HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ավագանու ընտրություններ-2023․ քաղաքապետի թեկնածուների հարցազրույցները «Հետքին»

Ընդամենը երկու օրից՝ սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քարոզարշավը մեկնարկեց օգոստոսի 23-ին և շարունակվեց մինչև այսօր՝ սեպտեմբերի 15-ը։ Սեպտեմբերի 16-ը լռության օր է։

Քարոզարշավի սկսվելուց հետո «Հետքը» հարցազրույցների առաջարկ է արել ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի առաջին համարներին կամ այլ կերպ ասած՝ քաղաքապետի թեկնածուներին։ 14 քաղաքական ուժերից հարցազրույց ենք արել 11-ի թեկնածուների հետ։ Հարցազրույց անել չի ստացվել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանի, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի և «Հանրային ձայն» կուսակցության թեկնածու Արտակ Գալստյանի հետ։

Տիգրան Ավինյանի հետ հարցազրույց պայմանավորվելու համար հենց ինքը Ավինյանը մեզ ուղղորդեց դիմել քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին։ Քարոզարշավի ընթացքում երեք տարբեր օրերի մենք զանգահարեցինք Կոստանյանին, որը մեզ երեք անգամ էլ նույն պատասխանը տվեց՝ խոստանալով ճշտել Ավինյանի գրաֆիկը և այդ օրվա ընթացքում մեզ հետ կապ հաստատել։ Քաղաքապետարանի խոսնակից երեք դեպքում էլ այդպես էլ հետադարձ զանգ չստացանք։

Հայկ Մարությանի հետ հարցազրույց անելու համար դիմեցինք «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու թեկնածու Իոսիֆ Կուբատյանին, որը Մարությանի օրոք զբաղեցնում էր քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնը։ Կուբատյանին զանգահարեցինք քարոզարշավի հենց առաջին օրը՝ օգոստոսի 23-ին։ Նա հայտնեց, որ Մարությանը հարցազրույցներ տալու է միայն սեպտեմբերից, այն էլ՝ մի քանի լրատվամիջոցի, բայց «Հետքը», ըստ Կուբատյանի, իրենց «շորթ-լիստում է»։ Սեպտեմբերին երբ զանգահարեցինք Կուբատյանին, Հայկ Մարությանն արդեն իսկ ամսի 4-ին հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին։ Եվս մեկ հարցազրույց «Ազատությանը» Մարությանն այսօր է տվել։ Բացի «Ազատությունից», Հայկ Մարությանի հետ հարցազրույց այսօր հրապարակել է նաև «ՍիվիլՆեթը»։ Սրանք քարոզարշավի ընթացքում Հայկ Մարությանի միակ հարցազրույցներն են։

Իոսիֆ Կուբատյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Մարությանն ինքն է որոշել, թե որ լրատվամիջոցներին հարցազրույց տա, և «Հետքի» հետ հարցազրույց անել չի ստացվի։

«Հանրային ձայն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանն այժմ կալանավորված է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: Գալստյանի հետ հարցազրույց անելու համար դիմեցինք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, սակայն մեզ հայտնեցին, որ հարցազրույց կազմակերպել հնարավոր չէ, քանի որ Արտակ Գալստյանի նկատմամբ տեսակցությունների արգելք է սահմանվել։

Ստորև ներկայացնում ենք քաղաքապետի թեկնածուների հարցազրույցները «Հետքին»՝ ըստ հարցազրույցների հրապարակման հերթականության։


«Հանրապետություն» կուսակցություն․ քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Զեյնալյան

Զեյնալյանն ասել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված են Ռուսաստանի իշխանությունները, և ռուսական կապիտալը մասնակցություն է ունենալու առաջիկա ընտրություններին։ Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժեր կան, որոնք ներկայացնում են Ռուսաստանի շահերը, և ռուսական կապիտալի միջոցով նպատակ ունեն ներկայացված լինել Երևանի քաղաքային իշխանությունում։


«Հաղթանակ» կուսակցություն․ քաղաքապետի թեկնածու՝ Վիկտոր Մնացականյան

Մնացականյանը վստահեցրել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում իրենց թիմը կարող է վեց ամսվա ընթացքում Երևանի հիմնական խնդիրները բերել բալանսի, որից հետո կանցնեն հիմնական բարեփոխումներին։

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ մենք միակ թիմն ենք, որը քաղաքային պլանավորման, քաղաքային կառավարման նեղ մասնագիտական, փորձ, ներուժ և ցանկություն ունի»,- նշել է Վիկտոր Մնացականյանը։


«Ուժը Հայրենյաց» կուսակցություն․ քաղաքապետի թեկնածու՝ Նելլի Հարությունյան

Նելլի Հարությունյանը կարծում է, որ Երևանի հիմնական խնդիրը վարչական շրջանների անհամաչափ զարգացումն է, ինչի մասին, նրա խոսքով՝ փաստել են նաև քաղաքի բնակիչները քարզարշավի ընթացքում եղած հանդիպումներին։ Այդ հանգամանքից ելնելով՝ Նելլի Հարությունյանը նշել է, որ իրենք քաղաքային իշխանությունում լինելու դեպքում նախատեսում են Երևանի Փոքր Կենտրոնին տալ ազգային կարևորության հատուկ կարգավորման օբյեկտի կարգավիճակ։


«Արդար Հայաստան» կուսակցություն․ քաղաքապետի թեկնածու՝ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը համոզված է, որ Երևանի քաղաքապետը պարզապես համայնքի ղեկավար չէ, քանի որ քաղաքի կարգավիճակը, դերն ու տեղը Հայաստանի կյանքում այնքան մեծ են, որ Երևանի քաղաքապետը կարող է համարվել երկրի փոքր վարչապետը, և ապագայում պետք է երկրի ղեկավար դառնալու ամբիցիա ունենա։ 

Նորայր Նորիկյանն ասել է՝ իրենց կուսակցության առաքելությունն այն է, որ ստեղծեն նախադրյալ՝ Հայաստանում առաջին անգամ օրինական ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու։ 


«Ապրելու Երկիր» կուսակցություն․ քաղաքապետի թեկնածու՝ Մանե Թանդիլյան

Երևանի ավագանու ընտրությունները «Ապրելու Երկիր» կուսակցությունը դիտարկում է որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հասնելու ճանապարհ։ Մանե Թանդիլյանը նշել է, որ Երևանում իշխանափոխություն անելով՝ գործընթացը տարածելու են ամբողջ Հայաստանով։ «Անցնցում, ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխությունը կարևորագույն կոմպոնենտ է զարգացման համար»,- շետշել է Թանդիլյանը։


«Լուսավոր Հայաստան» կուսակցություն․ քաղաքապետի թեկնածու՝ Դավիթ Խաժակյան

Դավիթ Խաժակյանը նշել է, որ քաղաքային իշխանությունում լինելու դեպքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջին հերթին հետամուտ է լինելու համատիրությունների վերացմանը, բազմաբնակարան շենքերի սպասարկման խնդրի ժամանակակից մեթոդներով լուծմանը, և երկրորդ՝ ինքնակամ սեփական տների օրիկանացման հարցին, որն ըստ Խաժակյանի՝ առ այսօր պատշաճ կերպով ուշադրության չի արժանացել։


Հայաստանի եվրոպական կուսակցություն․ քաղաքապետի թեկնածու՝ Տիգրան Խզմալյան

Եվրոպական կուսակցության ղեկավարը շեշտել է, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքակրթական մոդելի ընտրություն է, և իրենք առաջարկում են եվրոպական մոդել, որն ըստ Խզմալյանի՝ մարդակենտրոն մոդել է։ Տիգրան Խզմալյանն ասել է, որ Հայաստանը գտնվում է ճակատագրական որոշումներ ընդունելու շեմին, և վերջին ժամանակներում արդեն իսկ որոշ քայլեր արվել են եվրաինտեգրացիայի համար։


«Մայր Հայաստան» դաշինք․ քաղաքապետի թեկնածու՝ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ասել է, որ այս ընտրություններում ակնկալում են երևանցիների քվեն, որպեսզի երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնեն, քանի որ  Հայաստանում առկա անվտանգային խնդիրները պայմանավորված են գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։ 


«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն․ քաղաքապետի թեկնածու՝ Սուրեն Պետրոսյան

Պետրոսյանի խոսքով՝ գործող իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով անզորություն և նվաստացում են քարոզում, և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը քաղաքացիներին կոչ է անում պայքարել դրա դեմ։ «Վերջին ժամանակահատվածում այդ օրակարգին զուգահեռ մեզ տրամադրվում է վախի և սարսափի մթնոլորտը, որտեղ մարդ գիտի, թե ինքը տոտալ տապալված է, որտեղ ինքը դերակատար չէ և իրենից ոչինչ կախված չէ»,- նշել է Սուրեն Պետրոսյանը։


«Միացյալ Հայաստան» կուսակցություն․ քաղաքապետի թեկնածու՝ Երվանդ Թարվերդյան

Երվանդ Թարվերդյանն ասել է, որ«Միացյալ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որ հասնելով իշխանության՝ պատրաստ է աշխատել բոլոր կուսակցությունների հետ։ Նա նշել է նաև, որ իրենց կուսակցության առաքելությունը քաղաքական ուժերին և հանրությանը համախմբելն է։ Ըստ Թարվերդյանի՝ իրենք անկախ կուսակցություն են, և իրենց չեն կարող կապել ո՛չ ներկա, ո՛չ էլ նախկին իշխանությունների հետ։


«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն․ քաղաքապետի թեկնածու՝ Արման Ղուկասյան

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահը շեշտել է, որ այս ընտրություններին մասնակցում են նոր քաղաքական մտածողությամբ, իրատեսական ծրագրով, սոցիալական նախագծերով և մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։


Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter