
Բանակցություններ Եվլախում․ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ ըստ ադրբեջանական կողմի
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Եվլախ քաղաքում Արցախի և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման մասին։
Ինչպես նշված է Բաքվի հայտարարությունում, հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության և օրենքների շրջանակում Ղարաբաղի հայերի վերաինտեգրացիայի, ենթակառուցվածքների վերականգնման և գործունեության հարցերը։
Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամին Մամեդովը ներկայացրել է վերաինտեգրացիայի ծրագրերը։ Բացի դրանից, ընդգծվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «հակաահաբեկչական միջոցառումների» դադարեցման մասին հայտարարության դրույթների իրականացման կարևորությունը։
Սոցիալական և հումանիտար բնույթի հարցերի համատեքստում Ղարաբաղի ներկայացուցիչները հաղորդել են, որ վառելիքի հատուկ կարիք կա։ Միևնույն ժամանակ նրանք խնդրել են սննդամթերքի տեսքով հումանիտար օգնություն։ Հանդիպման արդյունքներով նրանց խնդրանքը դրական է ընդունվել։
Մասնավորապես, նախատեսվում է մոտ ժամանակներում ապահովել վառելիքի մատակարարումը մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման, շտապօգնության և հրդեհային ծառայության համար, ինչպես նաև ցուցաբերել հումանիտար օգնություն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներում հերթական հանդիպումն անցկացնելու վերաբերյալ։
Մեկնաբանել