HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հնդկական ԱԹՍ-ներ, ՀՕՊ ու հրթիռներ. Հայաստանի հետաքրքրվածության լուրերը մեկնաբանում է փորձագետը

Սկիզբը

2022 թ. ամառվանից հնդկական մամուլը պարբերաբար գրում է Հայաստանի կողմից իրենց երկրի ռազմարդյունաբերության հանդեպ ունեցած հետաքրքրության եւ գնումների մասին: Նման լուրերն ավելի շատացան անցյալ տարվա սեպտեմբերից, երբ Ադրբեջանը հերթական լայնածավալ ագրեսիայի դիմեց Հայաստանի սահմանին ու օկուպացրեց նոր հողեր ՀՀ սուվերեն տարածքում:

Հետախուզական եւ «կամիկաձե» ԱԹՍ-ներ

2022 թ. հուլիսին հնդկական մամուլն անդրադարձել էր Հայաստանի պաշտպանական պատվիրակության՝ Հնդկաստան կատարած այցին ու նշել, որ հայերը «գնումների ցանկով զինված» էին եկել:

Տեղեկատվության համաձայն՝ այդ ցանկում նշանակալի տեղ են զբաղեցրել ԱԹՍ-ները, չնայած շատ բան հայտնի չի եղել մանրամասների մասին:

Այդուհանդերձ, այս լուրերի ֆոնին հնդկական մամուլում հայտնվեցին տեղական «Rustom-II» դրոնի նկարներ: Այս հետախուզական ԱԹՍ-ն, որը ներկայում հայտնի է որպես «TAPAS BH-201», համարվում է MALE (medium-altitude long-endurance, հայերեն՝ միջին բարձրության երկարատեւ թռիչքներ կատարող) կատեգորիայի դրոն: Ըստ առկա տեղեկությունների՝ թռիչքի բարձրությունը կարող է հասնել շուրջ 10 կմ-ի, թռիչքի շառավիղը՝ 1000 կմ-ի, կարող է օդում գտնվել 24 ժամ: «TAPAS BH-201»-ի առաջին թռիչքը եղել է 2016-ին: Այս տարվա հունիսին հայտարարվել է, որ ԱԹՍ-ն պատրաստ է շահագործողների կողմից փորձարկումներին, ինչից հետո կսկսվի մասսայական արտադրությունը: Նախատեսվում է, որ այն առաջինը կմատակարարվի հնդկական ԶՈւ-ին՝ բանակին (ցամաքային զորքեր), ռազմաօդային ուժերին, ռազմածովային ուժերին:

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն ասում է, որ, ամեն դեպքում, հնդկական ԶՈւ-ն դեռ համալրված չէ այս զինատեսակով, իսկ ինչ վերաբերում է արտահանմանը, դրա մասին հիմա շատ վաղ է խոսել: Բացի դրանից, ըստ «Հետքի» զրուցակցի, պետք է հասկանալ, թե արդյոք Հայաստանն ունի MALE կատեգորիայի նման ԱԹՍ-ի կարիք, որը ծավալներով ավելի մեծ է, քան, օրինակ, նույն կատեգորիայի թուրքական «Bayraktar TB2»-ը, որը, սակայն, ոչ միայն հետախուզական, այլեւ հարվածային դրոն է:

«Ինձ թվում է՝ այս դրոնը գնելն իմաստ չունի Հայաստանի պարագայում: Եթե հեքիաթային պայմաններով չեն վաճառում, իմաստ չեմ տեսնում, քանի որ ԱԹՍ-ներն ինչքան մեծ են, այնքան ավելի խոցելի են, իսկ մենք այդքան մեծ հեռավորության վրա խնդիր լուծելու հարց չունենք: Մեզ մեր բանակին ավելի մոտ տարբերակներ է պետք ման գալ»,- նշում է փորձագետն ու ասում, որ գուցե Հայաստանի կողմից եղել է հետաքրքրություն հնդկական այս դրոնի նկատմամբ, բայց դժվար թե այն շուտով վերածվի գնման:

2022 թ. հոկտեմբերին՝ Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, տեղական «The Print»-ը գրեց, որ Հայաստանը մտածում է նաեւ հնդկական «կամիկաձե» դրոններով զինվելու մասին, ինչպիսիք արտադրում են մասնավոր ընկերությունները, օրինակ՝ «Tata Advanced Systems Limited»-ը (TASL) եւ «Solar Industries»-ը:

Սրանցից «TASL»-ը մշակել է, մասնավորապես, «ALS 50» ինքնասպան դրոնը, որը կարող է ուղղահայաց թռիչք-վայրէջքներ կատարել (ուղղաթիռի նման): Այս ունակության շնորհիվ այն կիրառելի է թռիչքային սահմանափակ բաց տարածք ունեցող շրջաններում՝ լեռներում, ջունգլիներում, ռազմանավերի վրա: Այս դրոնն ունի ավտոմատ թիրախավորման համակարգ, որը կարող է ճիշտ նույնականացնել թիրախը եւ նշանառության տակ պահել այն մինչեւ խոցումը: Ապագայում հնարավոր է արհեստական բանականության ներդրումն այս զինատեսակի մեջ, ինչպես նաեւ պարսերով (խմբերով) կիրառությունը:

«Solar Industries»-ն իր հերթին առաջարկում է ԱԹՍ-ի մի քանի տեսակ: Մասնավորապես՝ հեքսակոպտերից (6 պտուտակ ունեցող դրոն) նետվող, 1-10 կգ քաշով մարտագլխիկներ, որոնց մահացու խոցման շառավիղը 8-30 մ է թեթեւ պաշտպանված թիրախների դեպքում: Այս հեքսակոպտերները կարող են աշխատել անհատապես կամ պարսերով: Ընկերության արսենալում կա նաեւ բարաժող ռազմամթերք (loitering munition (LM), բարաժել՝ օդում ինչ-որ ժամանակ թռիչք իրականացնել): Այս զինատեսակն այլ կերպ հայտնի է որպես «կամիկաձե» ԱԹՍ: «LM-0», «LM-1» եւ «LM-2» ինքնասպան դրոններն արձակվում են համապատասխանաբար ձեռքով, կատապուլտով եւ մեքենայի վրայից: Դրանց մարտագլխիկների քաշը, կախված տեսակից, 1,5-10 կգ է, թռիչքի հեռավորությունը՝ 15-100 կմ: 

Հակաօդային պաշտպանության համակարգեր

2022 թ. հոկտեմբերին Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ֆոնին «The Print»-ը հայտնեց, թե Հայաստանը դիտարկում է հնդկական արտադրության «Akash» ՀՕՊ համակարգի ձեռքբերումը: Նոյեմբերին էլ «Indian Defence Research Wing» հարթակը գրեց, որ Հայաստանը մտածում է Հնդկաստանից միջին հեռահարության ՀՕՊ համակարգ գնելու մասին, ինչի համար էլ դիտարկում է Հնդկաստանի առաջարկները «Akash»-ի տարբերակների վերաբերյալ: Այս լուրերը, թերեւս, հիմնված էին նաեւ այն բանի վրա, որ Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը 2022 թ. հոկտեմբերին ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ այցելել էր նաեւ «Akash»-ի արտադրող «Bharat Dynamics Limited»-ի տաղավար:  

«Akash» ՀՕՊ համակարգի «երկիր-երկինք» կառավարվող հրթիռները կարող են խոցել մինչեւ 25 կմ հեռավորության եւ մինչեւ 20 կմ բարձրության վրա թռչող թիրախներ, իսկ ահա «Akash-NG» հրթիռների հեռահարությունը մինչեւ 70 կմ է (սա նշանակում է, որ «Akash»-ի բազային տարբերակը փոքր հեռահարության հրթիռ է, իսկ «Akash-NG»-ն՝ միջին):

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ «Akash»-ի բազային տարբերակը, որով համալրված է հնդկական զինուժը, չնայած գերժամանակակից չէ, բայց աշխատող համակարգ է (առաջինն «Akash»-ով համալրվել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերը 2009-ին, այդ տարում էլ սկսվել է այս համակարգի սերիական արտադրությունը): Նա նաեւ նկատում է, որ «Akash»-ն ինչ-որ առումով խորհրդային «Կուբ/Կվադրատ» զենիթահրթիռային համալիրի (ԶՀՀ) հնդկական անալոգն է: Երկուսն էլ փոքր հեռահարության համակարգեր են: Ըստ Ներսիսյանի տեղեկությունների՝ Հայաստանը պետք է որ քիչ քանակությամբ «Կուբ/Կվադրատ» ԶՀՀ-ներ ունենա ներկայում: «Եթե ուրիշ առնելու բան չկա, կարելի է ինչ-որ ժամանակ հարց լուծել «Akash»-ով,- ասում է փորձագետը,- բայց կա նաեւ դրա նոր տարբերակը՝ «Akash-NG»-ն, որը Հնդկաստանն էլ դեռ չի գնել»:

Այս տարվա հունվարին «Indian Defence Research Wing» հարթակը հայտնեց, թե Հայաստանը դիտարկում է միջին հեռահարության «MR-SAM» հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը Հնդկաստանից՝ խորհրդային արտադրության «Ս-125 Նեւա/Պեչորա» ԶՀՀ-ին փոխարինելու համար: ««Ս-125-ը» ստացիոնար համակարգ է: Եթե ճիշտ բանեցնել, ամեն ինչ էլ կարելի է անել, բայց ստացիոնար համակարգը 2023 թ. այդքան էլ էֆեկտիվ չէ: Այո, նման համակարգն էլ կարելի է ռելոկացիա անել, բայց դա ինչքա՞ն կտեւի: Մոդեռնիզացիայի փաթեթեներ կան նաեւ «Ս-125»-ի համար, բայց մեկ է՝ ինքը հին սիստեմ է»,- նշում է Լ. Ներսիսյանը:

Նկատենք, որ «Ս-125»-ը, ինչպես «Կուբ/Կվադրատն» ու «Akash»-ի բազային մոդելը, փոքր հեռահարության (3-32 կմ) համակարգ է, սակայն հարցն այն է, որ «MR-SAM»-ը, եթե հավատանք հրապարակային տվյալներին, կարող է խոցել թիրախներ 0,5-70 կմ հեռավորության վրա, այսինքն՝ ծածկել նաեւ վերոնշյալ փոքր հեռահարության համակարգերի գործողությունների գոտին:   

«MR-SAM»-ը (Medium-Range Surface-to-Air, հայերեն՝ միջին հեռահարության «երկիր-երկինք») Իսրայելի ու Հնդկաստանի համատեղ արտադրանք է, սկզբնապես ռազմածովային ուժերի համար ստեղծված «Barak 8» ՀՕՊ համակարգի ցամաքային տարբերակը: «Barak 8»-ը մշակվել է իսրայելական «Israel Aerospace Industries» (IAI) պետական ընկերության եւ Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության (DRDO) կողմից, իսկ արտադրողները իսրայելական ու հնդկական պետական ընկերություններ են:

Իր հերթին «MR-SAM»-ը հնդկա-իսրայելական «Kalyani Rafael Advanced Systems» (KRAS) համատեղ ձեռնարկության արտադրանք է: Դեռ 2010-ին «DRDO»-ի ղեկավարը հայտարարել էր, որ Իսրայելի հետ համատեղ մշակված «MR-SAM»-ի բաղադրության 70 տոկոսը լինելու է հնդկական: 2021 թ. էլ «KRAS»-ը հայտնել էր, որ սկսել է «MR-SAM» համակարգի մատակարարումը Հնդկաստանի ռազմաօդային ուժերին: «MR-SAM» համակարգի մարտկոցը բաղկացած է 3 արձակող կայանից, կառավարման կետից, ռադարից, լիցքավորող ու սպասարկող մեքենաներից: Հրթիռի թռիչքի առաստաղը 16 կմ է, հեռահարությունը՝ 70 կմ: Մեկ կայանը կարող է 20 վրկ-ում արձակել 8 հրթիռ:     

Լեոնիդ Ներսիսյանն ասում է, որ այն բանից հետո, երբ խորհրդային արտադրության «Կրուգ» ԶՀՀ-ները դուրս եկան կիրառությունից, Հայաստանի՝ միջին հեռահարության ՀՕՊ ռեսուրսները նվազեցին: Այս առումով նա ուշադրություն է հրավիրում նաեւ 44-օրյա պատերազմում հայկական բանակի ՀՕՊ միջոցների, այդ թվում՝ մոտ հեռահարության «ՕՍԱ» եւ միջին հեռահարության «Ս-300» համալիրների կորուստների վրա:

Առանձին հարց է Հայաստանի կողմից «MR-SAM»-ի ձեռքբերման հնարավորությունը, քանի որ դրա մշակողներից ու արտադրողներից մեկը Իսրայելն է, որը սերտ ռազմատեխնիկական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ: Նկատենք, որ Ադրբեջանը դեռ 2012 թ. 1,6 մլրդ դոլարի պայմանագիր էր կնքել վերոնշյալ «Israel Aerospace Industries»-ի (IAI) հետ, որը պիտի մատակարարեր ԱԹՍ-ներ եւ ՀՕՊ նորագույն համակարգեր: Իբրեւ այս գործարքի մաս 2016-ին Իսրայելն առաքել է «Barak 8» համակարգ եւ դրա հրթիռներ: Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանի կողմից կիրառվող «Barak 8»-ի արձակող կայանը մոնտաժված է բելառուսական «MZKT-7301» բեռնատարի շասսիի վրա, իսկ ահա ենթադրաբար Հայաստանին հետաքրքրող «MR-SAM»-ի արձակող կայանի համար կիրառվում է կիսակցորդիչ (տես վերեւի լուսանկարում):  

«Indian Defence Research Wing»-ն այս տարվա հունվարին գրել էր, թե իր տեղեկություններով՝ չնայած «MR-SAM»-ի արտահանման համար կարող է չպահանջվել Իսրայելի համաձայնությունը, այդուհանդերձ, Հնդկաստանը պետք է «IAI»-ին տեղյակ պահի Հայաստանի հետ գործարքի մասին: Հարցն այն է, թե ինչ կլինի այդ դեպքում:

«Pralay» օպերատիվ-մարտավարական հրթիռ

2022 թ. հոկտեմբերին «Indian Defence Research Wing»-ը գրել էր, թե ռուսական արտադրության «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ (ՕՄՀՀ) շահագործող Հայաստանը նաեւ հետաքրքրություն է ցուցաբերել նույն դասի հնդկական «Pralay» հրթիռի նկատմամբ: Եթե Հայաստանի զինանոցում եղած «Իսկանդեր-Է» հրթիռները, ըստ առկա տվյալների, ունեն մինչեւ 280 կմ հեռահարություն, ապա հնդկական «Pralay»-ի հեռահարությունը նշվում է 150-500 կմ, սխալանքն էլ 10 մետրից փոքր է: «Pralay»-ի առաջին փորձնական արձակումներն արվել են 2021 թ. դեկտեմբերին, 2022-ի դեկտեմբերին էլ Հնդկաստանի ԶՈւ-ն այս զինատեսակի գնման պատվեր է իջեցրել, որը հաստատվել է ՊՆ-ի կողմից: Հնդկական նոր զենքը մշակել է «DRDO»-ի տեղական լաբորատորիաներից մեկը:  

Անդրադառնալով «Pralay»-ի մասին լուրերին՝ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն ասում է. ««Pralay»-ի մասին լսել եմ, բայց երբ գրում են, թե Հայաստանը հետարքրքված է, կարող է արտադրողի ստենդի մոտ մեր պատվիրակությունը կանգնել է, հարցուփորձ է արել, ինչը չի նշանակում, թե որոշել է առնել, ընկերությունն էլ արտահոսք է արել իր համար: Կարող է այդպես էլ լինի: Ինչքան հասկանում եմ, ամեն ինչն էլ հետաքրքրում է Հայաստանին»:

Շարունակելի

Առաջին լուսանկարում՝ «Akash» համակարգի փորձարկում (commons.wikimedia.org)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter