HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա». Նիկոլ Փաշինյան

«Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,- այս մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են. «Բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ՝ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ դե, մենք դատապարտել ենք»,- ասաց նա։

Փաշինյանի հավաստմամբ՝ եթե դատապարտման մասին հայտարարութուններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնելու ակտեր։

«Ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանը, մեր այսօրվա առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները»,- նշեց նա։

Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին խնդրեց ներկայացանել այս պահի վիճակագրությունը ԼՂ-ից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների մասին։

Փոխվարչապետը հայտնեց, որ ժամը 10.00-ի դրությամբ՝ բռնի տեղահանվածների քանակը 66 500 է։

«Սեպտեմբերի 24-ին և 25-ին տեղահանվել էր ընդհանուր 9000 մարդ։ Միայն ամսի 26-ին տեղահանվածների քանակը 22 800 է եղել, իսկ երեկ՝ 26 600։ Այս գիշեր՝ ժամը 12.00-ից մինչև առավոտյան 10.00-ն, տեղահանվածների քանակը կազմել է 8100։

Ինտենսիվությունը, որով նրանք շարունակում են անցնել անցակետը, շարունակում է մնալ նույնը»,- նշեց փոխվարչապետը։

Տիգրան Խաչատրյանը խնդրեց տեղահանվածներին որոշակի ըմբռնումով մոտենալ այն իրավիճակին, որ գուցե ոչ բոլորին են միաժամանակ առաջարկվում այն պայմանները, որոնք իրենց համար նախընտրելի կհամարվեն։

«Այս մեծ հոսքի պայմաններում շատ դժվար է այդպիսի օպերատիվ կառավարումը»,- նշեց նա։

Խաչատրյանը խնդրեց, որ այն, ինչ առաջարկվում է այս օրերին, ընդունել որպես տրված հնարավորություն, որպեսզի օրվա խնդիրը կարգավորեն։

Բացի այդ, ըստ փոխվարչապետի, առաջիկայում աջակցության ծրագրեր կլինեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված թոշակառուները Հայաստանում կշարունակեն ստանալ իրենց թոշակները։

Փաշինյանը նաև արձանագրեց, որ Լաչինի միջանցքի անցակետում և մինչև անցակետը Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալություններ են տեղի ունենում։

«Մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլեր ձեռնարկեն` կամայական ձերբակալված անձանց իրավունքները միջազգային ատյաններում պաշտպանելու համար։ Սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչև այդ հարցերը հասցեագրված չեն պատշաճ ձևով»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքով Սյունիքի մարզ անցնելիս Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրան տեղափոխել են Բաքու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter