HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

19 հազար տեղահանվածից 2500-ն է պետության հատկացրած կեցավայրում․ փոխվարչապետը տվյալներ է ներկայացրել

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից 19 հազարն արդեն հատել է Կոռնիձորի անցակետը, սակայն նրանցից միայն 2500-ն է գտնվում պետության առաջարկած կացարանում։ Այս տվյալները ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով իր համակարգմամբ գործող աշխատանքային խմբի իրականացրած միջոցառումները։

Կառավարության կողմից կեցավայրով ապահովված քաղաքացիների գերակշիռ մասը՝ մոտ 1000 հոգի, գտնվում է Սյունիքի մարզի հյուրանոցային և հյուրատնային համալիրներում: 500-ական փախստականներ տեղավորվել են Վայք քաղաքի և Գեղարքունիքի մարզի բնակավայրերում գտնվող կացարաններում։ Կեցավայրի կարիք ունեցողներին այժմ Տավուշի մարզում գտնվող բնակության վայրեր են ուղղորդում։ Իսկ այն մարդիկ, որոնք Կոռնիձորի անցակետը հատելիս ասել են, որ ունեն իրենց նախընտրած բնակատեղին և չեն ցանկանում օգտվել պետության առաջարկած կեցավայրերից, նրանց տվյալները ևս վերցվել են, որպեսզի հետագայում բավարարվեն նրանց սոցիալական և այլ կարիքները։

«Գույքագրել ենք ողջ մարզերում գտնվող հյուրանոցային և հյուրատնային տեղերը, որտեղ մարդկանց կարող ենք առաջին իսկ դիմումով առաջարկել կեցավայր և ունենք մանրամասն քարետեզ, որտեղ պետք է ուղղորդվեն մարդիկ, որոնք դրա կարիքն ունեն։ Մենք, նպատակ ունենալով, նաև ժամանակը կառավարելու տեսանկյունից, արագ լուծման հասնել, կեցավայրի առաջարկը վերաբերվել է նրանց, ովքեր ցանկություն ունեին գտնվելու Սյունիքում»,- հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ըստ փոխվարչապետի՝ առաջնային հարցը տեղահանվածների կացարանի հարցի լուծումն է, որից հետո կանդրադառնան կրթության և առողջապահության հարցերին։ Ըստ առկա տվյալների՝ Հայաստան տեղափոխված անձանցից 5500-ը մինչև 18 տարեկան անձինք են (կրթությունից դուրս մնացած)։

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբում քննարկել են նաև բռնի տեղահանված քաղաքացիներին դրամական հատկացումներով աջակցություն տրամադրելու հարցեր ևս։ Նման օժանդակցություն կտրամադրվի բնակարանների վարձավճարները փոխհատուցելու համար։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ այսօր Հայաստան են տեղափոխվել նաև սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով զոհվածների աճյուններ։ Աճյունների տեղափոխման գործընթացը շարունակվելու է, տեղափոխվելու են նաև Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհված անձանց մարմինները։ Արցախում են Հայաստանից մեկնած շտապօգնության երկու տասնյակ բրիգադները, որոնք անհետաձգելի բուժօգնություն ստացողներին կտեղափոխեն։ Օդային տարածքով արդեն հիվանդներ են փոխադրվել Հայաստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter