
Եթե Հայաստանը չի մասնակցի, երկաթուղին կանցնի Իրանով. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանը դրական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղով տրանսպորտային երթուղիների ստեղծմանը մասնակցելուն: Այդ մասին Նախիջևանից վերադարձի ճանապարհին Էրդողանը հայտարարել է լրագրողներին։
«Եթե մենք ուզում ենք Զանգեզուրի և Լաչինի միջանցքները տեսնել որպես խաղաղության երթուղիներ, ապա մենք պետք է այդ հարցերը լուծենք հանգիստ և առանց կոնֆլիկտների։ Ինչ վերաբերվում է գնացքին, որը Թուրքիայից գնալու է Նախիջևան, այնուհետ Հայաստանով Ադրբեջան, ապա պետք է նայել Հայաստանով դրա անցման հարցին։ Եթե Հայաստանը չմասնակցի, երթուղին ինչպե՞ս կընթանա։ Իհարկե Իրանով: Իրանը դրական է վերաբերվում դրան, այնպես որ կարող է Իրանով դեպի Ադրբեջան ճանապարհ ստեղծվել»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ «Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների միջև ավտո և երկաթուղային ճանապարհների միջոցով ուղիղ կապի ապահովումը Անկարայի և Բաքվի համար առաջնահերթություն է ու կամրապնդի երկու երկրների հարաբերությունները»: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հնարավորինս շուտ բացենք այդ միջանցքը։ Դա ռազմավարական խնդիր է, և այն պետք է լուծվի։ Երբ դա արվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է հասնել անմիջապես Կարս։ Հաճելի է Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել այս հարցում»,- նշել է Էրդողանը։
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությանը՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ քննարկվում է Տրանսանատոլիական խողովակաշարով պոմպերի ավելացման հարցը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա խողովակաշարի հզորության ավելացումը կծառայի երկու երկրների շահերին և կնպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը մեկօրյա այցով ժամանել էր Նախիջևան, որտեղ բանակցություններ էր վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու երկրների նախագահները ստորագրել էին արձանագրություն՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի ստեղծման վերաբերյալ։
Լուսանկարը՝ dunya.com-ից
Մեկնաբանել