HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 70%-ով աճել է

2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել  1 002 878  օտարերկրյա զբոսաշրջիկ։  Ինչպես վկայում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 70.3%-ով։ 

Վերջին առնվազն հինգ տարիների առաջին կիսամյակների կտրվածքով՝ այս տարվա ցուցանիշը ամենաբարձրն է։ 

Ամենացածրը 2020-2021 թվականների ցուցանիշներն են, որոնք պայմանավորված էին կորոնավիրուսի համավարակի և Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքներով։ 

Վիճակագրական կոմիտեն միայն հյուրանոցում տեղավորված զբոսաշրջիկների աշխարհագրությունն է ներկայացնում։ Այսպես, այս տարվա հունվար-հունիսին 1 002 878 զբոսաշրջիկներից միայն մոտ 31%-ը՝ 309 336-ն են տեղավորվել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։ Մնացածը տեղավորվել են բարեկամի, հարազատի տանը կամ վարձով տրվող բնակարաններում։ 

Հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների կեսից մի փոքր ավելին՝ 52.3%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 8.1%-ը՝ իրանցիներ են, 6.8%-ը՝ ԱՄՆ քաղաքացիներ, 2.8%-ը՝ Գերմանիայի, 2.4%-ը՝ Ֆրանսիայի, 2.1%-ը՝ Վրաստանի։ Մնացած երկրներից եկած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը, ըստ առանձին երկրի, չի գերազանցում  2%-ը։ 

Դատելով այս վիճակագրությունից՝ կարելի է ենթադրել, որ այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի աճը պայմանավորված է Ռուսաստանից տեղի ունեցած ներհոսքով։ 

Հայաստանից մեկնողների թիվը գրեթե կրկնապատկվել է

Այս տարվա առաջին կիսամյակում ժամանողների աճին զուգահեռ 97.7%-ով աճել է Հայաստանից զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնածների թիվը։ Վիճակագրական բացվածքից չի երևում, թե որ երկրներ են մեկնել նրանք։ 

Միայն հայտնի է, որ Հայաստանից մեկնողները դեռևս մեծ մասամբ ինքնուրույն են կազմակերպում իրենց ուղևորությունը։ Առաջին կիսամյակում միայն 7 853 հայաստանցի է իր ուղևորությունը կազմակերպել զբոսաշրջային գործակալությունների միջոցով։ Նրանց գերակշիռ մասը արտասահման է մեկնել հանգստի և ժամանցի նպատակով։  

Մեկնողների թիվը ևս վերջին տարիներին կտրվածքով ամենաբարձրը այս տարվա առաջին կիսամյակում է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter