«Հանրային ձայնը» չի բոյկոտի ավագանու առաջին նիստը
«Հանրային ձայն» կուսակցության փաստացի առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ չի միանալու «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի՝ Երևանի ավագանու առաջին նիստը բոյկետելու նախաձեռնությանը։
Միջազգային հետախուզման մեջ գտնվող Ղուկասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջերից մեկով ուղիղ եթերում հայտարարել է, որ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ավագանիները չեն բոյկոտի հոկտեմբերի 10-ին սպասվելիք ավագանու անդրանիկ նիստը։ Այդ որոշումը Վարդան Ղուկասյանը պայմանավորել է Հայաստանի անվտանգային իրավիճակով և նշել, որ այս փուլում չպետք է թույլ տալ, որ ավագանու նոր ընտրություններ անցկացվեն։
Ավելի վաղ «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու առաջին համար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ պատրաստվում են բոյկոտել ավագանու անդրանիկ նիստը։ Նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև «Մայր Հայաստան» դաշինքը։ Եթե այս ուժերի կոչին միանար «Հանրային ձայն» կուսակցությունը և բոյկոտեր ավագանու առաջին նիստը, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանիները կոալիցիա կազմելու դեպքում էլ չէին կարողանա քաղաքապետ ընտրել, քանի որ քվորման խնդիր կառաջանար։ Այդ պայմաններում Երևանի ավագանու նոր ընտրություններ պետք է նշանակվեին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախորդ շաբաթ հաստատել է Երևանի ավագանու կազմը։
Մեկնաբանել