
Լինել գործազուրկ իրավաբան, թե պահանջված խառատ կամ ինժեներ-մեխանիկ
Խոհարարություն, սպասարկման և ՏՏ ոլորտ. սրանք են Հայաստանում այսօր ամենշատ պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Այս եզրակացությանն է հանգել «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը` համադրելով տարբեր հետազոտությունների արդյունքներն ու իրենց փորձը:
Իսկ ամենամոդայիկ մասնագիտությունների հնգյակը` իրավագիտություն, տնտեսագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ), դիզայներություն, լեզուներ, վերջին շրջանում գրեթե փոփոխության չի ենթարկվել, հակառակ որ դրանց պահանջարկը Հայաստանի նման փոքր երկրում երբեք մեծ ծավալների չի հասել:
Այս պարադոքսը Հայկուհի Գևորգյանը բացատրում է նաև այն հանգամանքով, որ հանրակրթական դպրոցներից սկսած մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ չեն տարվում, լավագույն դեպքում այցելում են դպրոցներ ինչ-որ բուհերի ներկայացուցիչներ և առաջարկում սովորել իրենց բուհում, որն ուղղակի սովորական գովազդ է, ոչ ավելին: Նույնիսկ իրենց մասնագիտության հարցում կողմնորոշված երիտասարդները հաճախ սթրես են ապրում դպրոցական վիճակից բուհ տեղափոխվելու և այլևս ուսանող լինելու փաստի առիթով, իսկ բուհն ավարտածները երկար ժամանակ չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենք ոչ թե սովորականի պես սովորելու են, այլ աշխատելու:
Գործատուների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի կարծիքով` «դիպլոմավոր գործազուրկներ» չունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի գործատուները ներգրավվեն բուհերի կառավարման խորհդի կազմում. ներկայումս խորհուրդներում ներգրավված մեկական գործատուի և արհմիության ներկայացուցչի ձայնն ուղղակի լսելի չէ:
Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ տնտեսության ռեալ սեկտորը բանվորական և միջին մասնագիտական կադրերի կարիք ունի: «Խառատի, փականագործի, ֆրեզերագործի, ինչպես նաև շինարար-ինժեների, ինժեներ-մեխանիկի պահանջարկ շատ կա, այս մասնագիտություններում կադրերի ծերացում է նկատվում, սակայն գրեթե բոլոր բուհերում պատրաստում են մեծ թվով իրավաբաններ ու տնտեսագետներ, որոնց առաջարկը շուկայում մի քանի անգամ գերազանցում է պահանջարկը»,- ասաց Է. Կիրակոսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել