HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Երևանի մի մասը գնում է ընտրության, մյուս մասը՝ գերեզմաններ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, առավոտից մայրաքաղաքում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը։ ժամը 08:00-ից բացվել են Երևանի ողջ տարածքում ձևավորված 10 ընտրատարածքների 475 տեղամասերը: Քվեարկությունը կտևի մինչև 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:

Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի 38 հասցեում գտնվող Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում գործում է միանգամից 4 ընտրական տեղամաս 9/7, 9/8, 9/9, 9/10։ Խորենացի, Քաջազնունի, Նար-Դոս փողոցի բնակիչների ընտրողները ուշադիր պետք է հետևեն դպրոցում տեղամասի համարներին և դեպի այնտեղ տանող սլաքներին, որ չկորչեն։

Ֆիզկուլտուրայի, համերգի դահլիճներում, դասասենյակում, միջանցքում տեղակայված ընտրատեղամասում ժամը 13։00-ի դրությամբ շարժը փոքր էր։ 

9/7 ընտրական տեղամասում գրանցված 1609 ընտրողներից մասնակցել էր 47 մարդ։

9/8 ընտրական տեղամասում գրանցված 1772 ընտրողներից 68-ն էր մասնակցել։

9/9 ընտրական տեղամասում 1743 գրանցված ընտրողներից մասնակցել էր 57 մարդ։

9/10 ընտրական տեղամասում գրանցված է 1149 ընտրող, որից մասնակցել է 61 մարդ։

Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահների խոսքով՝ պասիվության պատճառը կարող է լինել ընտրության օրվա՝ Խաչվերացի օրվա հետ համընկնումը, շատերը գնում են գերեզմաններ և միգուցե ընտրություններին մասնակցեն օրվա երկրորդ կեսին, իսկ 9/7 տեղամասի հանձնաժողովի նախագահ Էդիկ Հակոբյանի կարծիքով՝ «գնալու են մի բաժակ էլ խմեն, էլ ինչ ընտություն, ինչ բան»։ Ընտրատեղամասերում ընդհանուր վիճակը հանգիստ էր, ընթանում էր առանց միջադեպերի։

Նալբանդյանի դպրոցից դուրս գալուց հետո ճանապարհին՝ Խորենացու փողոցի վրա, նկատեցի տաղավար տոներին հայտնվող, մայթերով ձգվող ծաղկավաճառների։ Որոշեցի կանգնել, հարցնել՝ ի՞նչ վիճակ է այսօր քաղաքում, ո՞նց է առևտուրը, մասնակցելու՞ են ընտրությանը, թե՝ ոչ։

Ծաղկավաճառները Արարատի մարզի գյուղերից էին, իրենց ջերմոցների ծաղիկներն էին բերել վաճառելու։ Հարցին, թե ինչու են մարդիկ Խաչվերացի տոնին գնում գերեզամաններ, երբ մեռելոցը հաջորդ օրն է, ասացին, որ իրենց գյուղերում հենց վաղն են գնում, բայց երևանցիների մեծ մասը տոնի օրը՝ կիրակի օրն է գնում, մյուս օրը երևի զբաղված են, աշխատանքային օր է։

Ծաղկավաճառների մի մասն էլ ասում է, որ Խաչվերացի օրը նոր հանգուցյալների գերեզմաններին են գնում, իսկ հաջորդ օրը՝ հին։ Ամեն դեպքում առևտուրը աշխույժ էր, գնում էին ոչ միայն գերեզմաններ տանելու ծաղիկներ, այլև խնկարկության համար անհրաժեշտ պարագաներ։ Ծաղիկ գնողներից փորձեցի իմանալ, թե ընտրության գնալու՞ են. գերեզման գնացողներն ընտրության սիրտ չունեին: Փողոցի մի մասը գնում էր գերեզմաններ, մյուս մասը՝ ընտրությունների։

***

Խաչվերաց, քրիստոնեական տոն, որը տոնվում է Հայ առաքելական եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։

Հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։

Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։

Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter