HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Նորք-Մարաշ» ԲԿ-ի վերաբերյալ քրեական վարույթը քննչական մարմնում «քնեցվել է»

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնին վերաբերող քրեական վարույթը Քննչական կոմիտեում պատշաճ չի քննվում: Օրենքի խախտմամբ գնումներ կազմակերպելու, բժշկական կենտրոնի շահերին հակառակ գործողություններ կատարելու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթից արդեն երկու քննիչ է հեռացվել: Քննիչներից Անի Մարգարյանը կարգապահական տույժով է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Այդուհանդերձ, քրեական վարույթն առաջ չի գնում:

Քննչական կոմիտեից (ՔԿ) գրավոր հարցմամբ փորձեցինք տեղեկություն ստանալ քրեական վարույթի վերաբերյալ, սակայն ստացանք ընդհանրական պատասխան, որ իրականացվում է համակողմանի և պատշաճ քննություն: «Նախաքննությամբ կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ: Միաժամանակ հայտնում եմ, որ քրեական վարույթով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվել»,- գրավոր հայտնել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը:

«Հետքը» 2022 թ․-ին էր անդրադարձել «Նորք-Մարաշ» ԲԿ-ում (սրտաբանական հիվանդանոց) իրականացված կասկածելի գործարքներին, գնումների գործընթացի խախտումներին և քրեական գործերին: Մեր հրապարակումը դատախազությունից ուղարկվել էր Քննչական կոմիտե, որպեսզի հոդվածում ներկայացված հանգամանքները քննության առարկա դառնան:

«Նորք-Մարաշ» ԲԿ-ի պատախանատուների կողմից հանցանքի մասին գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացվել նաև հիվանդանոցի մատակարարներից «Մեգիէլ» ՍՊԸ-ի կողմից, որի հիման վրա քրեական վարույթ էր նախաձեռնվել: Այդ և արդեն իսկ ԲԿ-ին վերաբերող մեկ այլ քրեական գործ միացվել էր և մեկ վարույթով էր քննվում: Քրեական վարույթով «Մեգիէլ» ՍՊԸ-ն տուժող է ճանաչվել:

«Մեգիէլ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Անետա Սարգսյանը դժգոհում է դատախազության աշխատանքից, որը պետք է քրեական վարույթի ընթացքում պատշաճ հսկողություն իրականացներ: Ըստ փաստաբանի՝ դատախազությունը նույնիսկ պատշաճ չի արձագանքել վարույթի ժամանակ տուժող կողմի ներկայացրած միջնորդություններին:

«Ցանկացած բովանդակությամբ ներկայացված դիմումների եւ գրությունների վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը ոչ մի պատասխան չի տվել, բացառիկ դեպքերում հայտնել է, որ դրանք կցվել են քրեական վարույթին»,- «Հետքին» տված մեկնաբանությունում նշել է ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

Փաստաբանը դատախազության ներկայացուցչի հետ ունեցած գրագրություններից մեկով կարողացել է պատասխան ստանալ, ըստ որի՝ ԲԿ-ի գործունեության հետևանքով համայնքին պատճառված 30 միլիոն դրամ վնասի պայմաններում Երևան համայնքը տուժող չի ճանաչվել: Ի դեպ, այս դեպքը բացահայտել էր վարչապետի ենթակայությամբ գործող Պետական վերահսկողական ծառայությունը:

«Քննիչ Ա․ Մարգարյանի դրսեւորած անգործության վերաբերյալ դիմումը ներկայացվել է տուժողի կողմից, որի քննարկման արդյունքում ենթարկվել է կարգապահական տույժի, ըստ էության, դատախազությունը չէր կարող տեղեկացված չլինել վարույթով դրսեւորած անգործության մասին։ Զավեշտ է, որ սույն գործով անաչառ եւ համակողմանի քննություն իրականացնելու համար 11 ամսվա ընթացքում երկու քննիչ է ազատվում պաշտոնից»,- նշում է Անետա Սարգսյանը:

Այս ամենից բացի՝ մատակարար ընկերությունը ուշադրություն է հրավիրում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց գործողությունների վրա, որոնք, տեղյակ լինելով բժշկական կենտրոնում գնումների մասին օրենսդրության խախտումների մասին, որևէ գործողություն չեն ձեռնարկում:

«Փաստորեն Երեւանի քաղաքապետարանը, տեղեկացված լինելով նշված բժշկական կենտրոնի իրավախախտումների մասին, ոչինչ չի ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղությամբ եւ իրավախատումներ կատարած անձինք մինչ այժմ շարունակում են պաշտոնավարել նշված բժշկական կենտրոնում։

Օբյեկտիվ իրականությունը թույլ է տալիս հետեւություն անել, որ բժշկական կենտրոնը դրսեւորել է անգործություն, եւ որեւէ իրավախախտման համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, աշխատանքից չի ազատվել»,- եզրափակում է փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter