
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, 1 ամսով կալանավորվել է: 9 ժամ տևած նիստից հետո այս որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը: Այս մասին հայտնում է Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
Ավելի վաղ Քոչարյանի փաստաբանական թիմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել` հիշատակելով դատավորի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը: Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր սքրինշոթեր, որտեղ դատավոր Մասիս Մելքոնյանը 2021 թվականին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր բացասական կարծիքն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել անկողմնակալ և այդպիսին է:
«Ես միշտ հպարտացել եմ հորս գործունեությամբ և իր ունեցած պատասխանատվությամբ, եթե ես լսած լինեի Ձեր ասածները հորս հասցեին, պատասխանատվության միջոց կկիրառեի»,- նիստի ընթացքում ասել է Լևոն Քոչարյանը դատավոր Մասիս Մելքոնյանին:
Այնուհետև պաշտպանական խմբին է միացել փաստաբան Գայանե Պապոյանը, ով դատավոր Մասիս Մելքոնյանի հետ ունի ազգակցական կապ և այդ հիմքով ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն:
Դատարանը մերժել է Գայանե Պապոյանի միջնորդությունը՝ արձանագրելով, որ որպես ազգական չունեն ինտենսիվ շփում, և ինքը այնուամենայնիվ անկախ կքննի գործը:
Լևոն Քոչարյանի կալանքի նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդութունը ևս դատավոր Մասիս Մելոքոնյանը մերժել է:
Նշենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանին բերման էին ենթարկել, ապա նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից էլ նրան ձերբակալել էին: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հաղորդմամբ` ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել:
Մեկնաբանել