյուդմիլա, անհայտ կորածի մայր։
«Այս խորհրդավոր ճանապարհով գնաց իմ որդին»: Սաղաթելյան Սաթենիկ, անհայտ կորածի մայր
«29.09.2020թ.-ից մինչ օրս հագուստդ դրված է այս աթոռին և սպասում է քեզ, որ գաս ու նորից հագնես»: Սարգսյան Լուսինե, անհայտ կորածի կին։
Լուսանկարները` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի էջից
Մեկնաբանել