
Քաղաքացին Գերմանիայից զանգել և պահանջում է, որ իր փոխարեն ոչ մեկը չընտրի
Ժամը 10։30-ի սահմաններում Կենտրոն համայնքի 9/42 ընտրատեղամաս մի քաղաքացի մոտեցավ՝ հայտնելով, որ Գերմանիայում բնակվող իր ընկերուհին՝ Աստղիկ Մութաֆյանը, խնդրել է իրեն գալ ընտրատեղամաս և արձանագրել, որ իրենք երկրում չեն և իրենց փոխարեն ոչ մեկը չքվեարկի։
«Բացի այդ, իրենց հասցեով եկել է Սոնյա Մութաֆյանի անունով ծանուցում։ Մենք ենթադրում ենք, որ դա Աստղիկի աղջիկն է, քանի որ Աստղիկի մաման էլ Սոնյա էր, բայց ուրիշ ազգանունով, և անցած տարի մահացել է»,- ասաց քաղաքացին։ Նա նշեց, որ եթե ծանուցումը Աստղիկ Մութաֆյանի աղջկա անունով է, ապա նա Հայաստանում չի ծնվել և ընտրելու իրավունք չունի։
Նա ընտրատեղամասում բարձրախոսը միացրեց, և Աստղիկ Մութաֆյանն անձամբ պահանջեց, որ իր, իր քրոջ և աղջկա փոխարեն ոչ մեկը չընտրի։
Հանձնաժողովի նախագահ Արմեն Հովսեփյանը հորդորեց դիմել Անձնագրային բաժանմունք, սակայն Աստղիկ Մութաֆյանի ընկերուհին պահանջեց տեղամասում արձանագրել այս փաստը և հայտնեց, որ Անձնագրային բաժանմունք ևս դիմելու է։
Դեպքը գրանցամատյանում արձանագրեց «ՀայաՔվե» կազմակերպության դիտորդ Ավետիք Չալաբյանը։
Նշենք, որ 9/42 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 1885 է, ժամը 09։53-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել էր 45 քաղաքացի։
Մեկնաբանել