
Հայաստանի պետական պարտքը հատել է 11 միլիարդ դոլարի շեմը
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, տարեսկզբի համեմատ պարտքն աճել է 714 մլն դոլարով կամ 6.7%-ով։
Ներքին պետական պարտքն ավելի արագ է աճում, քան արտաքին պարտքը։
Հայաստանի արտաքին պետական պարտքը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 663 մլն դոլար, որը այս տարվա յոթ ամիսների ընթացքում աճել է 218 մլն դոլարով կամ 3.4%-ով։
Արտաքին պարտքի հիմնական մասը միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերն են։
Հայաստանը շարունակում է նոր վարկեր ներգրավել սոցիալ-տնտեսական ծրագրերն իրականացնելու համար։ Այս տարվա ապրիլին Հայաստանի կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև ստորագրվել է նոր վարկային համաձայնագիր՝ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» անվամբ։ Վարկի ընդհանուր գումարը կազմել է 92 մլն եվրո։
Նույն ընթացքում ավելի մեծ տեմպով աճում է ներքին պարտքը։ Այս տարվա յոթ ամիսներին ներքին պարտքն ավելացել է 496 մլն դոլարով՝ 11.8%-ով և կազմել 4 մլրդ 688 մլն դոլար։
Ընդհանուր պարտքը 11 մլրդ դոլարի շեմը հատել է մայիսից։
Չնայած ավելի արագ աճին՝ ներքին պարտքը դեռևս ավելի փոքր է արտաքին պարտքից։ Կառավարությունը համարում է, որ ներքին պարտքի տեսակարար կշռի մեծացումը նպաստում է փոխարժեքի ռիսկի նվազեցմանը: Ներքին պարտքը տրվում և սպասարկվում է ՀՀ դրամով ու դրամ/դոլար փոխարժեքի տատանումների բացասական ազդեցություններից զերծ է մնում։
Մյուս կողմից էլ, սակայն, դա հանգեցնում է տոկոսադրույքի ռիսկի աճի և պարտքի սպասարկման ծախսերի աճի, քանի որ ներքին պարտքի տոկոսադրույքները, եթե ոչ միշտ, ապա հաճախ ավելի բարձր են լինում:
Պետական պարտքի աճին զուգահեռ ավելանում են նաև պարտքի տոկոսավճարները։
Ըստ Ֆինանսների նախարարության՝ 2023 թվականի հունվար-հուլիսին պարտքի տոկոսավճարներին պետական բյուջեից ուղղվել է մոտ 126 մլրդ դրամ, որից 74 մլրդ դրամը ներքին պարտքի գծով տոկոսավճարներն են, մոտ 52 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի գծով է։
Դրամի արժևորումը թույլ ազդեցություն է ունեցել պետական պարտքի վրա
Քանի որ Հայաստանի արտաքին պարտքի հաշվարկներն ու մարումները կատարվում են ԱՄՆ դոլարով և 2022 թվականի դրամը արժևորվել է, 2022 թվականն այդ առումով բարենպաստ է տարի էր պարտքի սպասարկման համար։ Այլ խոսքով՝ դրամի ամրացումը դոլարի նկատմամբ հօգուտ պետական պարտքի է եղել:
Դոլարի նկատմամբ դրամի արժևորումը նպաստել է, որ դրամային արտահայտությամբ պարտքի թե բացարձակ արժեքը, թե տոկոսավճարները նախատեսվածից քիչ լինեն։
2022 թվականի ընթացքում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է մինչև 20%-ով։ Արդյունքում՝ դրամային արտահայտությամբ պարտքի նվազում էր գրանցվել, սակայն դոլարային արտահայտությամբ՝ աճ։
Դրամը դոլարի նկատմամբ շարունակել է ամրապնդվել նաև այս տարի, սակայն՝ շատ ավելի թույլ տեմպով։ Եթե 2022 թվականի դեկտեմբերին պետական պարտքի հաշվարկներում հիմք է ընդունվել 393.57 ԱՄՆ դոլար/ ՀՀ դրամ միջին փոխարժեքը, ապա 2023-ի հուլիսին՝ 386.22 դրամ։
Այսինքն՝ դոլարը էժանացել է ընդամենը 2%-ով։ Հետևաբար, փոխարժեքի տատանումները պարտքի ցուցանիշների և սպասարկման վրա այս տարի մեծ ազդեցություն չեն թողել։
Եթե դոլարային արտահայտությամբ ընդհանուր պետական պարտքն աճել է 6.7%-ով, ապա դրամային արտահայտությամբ՝ 4.7%-ով։ Դրամային արտահայտությամբ պետական պարտքը կազմում է 4 տրլն 384 մլրդ դրամ։
Գլխավոր լուսանկարը՝ imf.org-ի
Մեկնաբանել