HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Իդիոտիզմի» զոհերը

Հունիսի 26-ին հրավիրած ՀԱԿ հանրահավաքը ոչ այնքան փողոցային քաղաքականությանը վերադառնալու հայտ էր, որքան դրանից հրաժարվելու, ինքնակամ կապիտուլյացիայի և դրոշը ԲՀԿ-ին կամովին հանձնելու ամփոփիչ միջոցառում: Այն ուղղված էր ՀԱԿ-ի գոյության անիմաստությունը հիմնավորելուն, որի պատասխանատու խնդիրն իր վրա վերցրեց Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը` անելով իրենց հակասականությամբ, թույլ, անտրամաբանական հիմնավորումներով նախադեպը չունեցող հայտարարություններ ու պնդումներ:

«Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե այս նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ, Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Դաշնակցության և մասամբ «Ժառանգության» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում»,- փորձում է համոզել Տեր-Պետրոսյանը։

Թե ինչից է վերցրել Տեր-Պետրոսյանը, որ իշխանության մոնոլիտը վերացվել է, դժվար է անգամ կռահել, որովհետև դրա մասին վկայող որևէ փաստ ուղղակի գոյություն չունի, և ոչ ոք չի կարող հերքել, որ ԲՀԿ-ի ներկայիս քաղաքականությունը պարզապես մոնոլիտ իշխանության վերացման պատրանք ձևավորելու նպատակ ունի: Սակայն եթե անգամ ընդունենք, որ այն փլուզվել է, ապա ընդհանրապես պարզ չէ, թե ինչ ներդրում է դրանում ունեցել օրինակ ՀԱԿ-ը կամ բոլոր այն կուսակցությունները, որոնք հազիվ կարողացան հաղթահարել ԱԺ անցնելու նվազագույն շեմը և համակերպվեցին ընտրությունների ներկայացված արդյունքների հետ:

Տեղի ունեցած փոփոխությունները ոչ թե ընդդիմության ուժեղության, խորաթափանցության կամ էլ վճռականության հետևանք էին, այլ ընդամենը Սերժ Սարգսյանի իրականացրած ծավալապաշտական և քաղաքական դաշտն ամայացնելով այն վերահսկելու քաղաքականության: Իսկ դա սկսվեց ոչ թե ՀԱԿ-ի դրդմամբ կամ օգնությամբ, այլ այն պատճառով, որ ԲՀԿ-ն չհամաձայնեց ընդունել փաստացի ՀՀԿ-ի սպասարկուն դառնալու Սերժ Սարգսյանի առաջարկը և նախապես հայտարարել 2013-ի ընտրություններում նրան պաշտպանելու մասին:

Սեփական թակարդում

Առհասարակ Տեր-Պետրոսյանն անընդհատ ձգտում է տպավորություն ստեղծել, թե ԲՀԿ-ի մասնակցությամբ տեղի ունեցող բոլոր գործընթացները ընդդիմության և մասնավորապես ՀԱԿ-ի հետ ԲՀԿ-ի համագործակցության արդյունք են, այդ թվում՝ նաև Կառավարության ծրագրին ԱԺ-ում դեմ քվեարկելը: Շահերի պարզ համընկնումը, որը հանգեցրեց գործողությունների ու տվյալ դեպքում քվեարկության միասնականությանը, Կոնգրեսի առաջնորդը փորձում է մատուցել որպես համագործակցություն: Մինչդեռ համագործակցությունն առաջին հերթին ծրագրված, փոխհամաձայնեցված որոշումներ ու գործողություններ են, որոնք այս դեպքում ուղղակի չկային:

Այս մանր մանիպուլյացիային դիմելը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ի ներուժը այժմ բավարարում է միայն ներիշխանական ինտրիգների հրահրմանը: Բայց անգամ սա ՀԱԿ-ին չի հաջողվում, որովհետև մտնելով ԲՀԿ-ի շուրջ այս խաղի մեջ՝ մյուս ուժերի հետ միասին անընդհատ հայտնվում է սեփական սպասելիքների թակարդի մեջ, որովհետև սխալ է գնահատում ԲՀԿ-ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հոտառությունը: Վերջինս շարունակում է վարել ինքնուրույն քաղաքականություն` ի հեճուկս ընդդիմության ու Ծառուկյանին իրենց ազդեցության գոտի բերելու խղճուկ մանևրների:

Ոչ թե ԲՀԿ-ն է գնում ընդդիմության հետևից` տրվելով նրա սադրիչ, մանիպուլյացիոն հնարքներին, ինչ սպասում էին, այլ հենց ԲՀԿ-ն է ստիպում մյուսներին ամեն անգամ քարշ գալ իր հետևից ու իր մատույցներում: Այսպիսով, ԲՀԿ-ն ողջ քաղաքական դաշտին ու առաջին հերթին ՀԱԿ-ին զրկում է մոտիվացիայից, կոնսոլիդացվելու և իրական քաղաքական բևեռ ձևավորելու հեռանկարից: Փաստ է արդեն, որ ուժային կենտրոնը ՀԱԿ-իշխանություն տիրույթից վաղուց տեղափոխվել է ԲՀԿ-իշխանություն տիրույթ, և բոլորը համակերպվել են այս իրողության և դրանից բխող խաղի կանոնների հետ:

Բայց որպեսզի այս իրողությունը ակնհայտ չդառնա, Տեր-Պետրոսյանին այլ բան չի մնում, քան ԲՀԿ-ից վիրտուալ ընդդիմադիր ուժ կերտելը: «Ժողովրդավարական երկրներում բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են՝ անկախ այն բանից՝ այդպիսի հայտարարություն կանեն, թե ոչ։ Ուստի, ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով արտահայտված, իդիոտիզմ է…»,- համոզում է նա` նրբորեն շրջանցելով կամ էլ չցանկանալով գիտակցել, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե հայտարարության, այլ դրանից բխող պատասխանատվության մասին է:

Եթե խորհրդարանում ԲՀԿ-ն հայտարարեր ընդդիմություն լինելու մասին, նրա հետագա բոլոր գործողությունները անցնելու էին այդ պրիզմայով: Իսկ ներկայում նման չափորոշիչ պարզապես չկա, և հենց դրա պատճառով է, որ Տեր-Պետրոսյանը կարողանում է ԲՀԿ-ի ներկայիս կարգավիճակը, «այլընտրանք» լինելը մեկնաբանել իրեն ցանկալի ձևով: Տեր-Պետրոսյանը չի ուզում հավատալ կամ անտեսում է, որ հրաժարվելով այդ հայտարարությունն անելուց` ԲՀԿ-ն իր համար հետդարձի կամուրջ է թողնում:

Մյուս կողմից ակնհայտ է, որ նույնիսկ կարգավիճակից ելնելով՝ հնարավոր չէ Հայաստանում պարզել` որևէ կոնկրետ ուժ ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ: Եթե առաջնորդվենք տերպետրոսյանական տրամաբանությամբ, ապա Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, Խոսրով Հարությունյանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը, Հայկ Բաբուխանյանի գլխավորած «Սահմանադրական իրավունք» միությունը թե մինչև խորհրդարանական ընդրությունները, թե անգամ հիմա, ընդդիմադիր են, որովհետև կառավարության մաս չեն կազմում, ինչն ավելի քան ծիծաղելի է:

Եվ վերջապես այս պնդումն անելով` Տեր-Պետրոսյանն ինքն իրեն և ՀԱԿ-ին դնում է չափազանց անլուրջ վիճակի մեջ և ապացուցում, որ համաժողովրդական շարժման ծավալած գործունեությունը այլ բան չի եղել, քան իդիոտիզմ: 2008-2011 թթ. Կոնգրեսը համառորեն բոլորին համոզում էր, որ այս երկրում միակ ընդդիմությունը ՀԱԿ-ն է, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն միանում ՀԱԿ-ին, չեն առաջնորդվում համաժողովրդական շարժման սկզբունքներով, կեղծ ընդդիմադիր ուժեր են, որոնք իրականում սպասարկում են գործող իշխանության շահերը:

Այդ ուժերի մեծ մասը, այդ թվում՝ նաև նրանք, ում հետ համագործակցությամբ Տեր-Պետրոսյանը հիմա հպարտանում է, նախկինում էլ իրենց ընդդիմադիր էին համարում: Հիմա, ըստ Տեր-Պետրոսյանի «իդիոտիզմի» բացատրության, ստացվում է, որ նրանք եղել են իրական ընդդիմություն, որովհետև կարգավիճակով են այդպիսին եղել: Եթե այդպես է, ապա ՀԱԿ-ն ինքն է այդ ընթացքում եղել ոչ ադեկվատ ու պարզապես շարունակաբար մոլորեցրել է հանրությանը: Բայց որպեսզի այս աբսուրդն ակնհայտ չդառնա, և արդարացվի ՀԱԿ-ի ներկայիս քաղաքականությունը, Տեր-Պետրոսյանը ձգտում է ԲՀԿ-ից իրական ընդդմադիր ուժ «կերտել»: Դա անում է փորձված ու իր կողմից բազմիցս կիառված երկու մեթոդով. մի կողմից զոռ տալով տրամաբանությանը, մյուս կողմից` դավաճանության մեջ մեղադրելով հակառակ կարծիք ունեցողներին:

ՀԱԿ-ը` ԲՀԿ-ից ավելի՞ ԲՀԿ

Տեր-Պետրոսյանի համոզիչ տրամաբանությունը հետևյալն է. «…Յուրաքանչյուր ոք պետք է ընդամենը իրեն մեկ հարց տա. կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուց «Բարգավաճ Հայաստանի» հրաժարումը ուժեղացրե՞ց, թե՞ թուլացրեց Սերժ Սարգսյանին կամ, նույնն է թե, ավազակապետությանը։ Վստահ եմ, որ չնախապաշարված ցանկացած մարդ կպատասխանի՝ պարզ չէ՞, որ թուլացրեց»:

Թվում է` անխոցելի տրամաբանություն է: Սակայն առաջին նախագահը մոռանում է ևս մեկ հարց տալ. «Բարգավաճ Հայաստանի»` ընտրություններին առանձին մասնակցելը, կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուց հրաժարվելը ուժեղացրի՞ն, թե՞ թուլացրին ընդդիմությանը և հատկապես համաժողովրդական շարժումը, որը վստահաբար շատ ավելի մեծ արժեք էր, քան ԲՀԿ-ի հետ սիրախաղերն ու նրա նկատմամբ սիրատոչոր ռևերանսները:

Այո, իշխանությունը ԲՀԿ-ի հարաբերական առանձնացումից չուժեղացավ: Բայց դա չուժեղացրեց նաև ընդդիմությանը, որը կատարելապես հայտնվեց ԲՀԿ-ի քմահաճույքներից կախվածության մեջ: Ու հիմա ԲՀԿ-ի անմիջական ջանքերով, ՀԱԿ-ի անհասկանալի քաղաքականության պատճառով, ունենք թուլացած իշխանություն և շատ ավելի թուլացած ու կամազրկված ընդդիմություն: Իրական քաղաքականությունը թողած` բոլորը փորձում են մեկ հարց հստակեցնել. արդյոք կարելի՞ է վստահել ԲՀԿ-ին, արդյոք ամենավճռական պահին այս կուսակցությունը դասալիքի չի՞ վերածվելու և ընդդիմությանը չի՞ կանգնեցնելու փաստի առաջ:

Եթե ոչ, ապա ինչո՞ւ ընտրություններում հաղթանակի ամենամեծ շանսերն ունեցող և իր ուժերին վստահ կուսակցությունը չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, իրական պայքար չսկսեց արդարության վերականգնման համար: Ինչո՞ւ այս կուսակցությունը հրաժարվեց ԱԺ-ում հայտարարելուց իր ընդդիմադիր լինելու մասին, եթե դա որևէ եղանակ չէր փոխում, և տերպետրոսյանական տրամաբանությամբ դրանով չի որոշվում՝ կուսակցությունն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ: Ինչո՞ւ կառավարության ծրագիրը մերժելուց հետո այս կուսակցությունը նոր խորհրդարանի հենց առաջին նիստում կողմ է քվեարկում կառավարության ներկայացրած մնացած բոլոր օրինագծերին, այդ թվում՝ նաև նրանց, որոնք հակասում են իր նախընտրական ծրագրին:

Ինչո՞ւ է իշխանության քրեական կամ քաղաքական հետապնդման թիրախում հայտնված իր երկրորդ դեմքին մեն-մենակ թողնում ու չի համարձակվում գոնե հստակ գնահատականներ հնչեցնել կամ իր շարքերից հեռացնել փողերի լվացման մեջ մեղադրվող Վարդան Օսկանյանին, եթե կասկածում է նրա մեղսակցությանը: Տեր-Պետրոսյանը պետք է նախևառաջ հենց այս հարցերին պատասխաներ, մինչդեռ նա վարպետորեն ուղղակի շրջանցեց Օսկանյանի հետ կապված իրավիճակը ու բացարձակ ոչ մի անդրադարձ չկատարեց:

Փոխարենը, իր դիրքորոշումը հիմնավորելու համար նա սկսում է մեղադրել բոլոր այն շրջանակներին, ովքեր չեն հավատում ԲՀԿ-ի` ընդդիմություն լինելուն կամ այդպիսին դառնալու ցանկությանը: «Փոխանակ «Բարգավաճի» անկախացման ձգտումը քաջալերելու և նրան Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ավելի հեռացնելու՝ նրանք, իբրև թե գաղափարական նկատառումներով, բայց իրականում ամբոխավարական էժանագին հնարքներով, բարոյական ու հոգեբանական ճնշում են բանեցնում «Բարգավաճի» վրա՝ վերականգնելու համար իշխանական նախկին մոնոլիտը։ Ավելի պարզ ասած՝ նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել Սերժ Սարգսյանին, այն է՝ «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլու-հնազանդ կամակատարը»,- ասում է նա։

Այս մեղադրանքները հնչեցվում են` խուսափելու սեփական քայլերի պատասխանատվությունից: ԲՀԿ-ի նկատմամբ դրսևորած կիսակույր հավատով Տեր-Պետրոսյանը պարզապես լեգիտիմացնում է ԲՀԿ-ի ներկայիս միջանկյալ կարգավիճակը, ապահովում այս անորոշության երկարակեցությունը` դրանով իսկ գորշության մատնելով ողջ քաղաքական դաշտը, ինչի դեմ, ի դեպ, պայքարում էր շարժման մեկնարկին:

ԲՀԿ-ին մղելով առաջին պլան՝ նա ինքնաբերաբար երկրորդական է դարձնում ՀԱԿ-ին ու վերջինիս կախման մեջ գցում ԲՀԿ-ից: Սա այլ կերպ, քան դավաճանություն, չի կարելի անվանել, որովհետև այս ամենում ավելի շատ նկատելի է շարժումը վերջնականապես սպառելու և դա ինչ-որ երկրորդական հանգամանքներով ու ուժերի վրա բարդելու հնարներ գտնելու ցայտնոտային մղումը: Տեր-Պետրոսյանը պարզապես դուրս է գալիս խաղից:

Լուս.՝ www.armtimes.com-ից

Մեկնաբանություններ (5)

Ժորժ
Հայաստանը խելացնոր վիճակում է, ելեք՝ ում կայնքն անիծյալ է
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես բացարձակ համաձայն ՉԵՄ հեղինակի վերլուծությանը: Ուշադիր կարդացել եմ հոդվածը և Լ.Տեր-Պ.-ի ելույթը: Այս հոդվածի համարյա ոչ մի վերլուծության համաձայն չեմ-ուստի կետ առ կետ չեմ կարող քննարկել: Ընդհանուր ասեմ, որ Լ.Տեր-Պ.-ը ուղղակի ճիշտ է ասում և ԲՀԿ-ի, և ընդհանրապես ընդիմություն լինելու մասին: Զեզ թվում է,թե թեկուզ Հոլանդիայում ընդ.դաշտի բոլոր կուսակցությունները իրար հետ միշտ համագործակցում են կամ միշտ միասին 'դեմ' կամ 'կողմ' են քվեարկում? Իհարկե ՈՉ: Նույնիսկ մի հարցում կարող ես լինել ընդդիմադիր,իսկ մյուսում- ոչ: Իսկ ինչու ՀԱԿ-ը պիտի հրապարակներից հիմա տուն չգա,եթե ՀՈՅԱԿԱՊ ալտերնատիվ ամբիոն է գտել պառլամենտում,որը իր քաղաքական կշիռը բավականին մեծացրել է: Կապրեիր նույն 1 սենյականոց վարձով տանը,եթե 100000 եվրո ժառանգեիր? Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին. ես չգիտեմ, թե ինչ է փոխվել ԲՀԿ-ում, բայց մի բան փոխվել է: Ուրախ չեք? ԳԵՐՎԵՐԼՈՒԾԵԼՆ էլ այդքան օգուտ չի: Իսկ որ մի երկրում 30%/30տեղ ունեցող կուսակցությունը իրեն այդպես չի պահի? Ես ԼՐԻՎ համաձայն եմ Լ.Տեր-Պ.-ի հետ. եթե ԲՀԿ-ն նորից վերադառնա ՀՀԿ-ի գիրկ,դա ԲՀԿ-ի համար լինելու է քաղաքական ինքնասպանություն: Ավելացնել,որ չեմ զարմանա Ն.Փաշինյանին 5-10 (15?) տարի հետո տեսնել Հայաստանի նախագահ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ժորժ(1) - Համաձայն չեմ: Ընդհակառակը-Հայաստանը գալիս է դեպի քաղաքական հավասարակշռության: Միգուցե դեռ դանդաղ ու փոքր քայլերով: Լ.Տեր-Պ.-ի ելույթի Ղարաբաղի մասին ասածին կիսով եմ համաձայն,բայց երկրի ներքին քաղաքական կյանքի իր վերլուծության բոլոր կետերը պարզապես ճիշտ են: Համենայն դեպս ինձ համար:
Մլեհ
Իմ comment-ը ուղղուած էր 2 & 3 - Վարազ Սյունի (Ամստերդամ)-ին:
Գեւորգ
Լեւոնը հիմա լուծում - վերլուծում է ինչը? Կամ ինչ բարոյական իրավունքով է ամբիոն բարձրանում ծերացած մարդը, որն ի սկզբանե ռումբ դրեց հայաստանի թե տնտեսության, թե հասարակության ձեւավորման ճանապարհին՝ իր մեծամտության ու աշխատելու անընդունակության շնորհիվ: Մինչեւ հիմա էլ նա հավատում, կամ ուրիշներին մոլորեցնում է, որ շատախոսությամբ ու «շախմատային» ինտրիգներով կարելի է ինչ որ բան շտկել: Մինչդեռ պատին ենք հասել, պարոնայք հայեր, երկիրն արդեն տրված է «տիրոջը»՝ հայկական գռեհիկ կրիմինալին, իշխանությունն էլ նրան ծառա է կարգված: Եթե մեկը կա որ սիրտ ու հոգի ունի եւ գործի ընդունակ է, պիտի հանդես գա ու կոչ հնչեցնի: Ծակ վերլուծությունները հիմա միայն բթացնող «լոլոներ» են եւ այս պահին միայն վնասակար: Թող գոնե այդ ազնիվ քայլն անի Լեւոնը՝ հայտարարելով խոսելու (եւ իր) ավելորդության մասին ու մի կողմ քաշվի, դաշտն ազատելով վճռական, թարմ ուժի առաջ: Այն անպայման պիտի ձեւավորվի-հայտնվի, որովհետեւ դատարկությունն անպայման լցվում է մի օր, հետեւաբար ճիշտ կլինի մաքրել ասպարեզն ու գոնե չխանգարել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter