Միջազգային մեդիայի անդրադարձը Արցախին․ Հայաստանը թերանում է տեղեկատվական մրցավազքում
«Մենք չենք կարողացել ապահովել Հայաստանից այլ լեզուներով որակյալ տեղեկատվություն»,- ասում է «Ալիք Մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանը, որի հետ խոսել ենք միջազգային մամուլում Հայաստանի և Արցախի վերաբերյալ նյութերի կարևորության և այդ հարցում Հայաստանի պետական մարմինների թերացումների մասին:
BBC, Al Jazeera, France 24, Deutsche Welle լրատվամիջոցները աշխարհում առաջատարներից են և հասարակական կարծիքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն: Արցախի վերաբերյալ հոդվածներ գրելիս նրանք խուսափում են տեղանունները միանշանակ նշել: Օրինակ՝ Ստեփանակերտ անվանումը օգտագործելիս նշում են նաև, որ ադրբեջանցիները այն անվանում են Խանքենդի կամ` հակառակը։ Հայաստանյան մամուլը արցախահայության՝ դեպի Հայաստան ներհոսքը բնութագրելու համար օգտագործում է «բռնի տեղահանվածներ» եզրույթը, իսկ միջազգային մամուլը հիմնականում՝ «փախստականներ» եզրույթը։
Ադրբեջանի գործողությունները բնութագրելու համար այս ԶԼՄ-ները հիմնականում օգտագործել են «հրետակոծություն», «վիճելի շրջանների գրավում», «ռազմական գործողություն» և նմանատիպ արտահայտություններ՝ որոշ դեպքերում նշելով, որ ադրբեջանցիներն այն անվանում են «հակաահաբեկչական գործողություն»։
«Տեղանունների մասով սա ամենացավոտ հարցերից է, որ հենց հիմա է տեղի ունենում։ Ադրբեջանցիներն ակտիվորեն տարածում են, որ այլևս Լեռնային Ղարաբաղ մի ասեք, օգտագործում են նաև քաղաքների իրենց անվանումները։ Մենք փորձում ենք բնականաբար Ստեփանակերտը հստակեցնել։ Տերմինները, իհարկե, առանցքային են, բայց դրանք առավելապես իրավաքաղաքական հատվածին են վերաբերում՝ կարծիքի ձևավորման տեսանկյունից։ Քչերն են խորանում տերմինաբանության մեջ, որ հենց դրան են ուշադրություն դարձնում։
Հայաստանը, առաջին հերթին, ինքը պետք է հասկանա, թե Արցախից դուրս եկող քաղաքացիներին ինչպես է անվանելու. օրինակ՝ «փախստականներ», «բռնի տեղահանվածներ», թե «ժամանակավոր տեղահանվածներ»: Այնպես, ինչպես Եվրամիությունն է անում Ուկրաինայի պարագայում՝ օգտագործելով «ժամանակավոր փախստականներ» ձևակերպումը, որպեսզի հստակեցնի՝ նրանք վերադառնալու են ինչ-որ պահի։ Այս հարցի շուրջ ՀՀ-ն մինչ այս պահը չի հստակեցրել, թե ինչպես է անվանելու Արցախից Հայաստան տեղափոխվածներին, որովհետև սրանից է կախված, թե հետո, օրինակ՝ միջազգային դատարաններում Հայաստանի դատական հայտերը ինչ տրամաբանությամբ են կառուցվելու»,- ասում է Արսեն Խառատյանը։
Սեպտեմեբրի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, նրանք պետական մակարդակով անմիջապես սկսեցին հաղորդագրություններ տարածել, իսկ հայաստանյան և արցախյան կողմերը ժամանակային առումով զիջեցին ադրբեջանական կողմին։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ միջազգային լրատվամիջոցները իրենց լուսաբանման մեջ հաշվի են առել բոլոր կողմերի կարծիքները իրավիճակի հետ կապված։
«Մենք չենք կարողացել ապահովել Հայաստանից այլ լեզուներով որակյալ տեղեկատվություն՝ առնվազն ռուսերենով ու անգլերենով, օրինակ՝ «Ամերիկայի ձայնի» կամ «Սպուտնիկի» հայկական տարբերակ։ Վրաստանը հանրային հեռուստաընկերության մակարդակով ունի հինգ լեզուններով հաղորդաշարներ, նաև՝ ռուսերենով, որովհետև Ռուսաստանի հետ խնդիր ունի, անգլերենով՝ որակյալ տեղեկատվություն ապահովելով։ Սա մի բան է, որը պետք է օր առաջ արվի, որովհետև Հայաստանի և Արցախի հետ կապված նարատիվները այլ լեզուներով շատ ավելի ակտիվ և արդյունավետ են օգտագործվում։ Այս պահին շատ կարևոր է լայնորեն լուսաբանել հայկական դիրքորոշումները տեղի ունեցողի վերաբերյալ՝ կարծիք ձևավորելու տեսանկյունից։ Կա խնդիր նաև պետական մեքենայի աշխատանքի հետ, ռազմավարական կոմունիկացիան կարևոր առանցքային հատված է, նաև պետական համակարգի դիրքորոշումները ու մոտեցումները հնարավորինս հասանելի դարձնելը։ Ցավոք, կրկին տեսանք, որ մի հոգի է խոսում, այսինքն՝ ամեն ինչ կանգնած է մինչև այն պահը, երբ երկրի վարչապետը դուրս չի եկել ինչ-որ հայտարարություն արել, և երկրի վարչապետի հայտարարություններից հետո է, որ միջազգային մամուլը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Մենք, կարծես թե, անընդհատ վնասի կառավարման մեջ ենք, անվերջ դրանով ենք զբաղվում մեդիա տիրությում հայտնվող տեղեկատվության հետ աշխատելիս։ Նախահարձակ չենք լինում, նախնական ինֆորմացիան մենք չենք տալիս, երեկվա պայթյունը (Արցախում բենզինի պահեստի պայթյունը- խմբ.) նույն իրավիճակն է։ Եզակի դեպքերից է, որ Առողջապահության նախարարությունն առաջինը հայտարարեց, որ ուղղաթիռներ ենք ուղարկում։ Պետական մարմինների խոսնակները պետք է ամենաինտենսիվ կերպով աշխատեն մամուլի միջոցների հետ, հստակ ինֆորմացիա տրամադրեն»,- ասում է Արսեն Խառատյանը։
Մեկնաբանել