HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բերել եմ մարդկանց». «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձը պնդում է, որ ընտրախախտում է արձանագրել

Կենտրոն համայնքի 9/32 ընտրատեղամասում «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձ Նարինե Ղազարյանն ասում է, որ մի տղամարդ, հետը՝ 8-10 հոգի, մտել է ընտրատեղամաս և մոտենալով իրեն` ասել. «Բերել եմ մարդկանց»: Ապա մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին` կրկին ասելով, թե բերել է մարդկանց, սակայն, ըստ վստահված անձի, քարտուղարուհին ևս չի իմացել, թե ով է այդ տղամարդը:

Նարինե Ղազարյանի խոսքով, մոտ 15 րոպե անց այդ տղամարդը կրկին մտել է ընտրատեղամաս` մեկ այլ խմբի հետ: Այդ ժամանակ Նարինե Ղազարյանը հրավիրել է հանձնաժողովի նախագահին, որ պարզի տվյալ մարդու ով լինելը: Հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել այդ տղամարդուն: Այդ պահին Նարինե Ղազարյանը մոտեցել է տղամարդուն և հարցրել, թե ով է նա: Ի պատասխան` տղամարդը շփոթվել է, նախ ասել է, թե այս ընտրատեղամասից է, հետո նշել, թե այլ ընտրատեղամասից է:

Նարինե Ղազարյանն ասում է, որ առավոտից ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 2 վստահվված անձ է եղել` կին և տղամարդ: Հանձնաժողովի նախագահը պահանջել է, որ տեղամասում մնա մեկը: Ըստ Նարինե Ղազարյանի` կինը մնացել է, տղամարդը դուրս եկել, և նրանք հաղորդակցվել են այդ ընթացքում: Նարինե Ղազարյանը կարծում է` այդ մարդը շփոթել էր և ՔՊ-ի վստահված անձ հանդիսացող կնոջը մոտենալու փոխարեն իրեն էր մոտեցել: 

Այդ դեպքից հետո կինը գնացել է, տեղամասում մնացել է տղամարդը: Նարինե Ղազարյանն ասում է` սպասում են` տեսնելու երրորդ անգամ նույն տղամարդը խումբ կբերի՞, թե` ոչ: 

Հանձնաժողովի նախագահ Թուխմանուկ Մկրտչյանը մեզ հայտնեց, որ որևէ խախտում չեն արձանագրել, միայն դիտորդներից մեկն է առաջարկել փակել ընտրատեղամասի սրահի դռներից մեկը, որը դպրոցի դասասենյակներից մեկն է տանում: Իրենք էլ ընդունել են առաջարկը: Մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանի վստահված անձ Նարինե Ղազարյանի պատմածը, Մկրտչյանն ասաց` նկատել է, որ նույն տղամարդը երկրորդ անգամ է մտել տեղամաս, դուրս է հրավիրել, նա էլ առանց որևէ դիմադրության դուրս է եկել։ Նախագահը դրանում որևէ կասկածելի բան չի տեսնում, ասում է՝ չի լսել «բերել եմ մարդկանց» արտահայտությունը։

Այս պահին տեղամասում քվեարկությունն ընթանում է բնականոն ռեժիմով: Նշենք, որ այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1932 ընտրող, ժամը 13:41-ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է 265 ընտրող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter