HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եռաբլուրում հուղարկավորեցին սեպտեմբերի 19-ին զոհված 3 զինծառայողի (ֆոտոպատմություն)

Եռաբլուրում կրկին հուղարկավորություն է։ Հողին են հանձնում 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախում զոհված 3 զինծառայողների՝ Մասիս Սամվելի Միքայելյանին (ծնվ.՝ 2000թ.), կապիտան Սասուն Դավիթի Ասրյանին (ծնվ.՝ 1997թ.) և Վահե Սարուխանի Մամունցին (ծնվ.՝ 2001թ.)։

Երեքն էլ Արցախում պայմանագրային զինծառայողներ էին։ 44-օրյա պատերազմից հետո նրանց ծնողները Հայաստան էին տեղափոխվել, իսկ զինծառայողները՝ մնացել Արցախում։ Շուրջ 9 ամիս տևած շրջափակման պատճառով ծնողներն իրենց որդիների հետ մինչև հիմա չէին հանդիպել։

Գայանե Միքայելյանը սեպտեմբերի 19-ին` մեկ օրվա ընթացքում, կորցրել է ամուսնուն՝ Սասուն Ասրյանին, և եղբորը՝ Մասիս Միքայելյանին։

Սասունը Հադրութի շրջանի Ազոխ գյուղից է եղել։ Համագյուղացիները նույնպես եկել են նրանց հուղարկավորությանը։ Պատմում են, որ 1992թ․ Սասունի հորեղբայրն էլ է զոհվել, անունը` կրկին Սասուն. «Էս ինչ ցավ ա իրանց համար»,- ասում են նրանք։

Փոքր-ինչ հեռու 2-ամյա Արամեն խաղում է՝ գետնին թափված ջրի մեջ ոտքերը ճպճպացնելով։ Արամեն Սասունի որդին է։

Սասուն Ասրյանը և Մասիս Միքայելյանը զոհվել են սեպտեմբերի 19-ին Մարտակերտում, Սասունը՝ անօդաչու թռչող սարքի հարվածից, Մասիսը՝ դիպուկահարի կրակոցից։

Վահե Մամունցն էլ Քարվաճառից էր։ 44-օրյա պատերազմից հետո Վահեի ընտանիքը Հայաստան էր տեղափոխվել, իսկ ինքն ապրում էր Ստեփանակերտում տատիկի և քեռու ընտանիքի հետ։ Վահեն սովորում էր Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, միևնույն ժամանակ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող էր։

Նախորդ պատերազմներում զոհվածների հարազատները մի պահ կանգնում են եկեղեցու հարակից տարածքում, որտեղ դրված են զինծառայողների դագաղները, նայում են նրանց ծնողներին ու ասում. «խեղճ մայրեր»։

Եկեղեցու հարակից տարածքը դատարկվում է, զոհվածների հարազատները գնում են նոր լցված հողաթմբերի մոտ: Տարածքում մի պահ լռություն է։ Կրկին լացի ձայն է լսվում. ևս 4 հոգու են բերում:

Եռաբլուրի ներքևի հատվածում, որտեղից արդեն ճանապարհն է երևում, նոր փոսեր են: Դրանցից մի քանիսը դեռ դատարկ են։ Այսօր այդտեղ էլի 4 հոգու կհուղարկավորեն, վաղը՝ ևս 3-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter