HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառավարությունը մտադիր է պետական պարտքի մեջ մեծացնել դրամային պարտքի կշիռը

Կառավարությունը նախատեսում է նոր ներգրավվելիք պետական պարտքի ավելի մեծ հատվածը ՀՀ դրամով ներգրավել։ Այդ առիթով այսօրվա նիստին (սեպտեմբերի 22) փոփոխություններ է կատարվել պետական պարտքին առնչվող որոշումներից մեկում։ Նիստի այսօրվա օրակարգում այն չզեկուցվող հարցերի շրջանակում է եղել։

Ըստ հիմնավորման՝ դրանով նվազեցվում են վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերը։

«Ներկայում ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական ռիսկերից մեկը փոխարժեքի ռիսկն է, որի նվազեցման նպատակով անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքի բարելավմանն ուղղված գործառնություններ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ինչպես սահմանված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով, պետական ֆինանսների կայունությունն ամրապնդելու համար կԿառավարությունը ձգտելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն ավելի մեծ չափով ապահովել դրամով փոխառությունների հաշվին: «Դա թույլ կտա նվազեցնել պարտքի զգայունությունը փոխարժեքի տատանումներից, ինչպես նաև բարձրացնել ֆինանսների հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են տարաբնույթ ցնցումներին դիմակայելու հարցում Կառավարության կարողությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- նշված է հիմնավորման մեջ:

Նախագիծն ընդունվելու դեպքում, ըստ Կառավարության, կբարելավվի Կառավարության պարտքի կառուցվածքը, կնվազի փոխարժեքի ռիսկը, կպակասի կախվածությունը ֆինանսավորման արտաքին աղբյուրներից:

Կառավարությունը պետական պարտքը ներգրավում է բյուջեի դեֆիցիտը փակելու համար։  Քանի որ Հայաստանի պետական բյուջեի ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, այդ «ճեղքը» փակելու համար պետությունը պարտք է վերցնում ինչպես արտաքին աշխարհից՝ օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից, այնպես էլ՝ ռեզիդենտներից՝ թողարկելով պետական պարտատոմսեր։

Օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից, ինչպես նաև եվրապարտատոմսերի տեղաբաշխումից ստացվող գումարները արտարժույթով են։ Դա Հայաստանի արտաքին պետական պարտքն է։

Իսկ պետական գանձապետական պարտատոմսերի թողարկումների արդյունքում, որոնք ձեռք են բերում հիմնականում տեղի քաղաքացները՝ ռեզիդենտները, գոյանում է ներքին պարտքը՝ ՀՀ դրամով։

Ամենաթարմ տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը կազմել է մոտ 11 մլրդ 387 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 7%-ով։

Դրանից 10 մլրդ 844 մլն դոլարը ՀՀ կառավարության արտաքին պարտքն է (աճը՝ 7.5%), 543 մլն դոլարը՝ ՀՀ կենտրոնական բանկինը (նվազումը՝ 1.5%)։

Իսկ ներքին պարտքը, որը ամբողջությամբ կառավարության պարտքն է, կազմել է 4 մլրդ 756 մլն դոլար (աճը՝ 13.4%): Դրամային արտահայտությամբ ներքին պարտքը կազմել է 1 տրլն 836 մլրդ դրամ։  

Փակագծում նշված ցուցանիշները նվազում են ցույց տալիս

Այդպիսով, ներքին պարտքը այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ կազմել է Կառավարության ընդհանուր պետական պարտքի 43.9%-ը՝ տարեսկզբի 41.6%-ի նկատմամբ։ Ներքին պարտքի մեջ արտարժույթի կշիռը փոքր է։

Իսկ ըստ ներգրավման արժույթի՝ օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ դրամի կշիռը Կառավարության պարտքի մեջ 42.6% է։ 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter