HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանցի հայ պատգամավոր. «Հայաստանը պետք է ավելի ընդլայնված ծրագիր մշակի Իրանի հետ»

Սեպտեմբերի 20-ին Իրանի Մեջլիսում հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը Իրանի իշխանություններին ուղղված սուր շեշտադրումներ է արել Արցախում տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ: Նրա ելույթի ժամանակ Արցախը դեռ պատերազմում էր:

«Իրանն իրեն հեռու է պահում Ղարաբաղում տեղի ունեցող ոճիրներից եւ հենվում է իր տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վրա, այն դեպքում, երբ վտանգված է Հայաստանի Սյունիքի մարզը, եւ խոսվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Հիշեցնեմ, որ Թուրքիայի նախագահը երեկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Ղարաբաղի այս գործողություններին (որոնք, ի դեպ, կատարվում են Ռուսաստանի համաձայնությամբ), հաջորդելու են «Զանգեզուրի միջանցքի» բացման քայլերը (Թուրանա-ՆԱՏՕ-ական միջանցք)»,- իր ելույթում ասել է պատգամավորը:

Վերջինս Իրանից պահանջել է անտարբեր չլինել Բաքվի վարչախմբի կողմից Արցախում կատարվող վայրագությունների հանդեպ: «Իմացեք, որ համաշխարհային այս թոհուբոհում, տարբեր ատյաններում Ալիեւին արդեն անվանում են ապագա Միլոշեւիչ եւ Սադամ Հուսեյն։ Մեր քթի տակ աճում է մի նոր միջազգային հանցագործ, եւ զարմանալի է, որ մեր տեղեկատվության հարգելի նախարարը ասում է, որ Ադրբեջանի հետ մեր խնդիրները լուրջ բնույթի չեն։ Նախարարից սպասելի չէ, որ նպատակահարմարությունն այսպես անփույթ բառապաշարով է արտահայտում»,- ասել է Իրանի մեջլիսի հայ պատգամավորը:

Վերջինս իր ելույթն ավարտել էր՝ խոսելով Իրանի ազգային անվտանգության մասին, նշելով, որ չի ցանկանում այս խառնակ օրերին Իրանին ներքաշված տեսնել պատերազմի մեջ:

«Հետքի» հետ զրույցում Ռոբերտ Բեգլարյանն ասում է, որ մեր զրույցից մեկ ժամ առաջ Իրանի նախագահը բանակի տոնակատարության առիթով ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է իր այն մեջբերմանը, որ Արցախում ամեն գնով պետք է պահվեն հայության անվտանգությունն ու իրավունքները: Դրան զուգահեռ Ռաիսին շեշտել է, որ Իրանը չի ընդունելու եւ չի հանդուրժելու որեւիցե սահմանային փոփոխություն:

Հարցին, թե արդյոք Իրանը կներքաշվի ռազմական գործողությունների մեջ, եթե պատերազմ սկսվի Հայաստանի դեմ, «Հետքի» զրուցակիցը պատասխանում է, որ միջազգային իրավունքի ասպարեզում իրավիճակը բավական երերուն է, մեծ փոփոխություններ են տեղի ունենում: «Մեկ բան հստակ է. նախ՝ Իրանը գիտի, որ դերակատարները շատ են տարածաշրջանում, եւ հատկապես զգայուն է Իսրայելի ներկայությանը: Երկրորդ՝ Իրանը գիտի, որ փորձ է կատարվում իրեն ներքաշել ինչ-որ պատերազմի մեջ: Բնականաբար, Իրանը շատ զգուշությամբ կմոտենա դրան»,- նշում է հայ պատգամավորը:

Իրանը, ըստ նրա, պատմականորեն շատ զգայուն է վերբերվում իր սահմանների թեմային: Եթե Հայաստանի պետականությունը լուրջ սպառնալիքի ենթարկվի, ապա Իրանի հյուսիսում թրքախոսներ կհայտնվեն, իսկ այդ հարցում Իրանը չի կարող լուռ մնալ: Սակայն, ըստ Բեգլարյանի, մինչեւ վերջին վայրկյանը Իրանը կխուսափի ներքաշվել հստակ գործողություններում:

««Զանգեզուրի միջանցքը» ընդունելի չէ Իրանի համար, եւ դա գաղտնիք չէ: Ներկա վայրիվերումների բերումով Թուրքիան ու Ռուսաստանը տարբեր բանակցություններ կունենան Իրանի հետ: Շոյգուն Իրանում էր երկու օր առաջ: Գուցե նման թեմաներ, շահերի նոր դասավորություններ կլինեն, այս ուժերը կփորձեն Իրանին հրամցնել կամ հասկացնել, բայց պարոն Ռաիսիի ելույթից երեւում է, որ Իրանն իր դիրքորոշման մեջ առայժմ անհողդողդ է»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ՝ Իրան-Ռուսաստան հարաբերությունները զարգացած են տարբեր ոլորտներում, սակայն ամեն հարցում չէ, որ պաշտոնական Թեհրանը կիսում է Ռուսաստանի մոտեցումը:

Իրանը փորձում է կայուն հարաբերություններ պահել Ադրբեջանի հետ, եթե դրանք նույնիսկ լավը չեն: Բեգլարյանը նկատում է, որ արդբեջանցի պատգամավորները գռեհիկ արտահայտություններ են թույլ տալիս Իրանի հասցեին: «Համենայն դեպս, Իրանը հանդուրժողականությամբ է մոտենում, երբեմն էլ այն աստիճանի, որ մեզ համար հասկանալի չէ»,- նշում է հայ պատգամավորը:

Իրանը էներգետիկ եւ տնտեսական լայն հարաբերությունենր ունի Թուրքիայի հետ: Սակայն, ըստ Ռոբերտ Բեգլարյանի, պատմությունը ցույց է տալիս, որ երբ խոսքը տարածքային ամբողջականության եւ անվտանգության հարցերի մասին է, Թեհրանն իր դիրքորոշումը կայուն ու անհողդողդ է պահում:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, իրանցի հայ պաշտոնյան նկատում է հետեւյալը՝ պետք է հաշվի առնել, որ Իրանը շատ արագ կողմնորոշվում է ճգնաժամերի ժամանակ, բայց տարածաշրջանային գործընթացների հարցում փոքր-ինչ հապաղում է, եւ որոշումների կայացումը ձգվում է, ինչը մտահոգության տեղ է տալիս: Նրա խոսքով՝ կարեւոր է, որ Հայաստանը հանրային, տնտեսական, ռազմական, դիվանագիտական շատ սերտ հարաբերություններ ունենա Իրանի հետ, եւ ավելի ընդլայնված ծրագիր մշակի պաշտոնական Թեհրանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter