HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երևանն ու Բաքուն հետաքրքրված են Գրանադայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմամբ. Եվրոպական խորհուրդ

Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրություն են հայտնել հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում, Եվրոպական քաղաքական համայնքի III գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել երկու երկրների առաջնորդների հանդիպում։ Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։

Հիշեցնենք, որ Եվրոպական միությունը կազմակերպել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ու Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումները Եվրամիության, Գերմանիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, եզրափակիչ փաստաթղթում նշվում է, որ հանդիպմանը ԵՄ-ն ներկայացրել են Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականներ Սայմոն Մորդյուն և Մագդալենա Գրոնոն։ Ֆրանսիան ու Գերմանիան էլ ներկայացրել են Էմանուել Մակրոնի ու Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդականները։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը։ Հանդիպմանն ավելի ուշ միացել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման մասնակիցները ինտենսիվ մտքերի փոխանակում են իրականացրել Գրանադայում հնարավոր հանդիպման շուրջ, որը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։ «ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական կազմակերպությունների և իրավապաշտպանների համար թափանցիկության և հասանելիության, ինչպես նաև Ադրբեջանում Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ Բաքվի տեսլականի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ՝ ընդգծվելով, որ ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում ղարաբաղահայությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանների սահմանազատման, անվտանգության, կապի, մարդասիրական խնդիրների, ինչպես նաև խաղաղության հնարավոր պայմանագրի մասին հարցեր։ «ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի կողմից միմյանց տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանը իրենց հանձնառությունը հրապարակայնորեն հաստատելու համար՝ ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- նշվում է հաղորդագրության վերջում։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter