
Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան
Հոկտեմբերի 1-ից բռնի տեղահանված արցախցիները բնակության և կոմունալ ծախսերը հոգալու համար ամսական 50 հազար դրամ կստանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր:
Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար:
Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից: Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:
Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ: Վաղը Հումանիտար կենտրոնի` ժամը 12:00-ի եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների խնդիրները կշարունակեն գտնվել մեր շարունակական ուշադրության կենտրոնում»,- գրել է Փաշինյանը:
Մեկնաբանել