HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է անում պատրաստվել Արցախից փախստականների աջակցությանը և հատկացնում 5 միլիոն եվրո

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ակնկալում է հայ փախստականների զանգվածային արտագաղթ Լեռնային Ղարաբաղից ու կոչ արել Եվրամիության երկրներին պատրաստվել նրանց աջակցություն ցուցաբերելուն։ Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է տարածաշրջանի համար 5 միլիոն եվրո մարդասիրական օգնության հատկացման մասին: Այդ մասին ասվում է Հանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին։

«Մենք պետք է պատրաստ լինենք աջակցել նրանց, ովքեր որոշել են հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Մենք զգալիորեն ընդլայնում ենք մեր մարդասիրական օգնությունը: Մենք 5 միլիոն եվրո ենք հատկացնում, որպեսզի օգնություն տրամադրենք այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը։ Ընդ որում, այդ գումարը ներառում է 500 000 եվրո հրատապ աջակցությունը, որի մասին հայտարարվել էր նախորդ շաբաթ և 4,5 միլիոն եվրո նոր հատկացումը, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց ու մարդկանց, որոնք շարունակում են բնակվել այնտեղ։

Բացի այդ, Հանձնաժողովը մարդասիրական հարցերով փորձագետ կուղարկի տարածաշրջան։

Վերջինիս փոխանցմամբ՝ «Լեռնային Ղարաբաղից ակնկալվում է մարդկանց զանգվածային հեռացում»։ Եվրոպական այս կառույցի տվյալներով՝ 13,5 հազար մարդ արդեն իսկ հատել է հայկական սահմանը։

Եվրոպական հանձնաժողովը նշել է, որ մտադիր է փախստականներին մարդասիրական օգնությունը բաշխել տարածաշրջանում իր գործող մարդասիրական կազմակերպությունների միջոցով։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները Գերմանիայի, Ֆրանսիայի ու Եվրամիության դիվանագետների հետ։ Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ խորհրդի ներկայացուցիչները դեռևս հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ այս բանակցությունների առնչությամբ։ 

Լուսանկարը՝ REUTERS/Yves Herman/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter