HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արամ Դանիելյանի ներկայացուցիչը պնդում է, որ 1 տարի է՝ ապօրինի գույքի գործով ապացույցները չեն ստացել դատախազությունից

Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 13-ին, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, շարունակվեց Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և վերջինիս փոխկապակցված երկու անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը ներկայացրեց միջնորդություն՝ էլեկտրոնային ապացույցների ներկայացման էլեկտրոնային կարգ սահմանելու և ապցույցների հետազոտման համար տեխնիկական միջոցներ կիրառելու մասին: Ըստ դատախազի` Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով էլեկտրոնային ապացույցները մեծ մաս են կազմում, և դրանցից շատերը հնարավոր չեն ներկայացնել թղթի վրա տպված վիճակում, հետևաբար՝ դատական խնայողության, արդյունավետության և գործի ողջամիտ ժամկետում քննման տեսանկյունից նպատակահարմար է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:

Պատասխանողի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հարցրեց, թե ինչու դատախազությունը չի ցանկանում ներկայացնել թղթի վրա տպված տարբերակով: Արտաշեսյանը կրկնեց, որ խնայողության և գործի քննման արդյունավետության տեսանկյունից է, որ ցանկանում են էլեկտրոնային եղանակով ներկայացնել:

Սիրունյանը հարցրեց, թե դատախազը խնայողություն ասելով` ի՞նչ նկատի ունի և ու՞մ միջոցների խնայողության մասին է խոսում. «Խնայողության մասին որ խոսում եք, նկատի ունեք` Ձեր բերած 800 թերթը քսերոքս անե՞լը»,- ասաց փաստաբանը: Նաիրա Արտաշեսյանն ասաց, որ պատասխանողի ներկայացուցչի հարցերին արդեն պատասխանել է և ոչինչ չհավելեց:

Սիրունյանի համոզմամբ` թղթային տարբերակով ապացույցների հետազոտումն առավել արդյունավետ կլինի, քան էլեկտրոնային: Բացի այդ` Սիրունյանի պնդմամբ` այն ապացույցները, որոնք դատախազությունը ստացել է էլեկտրոնային կապի միջոցով, կարելի է հետազոտել էլեկտրոնային եղանակով` տեխնիկական միջոցների կիրառմամբ, սակայն այն ապացույցները, որոնք դատախազությունը ստացել է թղթային տարբերակով կամ սկավառակով, չի կարելի ուսումնասիրել դատախազության նշած եղանակով:

Դատարանը բավարարեց դատախազի ներկայացրած միջնորդությունը` միևնույն ժամանակ հայտնելով, որ տեխնիկական միջոցները, որոնց օգնությամբ հետազոտվելու են ապացույցները, կտրամադրի դատարանը:

Սիրունյանը հայտարարեց նաև, որ արդեն 1 տարի է` չեն ստացել ապացույցները դատախազության կողմից որևէ եղանակով: Դատախազը պնդեց, որ տրամադրվել է ամբողջը, Սիրունյանն էլ իր հերթին բազմիցս պնդեց, որ չեն ստացել:

Սիրունյանի խոսքով` օրենքը սահմանում է, որ դատախազությունը պարտավոր էր բացահայտել այն ապացույցները և փաստերը, որոնց հղում են կատարվում: Սակայն, ըստ նրա, դատախազության տրամադրած նյութերում չկա հստակ բաժանում, թե որն է փաստաթուղթ և որը ապացույց: Դատախազ Նաիրա Արտաշեսյանն էլ հայտնեց, որ բոլորը բացահայտել են, այդ թվում` մինչև հայց ներկայացնելը` ուսումնասիրության ընթացքում:

Հաջորդիվ դատարանը անցավ պատասխանողների ներկայացուցիչների ներկայացրած միջնորդությունների քննարկմանը: Ալեքսանդր Սիրունյանը ներկայացրել էր 26 միջնորդություն:

Նրա առաջին միջնորդությունը ապացույցների պարտականության որոշման լրացմանն էր վերաբերում: Սիրունյանն ասաց, որ դատախազության ուսումնասիրության մեջ, որը շուրջ 20 տարի է ընդգրկում, կարմիր գծով անցնում է այն միտքը, որ պատասխանողների ծախսերից դուրս է գալիս որոշակի գումար, որը նվազագույն զամբյուղի արժեքն է: 

Սիրունյանն ասում է, որ ուսումնասիրել է նվազագույն զամբյուղը ըստ տարիների և դրա համաձայն` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի օրական ուտում է 1 կգ 900 գրամ մթերք, ապա թվարկում, թե ինչ մթերքներ են դրա մեջ մտնում: Սիրունյանի խոսքով` իր վստահորդը օրական այդքան մթերք չի կերել: Նա խնդրում է դատարանին իրավասու մարմնի վրա դնել պարտականություն` սպառված նվազագույն զամբյուղի չափն ապացուցելու մասին:

«Ամեն տարվանից էսքան թիվ հանում եք, որովհետև Դանիելյան Արամի կինը ձուկ է կերել: Բայց նա ամեն օր ձուկ չի ուտում ու առհասարակ ձուկ չի ուտում»,- ասում է Սիրունյանը` հավելելով, որ շատ մթերքներ էլ կան նվազագույն զամբյուղում նշված, որ չեն սպառել իր վստահորդները:

Սիրունյանն ասում է` ընտանիքի 4 անդամների հաշվարկով 20 տարվա ընթացքում հանել են նվազագույն զամբյուղի արժեքը, որը, ըստ փաստաբանի, մեծ թիվ է կազմում. «մի մեքենայի փող է»,- ասում է Սիրունյանը:

Դատախազ Նաիրա Արտաշեսյանը ամբողջությամբ առարկեց միջնորդության դեմ: Նրա խոսքով` նվազագույն զամյուղի մասին տեղեկությունը վերցրել են պետական մարմնից, իսկ օրենքը սահմանում է, որ պետական մարմնի տված փաստաթղթի իսկությունը վիճարկող անձն է կրում փաստաթղթի ոչ իսկական լինելն ապացուցող պարտականություն, ուստի ըստ դատախազի` պատասխանողների ներկայացուցիչները պետք է ապացուցեն նվազագույն զամբյուղի մասին փաստաթղթի ոչ իսկական լինելը։ 

Դատավոր Կարապետ Բադալյանն ասաց, որ նվազագույն սպառողական զամբյուղը օրենքով սահմանված և որոշակի ստանդարտներին համապատասխանող զամբյուղ է, որի բյուջեն որպես կանխավարկած է սահմանել օրենքը։ Դատավորի խոսքով՝ այս պարագայում գործ ունեն կանխավարկածի հետ, իսկ կանխավարկածը փաստի մասին ենթադրություն է, որը իրավացի ու ճիշտ է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը ապացուցված չէ։ Դատարանն ասաց՝ քանի որ նվազագույն սպառողական զամբյուղի բյուջեն կանխավարկած է, հետևաբար՝ հայցվորն ազատվում է դա ապացուցելու պարտականությունից, և ապացուցում է այն կողմը, որը հակառակն է պնդում։ Դատավորը այս պատճառաբանությամբ մերժեց միջնորդությունը։

Հաջորդ միջնորդությամբ Սիրունյանը դատարանին խնդրում էր ՊԵԿ-ից պահանջել «Մանան Ռաժ» ընկերության հարկային գործը։ Ավելի վաղ այս ընկերության մասով դատախազությունը հրաժարվել էր պահանջից, սակայն Սիրունյանի համոզմամբ՝ Արամ Դանիելյանը, լինելով այդ ընկերության հիմնադիրը և միակ մասնակիցը, ստացել է եկամուտներ, գույքր, և  փաստաթղթերը պետք են։ Արամ Դանիելյանն անձամբ ներկա էր նիստին։ Դատարանը նրան հարցրեց, թե ինչքան գումար է ստացել այս ընկերությունից, Դանիելյանն ասաց, որ չի հիշում, թե իր գումարների որ մասն է այդ ընկերությունից ստացածը, բայց բավականին շատ գումար է եղել, բացի այդ՝ ընկերությանը պատկանող ռեստորան է եղել, որը ևս անցել է իրեն։ 

Դատարանն ասաց՝ քանի որ հարկային մարմնին այդ փաստաթղթերը ներկայացնողը եղել է Արամ Դանիելյանը, ընկերությունից ստացված գումարներն էլ Դանիելյանի տրամադրության տակ են, ուստի հարկայաինից չեն կարող պահանջել մի բան, որը իրենց տրամադրության տակ է։ Դատարանը անհիմն որակեց միջնորդությունը և մերժեց։ Սիրունյանը ցանկանում էր առարկություն ներկայացնել, դատարանը չթույլատրեց շարունակել։ Արամ Դանիելյանն էլ որոշման ընդունումից հետո ասաց, որ փաստաթղթերը ներկայացրել է հարկայինին, սակայն իր մոտ դրանց օրինակները չեն պահպանվել, քանի որ անցել է 15 տարի։

Սիրունյանը միջնորդեց նաև, որ Արամ Դանիելյանը հետագայում իր բացատրությունները ներկայացնի վկայի կարգավիճակով, դատարանը բավարարեց այս միջնորդությունը։ 

Մեկ այլ միջնորդություն էլ վերաբերում էր «Ավտոռադ» ընկերությանը։ Պատասխանողի ներկայացուցչի խոսքով՝ հայցվորը համարել է, որ այս ընկերության ստեղծման համար Դանիելյանը չի ունեցել 25 հազար դրամ, հետևաբար՝ հետագայում այս ընկերությունից ստացված եկամուտները ևս համարվել են անօրինական։ Սիրունյանի խոսքով՝ այդ 25 հազար դրամը Դանիելյանը չի մուծել։ Արամ Դանիելյանը ևս դատարանի դահլիճում հայտարարեց, որ ինքը չի մուծել։

Սիրունյանի խոսքով՝ ընկերությունում 50 տոկոս մասնակցություն է ունեցել Դանիելյանը, հաջորդ 50 տոկոս մասնակցությունը ունեցել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը։ Ընկերությունը ստեղծելու համար նրանք 25 հազարական դրամ պետք է վճարում իրականացնեին։ Ըստ փաստաբանի՝ Հակոբ Շահգալդյանը իր վարորդին տվել է 50 հազար դրամ, որ մուծի իր և Դանիելյանի փոխարեն։ Հետևաբար՝ այդ 25 հազար դրամը, ըստ Սիրունյանի, նվեր է եղել Դանիելյանին։ Ալեքսանդր Սիրունյանը միջնորդեց «Ավտոռադ» ընկերության նախկին տնօրեն Հրաչյա Հուսիկյանին ներգրավել որպես վկա, ով երրորդ անձ է այս պատմության մեջ և կարող է պատմել, թե ինչպես է վճարվել այդ 25 հազար դրամը Արամ Դանիելյանի փոխարեն։

Դատախազը առարկեց միջնորդության դեմ։ Դատավորը մերժեց միջնորդությունը և բավարար համարեց այն, որ Արամ Դանիելյանը դահլիճում հայտնեց, թե ինչպես է կատարվել այդ վճարումը։ 

Հաջորդիվ Սիրունյանը միջնորդեց «Ավտոռադ» ընկերության ներկայիս տնօրենին ներգրավել որպես վկա նույն հիմքերով, դատարանը կրկին մերժեց։ Եվս մեկ միջնորդությամբ էլ Սիրունյանը դատարանին խնդրեց որպես վկա ներգրավել «Ավտոռադ» ընկերությունում 50 տոկոս մասնակցություն ունեցող Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին, դատարանը նորից մերժեց միջնորդությունը։

Պատասխանողների ներկայացուցիչների կողմից մի քանի միջնորդություն ևս ներկայացնելուց հետո դատարանը հայտնեց, որ անցնում են ապացույցների թույլատրելության և վերաբերելիության հարցին։ Այս փուլում լարված իրավիճակ ստեղծվեց դահլիճում, պատասխանողների ներկայացուցիչները շարունակաբար պնդում էին, որ ապացույցներ չեն ստացել դատախազության կողմից, որ դրանց վերաբերելիության կամ թույլատրելիության վերաբերյալ միջնորդություններ ներկայացնեն։ Իսկ դատախազը հայտնում էր, որ բոլոր նյութերը տրամադրվել են պատասխանողներին։ Դատախազը հարցրեց, թե այդ դեպքում 1 տարվա ընթացքում ինչու՞ չեն դիմել դատարանին, որ ծանոթանան։ Սիրունյանն էլ պատասխանեց, թե իրենք ինչու պետք է դիմեն դատարանին, դա դատախազությունը պետք է տար։ Դատախազը կրկին հայտարարեց, որ հայցադիմումին կից տրամադրել են սկավառակը հատորներով, պատասխանողների ներկայացուցիչն ասաց, որ սկավառակ չեն ստացել։ 

3 ժամից ավելի տևած դատական նիստը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին։

Գլխավոր լուսանկարում` Արամ Դանիելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter