HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարմիր խաչի գործունեությունն արժեզրկվում է այնպես, ինչպես ռուս խաղաղապահներինը». բժիշկները պահանջում են վիրավորներին տարհանել

Այսօր Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց հավաքված բժիշկները բուժառուներին հեռախոսով էին ցուցումներ տալիս, թե որ ժամին որ դեղը խմել։

Հավաքված բուժաշխատողները միջազգային կառույցից պահանջում էին ապահովել այս պահին Արցախում գտնվող վիրավորների տեղափոխումը Հայաստան՝ պատշաճ բուժօգնություն ստանալու համար։

«Բազմաթիվ վիրավորներ մահանում են պարզապես այն պատճառով, որ չկան բավարար ռեսուրսներ, չկա դեղորայք, չկան վիրաբույժներ, ու անգամ սովորական արնահոսությունից մարդիկ են մեռնում, իսկ մենք էստեղից որևէ բանով այդ մարդկանց չենք կարողանում օգնել։ Մեզ չեն տալիս հնարավորություն գնալու և մեր կարողացածի չափով օգնելու նրանց»,- ասում է ցույցին միացած էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանը։

Ցույցի կազմակերպիչներից Արեգա Հովսեփյանը դիմեց Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցիչներին՝ ասելով չկիրառել երկակի ստանդարտներ և հավասարապես մարդասիրական օգնություն ցուցաբերել բոլոր ազգերին և չհիշել չեզոքության մասին միայն այն ժամանակ, երբ հարցը վերաբերում է Հայաստանին և Արցախին։

«34 տարի է` աշխատում եմ որպես մանկաբույժ, նույն բանը տեղի ունեցավ Բաքվում, որտեղից որ եկել եմ։ Այսօր մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկված են տարրական իրավունքներից, իսկ մենք ուղղակի այստեղ ցույցի ենք եկել, քանի որ այնտեղ գնալ չենք կարող, բայց հանգիստ նստել նույնպես չենք կարող»,- նշեց մանկաբույժ Զիբա Մարգարյանը։

Ակցիային մասնակցում էին նաև ուսանողներ և բժիշկ օրդինատորներ։ Մարիամ Իսկանդարյանի խոսքով՝ իր ողջ ընտանիքն այս պահին տարհանվել է Ստեփանակերտ, շրջափակման հետևանքով արդեն քանի ամիս է՝ նրանց չի տեսել, ասում է, որ պատրաստ է գնալ ու ինչով կարող է օգնել վիրավորներին։

«Այսօր ես արթնացել եմ, գնացել աշխատանքի ու անդադար մտածում եմ, թե ես ինչ պետք է անեմ, որ չեմ անում։ Մենք շարունակ իրար ենք մեղադրում, ինքներս մեզ ենք մեղադրում, բայց գուցե ժամանակն է, որ բոլորիս ուժերն ու կարողությունները իրար միացնենք ու տեսնենք, թե ինչ կստացվի, այլապես մենք միշտ այսպես հավաքվելու ենք ու անորոշ շուրջներս նայենք»,- նշեց մանկաբույժ Աննա Առաքելյանը։

Ցույցի մասնակիցներից մի քանի բժիշկներ քննարկեցին իրենց պահանջը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ։ Ըստ նրանց՝ քննարկումը իրենց չի բավարարել, պետք է արագ գործել, այլապես որոշ ժամանակ հետո այլևս անհրաժեշտություն չի լինի:

«Ինչքան որ արժեզրկվել և արժեզրկվում է ռուս խաղաղապահների գործունեությունը Արցախում, այդքան էլ արժեզրկվոմ է Կարմիր խաչինը։ Մեզ պետք է, որ դուք գործեք այսօր, քանի որ սրանից ծայրահեղ իրավիճակի էլ պետք չի սպասել։ Արդեն ինն ամիս մենք ահազանգում ենք ձեզ, լսե’ք մեզ»,- քննարկումից հետո հավաքված մասնակիցներին հայտնեց Արեգա Հովսեփյանը։

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու խոսքով՝ հնարավոր կլինի մարդասիրական օգնություն ցուցաբերել միայն այն դեպքում, երբ երկու կողմերի համաձայնությունը լինի, սակայն այս պահին կան խոչընդոտներ այդ երկրների կողմից, ուստի գործընթացը տեղի չի ունենում։ Հարցին, թե որ երկիրն է այս պահին խոչընդոտողը՝ Ամատունին ասաց, որ դա գաղտնի է և բարձրաձայնել չի կարող։ Միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր Կարմիր խաչի ջանքերով Ստեփանակերտ է տեղափոխվել և բուժօգնություն է ստանում ինը մարդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter