
Ալիևը Բլինքենին վստահեցրել է, որ չեն լինի ռազմական գործողություններ
Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բացի կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունից, հեռախոսազրույցին իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը՝ հայտարարելով, որ Ալիևը Բլինքենին վստահեցրել է, որ այլևս ռազմական գործողություններ տեղի չեն ունենա։
«Ես կարող եմ ասել, որ Պետքարտուղարն այսօր կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների դադարեցման, քաղաքացիական անձանց անվերապահ պաշտպանության և ազատ տեղաշարժի ապահովման, Լեռնային Ղարաբաղ անարգել մարդասիրական մուտքի ապահովման հրատապ անհրաժեշտությունը: Եվ ես կարող եմ ասել՝ պետքարտուղարն էլ նշել է, որ նախագահ Ալիևը հայտարարել է՝ հետագա ռազմական գործողություններ չեն լինելու, ու մենք ակնկալում ենք, որ նա դա կկատարի: Նա նաև ասաց, որ կհամաձայնի դիտորդական առաքելության ուղարկմանը, և մենք ակնկալում ենք, որ նա դա էլ կկատարի»,- հայտարարել է Միլերը։
Հեռախոսազրույցի վերաբերյալ Պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենը Ալիևին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրամադրել երաշխիքներ, որ նրանք կարող են ապահով ապրել իրենց տներում ու նրանց իրավունքները պաշտպանված կլինեն: «Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին լայն համաներում իրականացնել և թույլ տալ միջազգային դիտորդական առաքելությանը այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև նշել է նախագահի հրապարակային հանձնառությունը՝ օգնելու ապագա կառուցել Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների համար՝ խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված»,- նշվում էր հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել