
Պեսկովը «թշնամական քայլ» է անվանում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ Հայաստանի որոշումը Ռուսաստանի նկատմամբ «թշնամական քայլ» է անվանել։
«Այդ որոշումները մեզ համար չափազանց թշնամական են»,- TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Հայաստանը շատ լավ գիտի, որ մենք դրա (Հռոմի ստատուտի, խմբ.) մասնակից չենք, և Հայաստանը շատ լավ գիտի (Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր տալու մասին, խմբ.) այդ դժվար տեղավորվող որոշումը, որն ընդունվել է այդ ստատուտի հիման վրա։ Մենք գիտենք, որ Երևանին այդ մասին շատ լավ հայտնի է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ Հայաստանի որոշումը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք առաջիկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում էր այցելել Հայաստան, Պեսկովը բացասական է պատասխանել։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Նա, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, մեղադրվում են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման մեջ։
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը թեժ քննարկումների պատճառ է դարձել Մոսկվայի և Երևանի միջև։ Հայկական կողմը պնդում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը լիարժեք հնարավորություններ կտա Հայաստանին՝ օգտվելու Միջազգային քրեական դատարանի իրավասություններից ու որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Մոսկվան խնդիրը տեսնում է նրանում, որ վավերացնելով Հռոմի ստատուտը, Երևանը ստիպված կլինի ձերբակալել Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ժամանի Հայաստան։
Լուսանկարը՝ AFP/File Photo
Մեկնաբանել