
Սնուփ Դոգի համերգը հետաձգվել է
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը, որը տեղի էր ունենալու Երևանում սեպտեմբերի 23-ին, հետաձգվել է։ Այս մասին տեղեկանում ենք համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերության ֆեյսբուքյան էջից։
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը:
Մենք խստագույնս դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան մեր հայրենակիցների դեմ և իրականացրած ոճրագործությունները: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:
Մենք ներողություն ենք խնդրում բոլոր այն անձանցից, ովքեր տոմսեր են գնել և պատրաստվում էին մասնակցել համերգին: Տեղեկացնում ենք նաև, որ տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն շուտով»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն հայտնել էինք, համերգը տեղի էր ունենալու այս տարվա սեպտեմբերի 23-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։ Կառավարությունը համերգի համար հատկացրել էր 2 մլրդ 318 մլն դրամ, ինչը ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն դոլար։
Լուսանկարը՝ Ethan Miller/Getty Images
Մեկնաբանել