
Հայտնի չէ, թե բռնի տեղահանված քանի արցախցի է Երևանում կացարան գտել
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության հումանիտար կենտրոնից ներկայացրին Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
Ժամը 15-ի դրությամբ Հայաստան են ժամանել 100 հազ. 520 բռնի տեղահանված արցախցիներ։ Թվերը գրեթե չեն փոփոխվում, քանի որ հոսքը դադարել է և Արցախում մնացել են պաշտոնատար անձիք և բնակչության քիչ մասը:
Բռնի տեղահանվածներից հաշվառվել են 89 հազ. 167-ը: Արմեն Ղազրյանի փոխանցմամբ՝ նրանցից 46 հազ. 139-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 43 հազ. 28-ը՝ արական: 65 տարեկանից բարձր քաղաքացիների թիվը 10 հազ. 700-ից ավելին է, իսկ մինչև 18 տարեկան երեխաները՝ շուրջ 27 հազար:
Հաշվառման ժամանակ 2000 անձից ավելին ունեցել է հաշմանդամություն, իսկ 230 կին եղել է հղի: Հաշվառված քաղաքացիներից կեսից ավելին՝ մոտ 45 հազար մարդ, ժամանել է Ստեփանակերտից, իսկ մյուսները՝ Արցախի այլ բնակավայրերից:
Արմեն Ղազարյանը նշեց, որ չունեն կոնկրետ տվյալ, թե քանի հաշվառված անձ է առանց անձը հաստատող փաստաթղթերի եկել: Ասաց, որ անձնագրային բաժիններում իրականացվում է նույնականացում և ընդունում են դիմումներ՝ անձը հաստատող փաստաթղթերը վերականգնելու համար:
Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին մարզերում կացարանով ապահովելու տվյալները հայտնի են, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարբերաբար հրապարակում է ըստ մարզերի պետության կողմից արցախցիներին կացարանով ապահովելու վերաբերյալ տվյալներ: Սակայն հայտնի չէ, թե քանի անձ է տեղավորվել Երևան քաղաքում: Պետական մարմիններն առայժմ տվյալներ չունեն: Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնեցին, որ իրենք ունեն միայն հաշվառվածների վերաբերյալ տվյալներ: Այսինքն՝ քաղաքացին հայտնել է, որ Երևանում է ապրելու, սակայն հայտնի չէ՝ իրականում Երևանում ապրում է, թե ոչ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Հետք»-ին հայտնում են, որ նախարարությունը որևէ տեղահանվածի Երևանում կացարանով չի ապահովել, հետևաբար այդ մասով վիճակագրություն չեն վարում:
Երևանի քաղաքապետարանից փոխանցում են, որ իրենք նույնպես տվյալներ չունեն: Իսկ աշխատաքի և սոցիալական հարցերի նախարարությունը միայն կարիքների գնահատում է իրականացնում, որը չի արտացոլում բնակեցման պատկերը:
Մեկնաբանել