HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Մայր Հայաստանը» պատրաստ է քվեարկել Մարությանի օգտին, եթե նա կողմ լինի ամբողջական իշխանափոխությանը

Երևանի ավագանու ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը բաց է ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ համագործակցության համար, եթե նրանք կիսեն «Մայր Հայաստան» դաշինիքի երեք գլխավոր սկզբունքները՝ քաղաքական գնահատական Փաշինյանի իշխանությանը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցության բացառումը և երկրում ամբողջական իշխանափոխությանը մասնակցելը։ Անդրանիկ Թևանյանն այս մասին ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին։

Հարցին, թե «Մայր Հայաստան» դաշինքը պատրա՞ստ է համագործակցել «Ազգային առաջընթաց և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ և աջակցել Հայկ Մարությանին՝ որպես քաղաքապետի թեկնածու, Թևանյանը նշեց, որ ուղղակի բանակցություններ դեռ չեն եղել, բայց պատրաստ են քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերն այն պարագայում, եթե այդ ուժը կիսի ամբողջական իշխանափոխության գաղափարները։

«Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի, բայց դա կանենք այն դեպքում, երբ պարզվի, որ նա կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով։ Ի սկզբանե հայտարարում եմ՝ եթե հնարավոր համագործակցությունը տեղի ունենա, ապա մենք չենք հավակնում որևէ պաշտոն վերցնել, կամ որևէ վերահսկողական լծակ վերցնել։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք համագործակցության այն տրամաբանությամբ, որ մեր տեսակետները կիսում են ամբողջական իշխանափոխության վերաբերյալ։ Եթե այս մասին հստակ հայտարարություններ հնչեն, մենք կշարունակենք քննարկումները»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

****

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով` 5 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 32,57% կամ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 18,89% կամ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43% կամ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 11,32% կամ 8 մանդատ և «Հանրային ձայն»՝ 9,68% կամ 7 մանդատ:

Եթե անգամ «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, միևնույն է, մյուս երեք քաղաքական ուժերի մանդատների հանրագումարը 1-ով ավելի է (32/33):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter